Հաջողության գաղտնիքներ

Ու՞մ է պետք հասնել հաջողության

Նախ, որպեսզի հասկանաք, թե ինչ է ինձ համար հաջողությունը, կարդացեք «Ի՞նչ է հաջողությունը» հոդվածը:

Երեկ ծանոթներիցս մեկի հետ խոսում էինք հետևյալ թեմայով` ո՞ւմ է պետք հասնել հաջողության, ո՞ւմ է պետք փոխել իր կյանքը, չէ՞ որ շատ մարդիկ ապրում են իրենց հանգիստ, հետաքրքիր, կայուն կյանքով, զբաղվում են սիրելի աշխատանքով և ամեն ինչից շատ գոհ են: Այո, այդպիսի մարդիկ կան: Եթե մարդուն դուր է գալիս իր ապրելակերպը, եթե նա սիրում է իր աշխատանքը, եթե նա իրեն լարված չի զգում, եթե նա գոհ է իր սոցիալական վիճակից, եթե նա իրեն ամբողջովին դրսևորված է համարում, ապա նման մարդկանց իհարկե ոչինչ էլ պետք չէ:

Բայց քանի՞ նման մարդ գիտեք Ձեր շրջապատում: Հիմնականում մարդիկ չեն զբաղվում նրանով, ինչը սիրում են, այլ զբաղվում են նրանով, ինչով ստիպված են զբաղվել` փող աշխատելու համար: Շատերն ատում են այն աշխատանքը, որով զբաղվում են, բայց ինչպե՞ս այն թողեն` չէ՞ որ պետք է ընտանիք պահել, երեխաներ կերակրել, հագուստ ու կոշիկներ գնել: Շատ մարդիկ չեն մեկնում այլ երկրներ հանգստանալու ոչ թե նրա համար, որ չեն սիրում ծովափեր, էկզոտիկ բույսեր, տարբեր-տարբեր մշակույթներ, այլ պարզապես ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս: Այսինքն, մարդիկ ապրում են ոչ թե այնպես, ինչպես իրենք են ուզում, այլ այնպես, ինչպես ստիպված են ապրել: Ու երբ հնարավորություններդ թույլ չեն տալիս ապրել երազածիդ պես, սկսում ես քեզ համոզել, որ դու ես այդպես ուզում, որ սա հենց այն կյանքն է, որը քեզ պետք է: Այնքան ես քեզ համոզում-համոզում, որ մի օր իրոք սկսում ես հավատալ դրան: Մտածում ես` ոչինչ… մեծ մարդ չդարձա, աշխարհը չտեսա, բոլոր վայելքները չվայելեցի, փոխարենը երեխաներս կուշտ են, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, կայուն աշխատավարձը կա, թու թու թու… թող ամեն ինչ այդպես էլ մնա: Նման մարդկանց է պետք հասնել հաջողության` մարդկանց, որոնք թերագնահատում են իրենց ուժերը և կարծում են, որ ավելիին չեն կարող հասնել:

Հ.Գ.
Օրինակ, ինչո՞ւ եմ ես ուզում հասնել հաջողության: Որովհետև ես ինձ լիովին դրսևորված չեմ համարում: Ես գիտեմ, որ կարող եմ շատ ավելին, բայց դեռ չեմ հասել դրան: Ու քանի դեռ չեմ հասել, պետք է միշտ ձգտեմ դրան…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Գրառումը կարդալիս ակամայից մտացեցի, որքան երջանիկ եմ, որ զբաղվում եմ իմ սիրած գործով ու դրա հետ մեկտեղ գումար վաստակում 🙂

  • Luka ջան, ես կարող եմ ինձ հաջողակ ու կայացած մարդ համարել իմ բազում նպատակներին հասնելուց հետո, երբ ամեն ինչ այլ կերպ կլինի:
    Իմ կարծիքով՝ անգամ մեծ հաջողության հասնելուց հետո, պետք է շարունակել նայել առաջ: Ուինսթոն Չերչիլն ասել է.«Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ.քաջություն ունենանք շարունակել»:
    Այս մոլորակի վրա դեռ ոչ ոք չի կարողացել հասնել վերջնական հաջողության, քանի որ դրան մեկ ուրիշ բարձունք է հաջորդում: Եվ մի՞թե չպետք է անցնել այդ սահմանը: Նույնիսկ հայտնի աստղերը, ովքեր մեծ հաջողությունների են հասել, շարունակում են իրենց փառքի ճանապարհն ու ձգտում հասնել նորանոր բարձունքների:
    Հարկավոր է գնահատել ունեցածը, բայց երբեք կանգ չառնել հաջողության ճանապարհին:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»