Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Մարդիկ գնահատում են գործը, երբ այն արված է լինում

Մի անգամ վաղուց, երբ դեռ դպրոցական էի, մեր տան սենյակներից մեկը, որը կարելի է ասել գրադարան է, որոշել էի կարգի բերել: Սենյակի չորս պատերին պահարաններ էին, գրքերը խառը շարված էին դարակների վրա, նաև մի անկյունում մի քանի մեծ արկղ գիրք էր մնացել (այլևս ազատ պահարան ու տեղ չկար` դրանք տեղավորելու համար): Ու մի օր որոշեցի այդ ամենը կարգավորել` պահարանները տեղափոխել, գրքերը դասավորել, փորձել արկղերից մի քանիսը կրճատել: Հիշում եմ, երբ ծնողներս այդ մասին իմացան, բարկացան ու չթույլատրեցին սենյակում փոփոխություն անել, քանի որ այդ ամենին նրանք արդեն սովոր էին: Ու մի օր էլ որոշեցի նրանցից գաղտնի անել դա: Երբ տանը մարդ չկար, դատարկեցի ամբողջ սենյակն ու սկսեցի զրոյից դասավորել:

Չնայած աշխատանքը ծանր էր, քանի որ գրքերը հազարներով էին, բայց երեկոյան գործն արդեն ավարտված էր. պահարանները կոկիկ դասավորված էին, սենյակի ազատ տարածությունը շատացել էր, գրքերը խմբավորված էին, իսկ մի քանի արկղ էլ պակասել էր: Հիշում եմ ծնողներիս հիացմունքը, երբ նրանք վերադարձան տուն և մտան սենյակ: Նրանք սկզբում երևի չէին պատկերացնում, որ ամեն ինչ այդքան լավ կստացվի: Եվ սկսվեցին գովեստի խոսքերը, շնորհավորանքներն ու շնորհակալությունները, իսկ ես ինձ համար մի հետևություն արեցի. «Մարդիկ գնահատում են գործը, երբ այն արված է լինում»: Այդ օրվանից անցել են տարիներ և ես դրանում բազմիցս համոզվել եմ. մարդիկ գնահատում են ոչ թե ընթացքը, այլ արդյունքը: Ցույց տվե՛ք արդյունքներ:

Հ.Գ.
Երբեմն տարբեր մարդկանցից հուսահատության ճիչեր եմ լսում. «Մենք գործ ենք անում, բայց մեզ ոչ ոք չի գնահատում»: Կարդացեք հոդվածի վերնագիրը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»