Հաջողության գաղտնիքներ

Ինչպես գործը տեղից շարժել

Խոսքը մանր մունր գործերի մասին չէ: Խոսքը գետնից փոքր քար վերցնելու և նետելու մասին չէ: Խոսքը այնպիսի գործերի մասին է, որոնք Ձեզ թվում է, որ անհնար է անել: Խոսքը նկարում պատկերված ժայռը գլորելու մասին է:

Ժայռը գլորելու համար որոշ մարդիկ գալիս, կանգնում են ժայռի մոտ և գոռում. «Ժայռ, գլորվի՛ր»: Նրանց թվում է, որ իրենք կարող են ոչինչ չանել և ժայռն ինքն իրեն պետք է գլորվի: Ոմանք էլ թափ են հավաքում, հեռվից վազելով գալիս ու թռնում են ժայռի վրա` կարծելով, որ այդ հարվածից այն կգլորվի: Բայց այդ մարդիկ միայն իրենց են վնասում և վնասվածքներից հետո այլևս չեն շարունակում: Իսկ ի՞նչ կանեիք դուք, եթե ուզենայիք ժայռը գլորել:

Կգտնեիք մարդկանց, որոնք Ձեզ կօգնեին: Դժվար է ժայռը միայնակ գլորել, դա պետք է մի քանի հոգով անել: Պետք է կարողանալ բաշխել պարտականությունները, գտնել մարդկանց, որոնք պատասխանատու են գործի առանձին մասերի համար: Պետք չէ ողջ ծանրությունը սեփական ուսերին վերցնել: Գործի առանձին կտորի վրա կենտրոնացած ուղեղն ավելի լավ է աշխատում, քան ընդհանուր գործի վրա կենտրոնացածը: Բայց դուք պետք է գտնեք այնպիսի մարդկանց, որոնք շարժվում են նույն ուղղությամբ: Այսինքն, ժայռը հնարավոր չի լինի գլորել, եթե երեք հոգի մի կողմից հրեն, երեքը` հակառակ: Եթե կա թիմ, թիմը պետք է ունենա հստակ, ընդհանուր ուղղություն, այլապես գործը տեղից չի շարժվի:

Կօգտագործեիք լծակներ: Դժվար է ժայռը մերկ ձեռքերով հրել: Եթե այդ ժայռը իվիճակի են հրել 15 զույգ մարդկային ձեռքեր, ապա ճիշտ տեղում դրված և ճիշտ օգտագործված ընդամենը երեք լծակները կարող են նույն գործը անել: Կյանքում կան շատ գործիքներ, որոնք կարելի է օգտագործել, բայց մարդիկ հաճախ որոշում են ամեն ինչ սեփական ձեռքերով անել: Բայց նույնիսկ, եթե դա Ձեզ մոտ ստացվում է, ինչ որ պահի դուք հաստատ կհոգնեք:

Կսկսեիք ժայռը տատանել: Ժայռը միանգամից չի գլորվի: Սկզբում դուք այն մի փոքր շարժում եք և այն սկսում է տատանվել: Ապա դուք ևս ճիգեր եք գործադրում և այն սկսում է ավելի ուժեղ տատանվել: Դուք ևս մի քանի ճիգ եք գործադրում և վերջ` ժայռը սկսում է իր թափի տակ առաջ շարժվել: Դուք այլևս անելու բան չունեք: Ձեր փոքրիկ ճիգերը, որոնք դուք անընդհատ անում էիք, տատանեցին ժայռը, պոկեցին այն տեղից և ժայռն ինքն իրեն սկսեց գլորվել:

Ժայռի սկզբունքը կիրառեք Ձեր կյանքում` ցանկացած գործի դեպքում: Գտեք մարդկանց, որոնք կարող են Ձեզ օգնել, օգտագործեք համապատասխան գործիքներ և գործի ուղղությամբ անընդհատ ճիգեր գործադրեք, որոնք գնալով մեծացրեք: Մի կանգնեք տեղում և սպասեք, որ ամեն ինչ ինքն իրեն կլինի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»