Հաջողության գաղտնիքներ

Մարդիկ գնահատում են գործը, երբ այն արված է լինում

Մի անգամ վաղուց, երբ դեռ դպրոցական էի, մեր տան սենյակներից մեկը, որը կարելի է ասել գրադարան է, որոշել էի կարգի բերել: Սենյակի չորս պատերին պահարաններ էին, գրքերը խառը շարված էին դարակների վրա, նաև մի անկյունում մի քանի մեծ արկղ գիրք էր մնացել (այլևս ազատ պահարան ու տեղ չկար` դրանք տեղավորելու համար): Ու մի օր որոշեցի այդ ամենը կարգավորել` պահարանները տեղափոխել, գրքերը դասավորել, փորձել արկղերից մի քանիսը կրճատել: Հիշում եմ, երբ ծնողներս այդ մասին իմացան, բարկացան ու չթույլատրեցին սենյակում փոփոխություն անել, քանի որ այդ ամենին նրանք արդեն սովոր էին: Ու մի օր էլ որոշեցի նրանցից գաղտնի անել դա: Երբ տանը մարդ չկար, դատարկեցի ամբողջ սենյակն ու սկսեցի զրոյից դասավորել:

Չնայած աշխատանքը ծանր էր, քանի որ գրքերը հազարներով էին, բայց երեկոյան գործն արդեն ավարտված էր. պահարանները կոկիկ դասավորված էին, սենյակի ազատ տարածությունը շատացել էր, գրքերը խմբավորված էին, իսկ մի քանի արկղ էլ պակասել էր: Հիշում եմ ծնողներիս հիացմունքը, երբ նրանք վերադարձան տուն և մտան սենյակ: Նրանք սկզբում երևի չէին պատկերացնում, որ ամեն ինչ այդքան լավ կստացվի: Եվ սկսվեցին գովեստի խոսքերը, շնորհավորանքներն ու շնորհակալությունները, իսկ ես ինձ համար մի հետևություն արեցի. «Մարդիկ գնահատում են գործը, երբ այն արված է լինում»: Այդ օրվանից անցել են տարիներ և ես դրանում բազմիցս համոզվել եմ. մարդիկ գնահատում են ոչ թե ընթացքը, այլ արդյունքը: Ցույց տվե՛ք արդյունքներ:

Հ.Գ.
Երբեմն տարբեր մարդկանցից հուսահատության ճիչեր եմ լսում. «Մենք գործ ենք անում, բայց մեզ ոչ ոք չի գնահատում»: Կարդացեք հոդվածի վերնագիրը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»