Հաջողության գաղտնիքներ

Լեոնարդո Դա Վինչիի «ինչո՞ւ»-ները

Լեոնարդո Դա Վինչիի սկզբունքը կայանում էր անընդհատ հարցեր տալու մեջ՝ «ինչպե՞ս», «ինչո՞ւ»: Լեոնարդո Դա Վինչին, մյուս բոլոր երեխաների պես, մեծանում էր հետաքրքրասեր: Բայց ի տարբերություն մեզ՝ հասարակ մարդկանց, այդ հետաքրքրասիրությունը նրա մոտ երկար մնաց: Իսկ մենք, մեծանալուն զուգընթաց, կորցնում ենք հետաքրքրասիրությունը: Մեզ ավելի շատ սկսում են հետաքրքրել պատասխանները, այլ ոչ թե հարցերը: Մեզ մոտ այլևս չի զարգանում ցանկացած անորոշության և երկակիության մեջ հաճույք տեսնելու ունակությունը: Մենք դադարում ենք հարցեր տալ: Բայց հարցեր տալով է հաճախ հնարավոր ցանկացած խնդիր լուծել, զարգանալ, աճել: Այդ հարցերը պետք է լինեն անընդհատ և դրանք պետք է լինեն ճիշտ հարցեր: Հաճախ ընդամենը փոխելով հարցի ձևակերպումը՝ հնարավոր է ստանալ լուծումը:

Դրա հիանալի օրինակը բերում է հոգեբան Մարկ Բրաունը: Նա գրում է, թե ինչպես ընդամենը մեկ ճիշտ հարցը ի վիճակի եղավ փոխել մարդկանց ամբողջ համայնքների ապրելակերպը: Քոչվոր ցեղերի ողջ կյանքը ժամանակին պտտվում էր հետևյալ հարցի շուրջ. «Ինչպե՞ս հասնել ջրին»: Բայց երբ նրանք սկսեցին այլ հարց տալ. «Ինչպե՞ս անել, որ ջուրն ինքը գա մեզ մոտ», նախկին քոչվորները դարձան նստակյաց և ձևավորվեց մարդկային նոր մշակույթ: Կամ մեկ այլ օրինակ: Որոշ մարդիկ սիրում են մտածել հետևյալ փիլիսոփայական հարցի շուրջ. «Ո՞րն է կյանքի իմաստը»: Բայց ավելի պրակտիկ փիլիսոփաները տալիս են հետևյալ հարցը. «Ինչպե՞ս դարձնել մեր կյանքն ավելի իմաստալից»: Հասկանո՞ւմ եք տարբերությունը: Անհրաժեշտ է հարցերը ճիշտ ձևակերպել, բայց ամենակարևորը՝ անհրաժեշտ է շարունակել այդ հարցեր տալ, որոնել, պրպտել, հետաքրքրվել: Այդպես դուք Ձեզ համար նոր բացահայտումներ կանեք և նոր արդյունքների կհասնեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»