Հաջողության գաղտնիքներ

Հաջողության բլոգի ընթերցողներին

Այս հոդվածը ուզում եմ նվիրել Ձեզ` սիրելի ընթերցողներ: Հաջողության բլոգի շուրջ համախմբված են մարդիկ, որոնցից շատերին ես ճանաչում եմ անձամբ: Այդ մարդիկ յուրօրինակ են: Նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ ձգտումներ կամ նպատակներ ունի: Նրանք մարդիկ են, ովքեր չեն սիրում պարապ նստել, այլ ձգտում են ստեղծել և առաջ գնալ: Այդ մարդիկ կյանքին դրական են նայում և համոզված են, որ իրենց կյանքում ամեն ինչ լավ է լինելու: Եվ այդպես էլ կլինի, քանի որ նրանք ուզում են դա: Մեր ընթերցողները ոչ թե այդպիսին են մեր բլոգի շնորհիվ, այլ ուղղակի այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր ունեն նման մտածելակերպ: Ընդամենը պետք էր մի վայր, որտեղ այդ մարդիկ կարող էին իրար հետ շփվել և փոխանցել միմյանց իրենց ոգևորությունը: Եվ դա ստացվում է:

Դա իրոք զարմանալի է: Երբ հանդիպում ես այդ մարդկանց, անընդհատ նույն տպավորությունն է` նրանք բոլորն էլ փնտրտուքների մեջ են, նրանք անընդհատ նոր ուղիներ են փնտրում և ձգտում են իրենց կյանքը լավագույնս դասավորել: Ես շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ նման մարդկանց, քանի որ նրանց շնորհիվ ես լիցքավորվում եմ: Լիցքավորվում եմ դրական էներգիայով և նպատակներին հասնելու նոր համառությամբ: Մեկ մարդը դժվար թե կարողանա ինչ-որ բան փոխել, երկուսը նույնպես, նաև երեքը… բայց երբ նման մարդիկ շատ են, էներգիան տարածվում է շղթայական ռեակցիայի պես: Այդ մարդկանցից ամեն մեկը վարակում է իր կողքը գտնվողներին, նրանք էլ իրենց հերթին իրենց կողքը գտնվողներին և այդպես շարունակ: Ես համոզված եմ, որ մեր ընթերցողներից շատերի պատմությունները ժամանակի ընթացքում կհայտնվեն այս կայքում, քանի որ այդ առաջընթացը ես անընդհատ նկատում եմ. կան կոնկրետ պատմություններ` հաջողության փոքրիկ պատմություններ, որոնք հետագայում կվերաճեն ավելի մեծ պատմությունների: Միշտ մնացեք այդպես, սիրելի ընթերցողներ, և ձգտեք կյանքում Ձեր իրական տեղը գտնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

21 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»