Խոսքը վերաբերվում է պարապությանը: Այսինքն, գալիս են պահեր, երբ իրոք չես կարողանում ինչ-որ բան անել, չես կարողանում կենտրոնանալ և ոչ էլ կարողանում ես հասկանալ. «Ի՞նչ անեմ հիմա, որ ժամանակս չսպանեմ»: Այդ պարապությունից սկսում ես նյարդայնանալ, սպասում ես, որ ժամանակն անցնի, որպեսզի ինչ-որ բան փոխվի: Բայց ժամանակն անցնում է և ոչինչ էլ չի փոխվում: Ի՞նչ անել:
Գիրք կարդացեք: Նման անհասկանալի պահերին լավագույն զբաղմունքներից մեկը գիրք կարդալն է: Գիրքը և՛ օգտակար է և՛ դրա վրա պետք չէ հատուկ կենտրոնանալ, ուղղակի բացում ես և կարդում: Գրքին կարող են փոխարինել նաև հոդվածները համացանցում: Ես հենց այդպես էլ անում եմ: Երբ ինչ-որ պահերի չեմ հասկանում, թե ինչով կարելի է զբաղվել, ուղեղումս խառնաշփոթ է, բացում եմ իմ սիրած թեմաներով արտասահմանյան այլ կայքեր և սկսում եմ կարդալ: Այդ ընթացքում մոտս նոր մտքեր են ծնվում, մոտիվացիաս վերադառնում է և որոշ ժամանակ անց ես կրկին առույգ եմ դառնում՝ գլուխս լի նոր մտքերով:
Քնեք: Եթե դուք պարապությունից չգիտեք ինչ անեք, ապա շատ հավանական է, որ Ձեր ուղեղն ուղղակի հոգնել է: Այսինքն, դուք ոչ թե անելու բան չունեք, այլ այդ պահին Ձեր ուղեղը չի կարողանում կենտրոնանալ և ինչ-որ բան գտնել: Այդ դեպքում, եթե գտնվում եք տանը կամ այլ վայրում, որտեղ հնարավոր է մի քիչ քնել, գնացեք և քնեք: 1 կամ 2 ժամից, երբ դուք զարթնեք, դուք արդեն առույգ կլինեք և կհասկանաք, թե ինչով կարելի է զբաղվել:
Զբոսնեք: Գաղտնիք չէ, որ մաքուր օդին զբոսանքն ու թեթև քայլքը թարմացնում են մարդուն և հանգստացնում են նրա ուղեղը: Եթե դուք տվյալ պահին ինչ-որ բանով եք զբաղվում, օրինակ նստած եք համակարգչի դիմաց, բայց հասկանում եք, որ ոչինչ չեք անում, այլ ուղղակի նստած նայում եք էկրանին, մի շարունակեք այդպես նստել: Դուրս եկեք սենյակից: Եթե հնարավորություն կա, դուրս եկեք փողոց: Մի մտածեք նրա մասին, թե ինչ էիք անում քիչ առաջ, այլ ուղղակի վայելեք մաքուր երկինքը, օդը, քամին, շրջապատի բնությունը: Որոշ ժամանակ այդպես անցկացրեք և կրկին վերադարձեք Ձեր գործին:
Եվ վերջում, եթե Ձեզ մոտ այնպես է ստացվում, որ հաճախ են լինում դեպքեր, երբ դուք չգիտեք, թե ինչ անեք, ապա Ձեր կյանքում ինչ-որ բան պետք է փոխել:
Շնորհակալություն հոդվածի համար:իրոք հետաքրքիր էր, նույնիսկ ավելի լավ կլիներ, եթե կետերը մի քիչ շատ լինեին:բայց դա չի նշանակում, որ հոդվածը լավը չէ:Մի խոսքով
Շնորհակալույթուն, շատ հավանեցի:
Շատ հետաքրքիր ու օգտակար հոդված էր Լուկա ջան, բայց իմ մոտ միշտ հակառակ դեպքն է` այնքան բան եմ պլանավորում օրվա ընթացքում, որ հաճախ առաջանում է խառնաշփոթ ու մեծամասնությունն էլ չեմ հասցնում կատարել:
Գայանե ջան, անկախ ամեն ինչից, դա շատ լավ է, որ օրվա ընթացքում այդքան բան կա անելու: Իսկ չհասցնելու պահով, անձնական խորհուրդ՝ անկախ թե գործերը ինչքան շատ են, մինչև մեկը չեք վերջացնում, մյուսին մի անցեք, ինչքան էլ բոլորը կարևոր լինեն: Փորձեք կենտրոնանալ մեկի վրա ու փորձեք գործերը գրել թղթի վրա:
Շատ շնորհակալություն խորհրդի համար Լուկա ջան: Այս պահին շատ օգտակար ու տեղին է այն: Ինձ մոտ կիսատ գրեթե միշտ մնում են երբեմն շատ անհրաժեշտ, բայց ոչ հաճելի գործեր: Բայց, այնուամենայնիվ կփորձեմ հետևել Ձեր խորհրդին:
Ես հենց նոր, փաստորեն արեցի առաջինը ու հիմա իրոք ավելի մոտիվացված եմ գործիս /պարապելուն/ վերադառնալու: Շնորհակալություն:)
Քեզ էլ շնորհակալություն Առաքելյան ջան 🙂