Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Օգտակար խորհուրդներ

3 խորհուրդ. ի՞նչ անել, երբ չգիտես, թե ինչ անես

Խոսքը վերաբերվում է պարապությանը: Այսինքն, գալիս են պահեր, երբ իրոք չես կարողանում ինչ-որ բան անել, չես կարողանում կենտրոնանալ և ոչ էլ կարողանում ես հասկանալ. «Ի՞նչ անեմ հիմա, որ ժամանակս չսպանեմ»: Այդ պարապությունից սկսում ես նյարդայնանալ, սպասում ես, որ ժամանակն անցնի, որպեսզի ինչ-որ բան փոխվի: Բայց ժամանակն անցնում է և ոչինչ էլ չի փոխվում: Ի՞նչ անել:

Գիրք կարդացեք: Նման անհասկանալի պահերին լավագույն զբաղմունքներից մեկը գիրք կարդալն է: Գիրքը և՛ օգտակար է և՛ դրա վրա պետք չէ հատուկ կենտրոնանալ, ուղղակի բացում ես և կարդում: Գրքին կարող են փոխարինել նաև հոդվածները համացանցում: Ես հենց այդպես էլ անում եմ: Երբ ինչ-որ պահերի չեմ հասկանում, թե ինչով կարելի է զբաղվել, ուղեղումս խառնաշփոթ է, բացում եմ իմ սիրած թեմաներով արտասահմանյան այլ կայքեր և սկսում եմ կարդալ: Այդ ընթացքում մոտս նոր մտքեր են ծնվում, մոտիվացիաս վերադառնում է և որոշ ժամանակ անց ես կրկին առույգ եմ դառնում՝ գլուխս լի նոր մտքերով:

Քնեք: Եթե դուք պարապությունից չգիտեք ինչ անեք, ապա շատ հավանական է, որ Ձեր ուղեղն ուղղակի հոգնել է: Այսինքն, դուք ոչ թե անելու բան չունեք, այլ այդ պահին Ձեր ուղեղը չի կարողանում կենտրոնանալ և ինչ-որ բան գտնել: Այդ դեպքում, եթե գտնվում եք տանը կամ այլ վայրում, որտեղ հնարավոր է մի քիչ քնել, գնացեք և քնեք: 1 կամ 2 ժամից, երբ դուք զարթնեք, դուք արդեն առույգ կլինեք և կհասկանաք, թե ինչով կարելի է զբաղվել:

Զբոսնեք: Գաղտնիք չէ, որ մաքուր օդին զբոսանքն ու թեթև քայլքը թարմացնում են մարդուն և հանգստացնում են նրա ուղեղը: Եթե դուք տվյալ պահին ինչ-որ բանով եք զբաղվում, օրինակ նստած եք համակարգչի դիմաց, բայց հասկանում եք, որ ոչինչ չեք անում, այլ ուղղակի նստած նայում եք էկրանին, մի շարունակեք այդպես նստել: Դուրս եկեք սենյակից: Եթե հնարավորություն կա, դուրս եկեք փողոց: Մի մտածեք նրա մասին, թե ինչ էիք անում քիչ առաջ, այլ ուղղակի վայելեք մաքուր երկինքը, օդը, քամին, շրջապատի բնությունը: Որոշ ժամանակ այդպես անցկացրեք և կրկին վերադարձեք Ձեր գործին:

Եվ վերջում, եթե Ձեզ մոտ այնպես է ստացվում, որ հաճախ են լինում դեպքեր, երբ դուք չգիտեք, թե ինչ անեք, ապա Ձեր կյանքում ինչ-որ բան պետք է փոխել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Շնորհակալություն հոդվածի համար:իրոք հետաքրքիր էր, նույնիսկ ավելի լավ կլիներ, եթե կետերը մի քիչ շատ լինեին:բայց դա չի նշանակում, որ հոդվածը լավը չէ:Մի խոսքով

  • Շատ հետաքրքիր ու օգտակար հոդված էր Լուկա ջան, բայց իմ մոտ միշտ հակառակ դեպքն է` այնքան բան եմ պլանավորում օրվա ընթացքում, որ հաճախ առաջանում է խառնաշփոթ ու մեծամասնությունն էլ չեմ հասցնում կատարել:

    • Գայանե ջան, անկախ ամեն ինչից, դա շատ լավ է, որ օրվա ընթացքում այդքան բան կա անելու: Իսկ չհասցնելու պահով, անձնական խորհուրդ՝ անկախ թե գործերը ինչքան շատ են, մինչև մեկը չեք վերջացնում, մյուսին մի անցեք, ինչքան էլ բոլորը կարևոր լինեն: Փորձեք կենտրոնանալ մեկի վրա ու փորձեք գործերը գրել թղթի վրա:

  • Շատ շնորհակալություն խորհրդի համար Լուկա ջան: Այս պահին շատ օգտակար ու տեղին է այն: Ինձ մոտ կիսատ գրեթե միշտ մնում են երբեմն շատ անհրաժեշտ, բայց ոչ հաճելի գործեր: Բայց, այնուամենայնիվ կփորձեմ հետևել Ձեր խորհրդին:

  • Ես հենց նոր, փաստորեն արեցի առաջինը ու հիմա իրոք ավելի մոտիվացված եմ գործիս /պարապելուն/ վերադառնալու: Շնորհակալություն:)

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»