Հաջողության գաղտնիքներ

Ո՞ր սխալներն է պետք ուղղել

Այն, որ մարդը կատարյալ չէ, և երբեք էլ չի կարող դառնալ, կարծում եմ, գիտեք բոլորդ: Մենք ձգտում ենք կատարելության, կարող ենք մոտենալ դրան, բայց հասնե՞լ… երբեք, համենայնդեպս` ոչ մեկ կյանքի ընթացքում: Ինչքան էլ մենք աշխատենք մեզ վրա, ինչքան էլ սեմինարներ հաճախենք ու գրքեր կարդանք, ինչքան էլ փորձենք ազատվել մեր վատ սովորություններից ու լավ սովորություններ ձեռք բերել, երբեմն մենք սխալներ ենք թույլ տալու: Նման սխալներ թույլ են տալիս բոլորը` նույնիսկ իմաստունները, նույնիսկ հոգեբանները, նույնիսկ ճանաչված աստղերը, նույնիսկ ԱՄՆ նախագահը, որը մասնագետների մի ամբողջ թիմ ունի, որոնք խորհուրդներ են տալիս նրան ամեն ինչում` ինչ անել, ինչպես անել, ինչ խոսել, ինչ հագնել և այլն: Երբ այդ սխալները մենք թույլ ենք տալիս, կանգնում ենք ընտրության առջև: Մի կողմից, ինչ եղել է, արդեն եղել է, մենք փորձում ենք մոռանալ դրա մասին և անցնել առաջ, մյուս կողմից էլ, այդ նախկին սխալը մեզ հանգիստ չի տալիս, մենք զգում ենք, որ առաջ գնալու համար պետք է ուղղենք դա և միայն նոր շարունակենք շարժվել:

Բոլոր սխալներից հետևություն անել իհարկե պետք է. դա ուրիշ հարց է: Իսկ ո՞ր սխալներն է պետք ուղղել: Մենք չենք կարող ուղղել բոլոր այն սխալները, որոնք գործել ենք կյանքի ընթացքում: Այդպես մի ամբողջ կյանք էլ կպահանջվի դրա համար: Ուղղել պետք է այն սխալները, որոնք անհանգստացնում են Ձեզ և ազդելու են Ձեր ապագայի վրա: Ընդհանրացնելով այս երկուսը, կտամ հետևյալ խորհուրդը. ուղղեք այն սխալները, որոնք ազդում են այլ մարդկանց հետ Ձեր հարաբերությունների վրա: Այսինքն, ուղղեք այն սխալները, որոնց պատճառով դուք ինչ-որ մարդու կորցրել եք, ինչ-որ մեկին նեղացրել եք կամ ինչ-որ մեկի հետ նախկին լավ հարաբերությունները չեք պահպանել: Նման սխալները անհանգստացնում են, քանի որ ամեն անգամ այդ մարդու մասին մտածելիս, դուք հիշելու եք Ձեր սխալի մասին: Ամեն անգամ այդ մարդուն հանդիպելիս, դուք Ձեզ վատ եք զգալու և ափսոսալու եք, որ ոչինչ չեք արել, քանի դեռ հնարավոր էր: Նաև հիշեք` ցանկացած մարդ կարող է ազդել Ձեր ապագայի վրա` ցանկացած մարդ: Պարտադիր չէ, որ դուք հասկանաք` ինչպե՞ս, կգա օրը և դուք ինքներդ կտեսնեք, որ դա հնարավոր է: Արեք այնպես, որ փողոցով քայլելիս, երբ դուք ծանոթ մարդկանց հանդիպեք, բարևեք նրանց միայն ջերմորեն, ժպիտներ տեսնեք նրանց դեմքերին, այլ ոչ թե խուսափեք նրանցից և փողոցը անցնեք: Նման սխալներն է պետք ուղղել…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»