Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մարդկանց հետ շփում

Ոչ կարևոր մարդիկ չկան

Կան երկու տեսակի մարդիկ: Նրանք, որոնց հետ մենք շփվում ենք պարբերաբար, օրինակ մեր հարազատները, հարևանները, ընկերները, գործընկերները և նրանք, որոնց հետ մենք շփվում ենք «մեկ անգամ», օրինակ ծաղկավաճառը, մատուցողը, տաքսու վարորդը, անձնագրային բաժնի աշխատողը և այլն: Սովորաբար մենք չենք շփվում երկրորդ խմբի մարդկանց հետ այնպես, ինչպես առաջինների, քանի որ մտածում ենք, որ նրանք մեր կյանքում ինչ-որ լուրջ դեր չեն խաղալու: Եվ եթե չեն խաղալու, ուրեմն կարելի է չժպտալ, մեզ ծանր պահել, հրամայական տոնով խոսել, մի խոսքով, մեր առավելությունը ցույց տալ:

Հիշեք՝ յուրաքանչյուր մարդ, որը մեր կյանքում հանդիպում է` ԿԱՐԵՎՈՐ Է: Նախ նրա համար, որ նա մարդ է և պետք է այնպես անել, որ նա իրեն լավ զգա: Եվ երկրորդը, ես համոզված եմ, որ ցանկացած մարդ մեր կյանքի վրա ինչ-որ կերպ ազդում է և այնպես չէ, որ տվյալ մարդու հետ մեր ճանապարհը հատվում է միայն մեկ անգամ: Դոնալդ Տրամպն իր գրքերից մեկում պատմում է մի երիտասարդի մասին, ով ուզում էր իր ընկերություն աշխատանքի ընդունվել, սակայն նա այդ երիտասարդին մերժում է: Անցնում են տարիներ և մի օր, երբ Տրամպին շտապ վարկ է անհրաժեշտ լինում և նա գնում է բանկ, բանկի մենեջերը, որից կախված էր վարկի տրամադրումը, այդ նույն երիտասարդն է դուրս գալիս: Պատմության շարունակությունը այդքան էլ կարևոր չէ, ուղղակի կարևորը հասկանալն է, թե ինչպես կարող էին հատվել միլիարդատիրոջ և հասարակ տղայի ճանապարհները:

Հիշում եք հայկական այն հեքիաթները, որտեղ թագավորը դերվիշի շորեր հագած դուրս է գալիս բնակչության մեջ: Նրան ծաղրում են, թերագնահատում, վերևից են նայում, բայց չէ՞ որ նա թագավորն է, ուղղակի այդ մասին ոչ ոք չգիտի:

Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մարդկանց հետ պետք է լավ լինել նրա համար, որ նրանք մի օր Ձեզ «պետք են գալու»: Ո՛չ, դա ուղղակի հետևանք է, որը լինում է նրա արդյունքում, որ դուք գնահատում եք մարդկանց՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐԴՈՒ: Մի հայտնի ասացվածք կա, որը կարելի է ասել մարդկանց հետ շփման ամենագլխավոր գաղտնիքներից է և բոլորս էլ այն գիտենք, բայց շատերն այն չեն կիրառում, քանի որ դրան լուրջ չեն վերաբերվում. «Վարվիր մարդու հետ այնպես, ինչպես կուզես քեզ հետ վարվեն»: Եթե հասկանաք այս ասույթի ողջ ուժը, Ձեր կյանքում շատ բան կփոխվի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Հիանալի հոդված էր հարգելի Լուկա.
    "Վարվիր մարդու հետ այնպես, ինչպես կուզես քեզ հետ վարվեն".
    Շատ ճիշտ է ասված, բայց մարդիկ առօրյայում հաճախ չեն գիտակցում դրա կարևորությունը: Չէ որ կյանքում ամենակարևոր բաներից մեկը շփվել կարողանալն է, միջանձնային հարաբերություններն են: Պետք չէ որ ոքի վերևից նայել. ամեն ինչ փոփոխական է:
    Շատ շնորհակալություն

    • եկեք մարդիկ չասենք էլի, ասենք <<մենք>>, որովհետև ես էլ եմ սխալներ թուլյ տալի, դու էլ, Հրաչն էլ և մյուսներն էլ: Երբ ասում եք <<մարդիկ ….. չեն գիտակցում …, ստացվում ա, որ դուք չեք մտնում դրա մեջ և հետևաբար դուք գիտակցում եք,,, բայց ոչ ոք իդեալական չի, ուստի խնդրում եմ ավելի հաճախ օգտագործենք <<մենք>> դերանունը… ինչ կասեք?,
      կանխավ շնորհակալություն,,,

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»