Հեղինակային առակներ

Առակ ծիծաղի մասին

Լուսեն օդանավակայանում դիմավորում էր մորը: Արդեն մեկ ամիս էր, ինչ չէին հանդիպել: Մայրը մեկնել էր Ֆրանսիա` փոքր քրոջ հարսանիքին մասնակցելու, և արդեն ժամանակն էր վերադառնալու: Լուսեն անհամբերությամբ սպասում էր. ուր որ է ինքնաթիռը վայրէջք կկատարի: Կանացի բարձր, հնչեղ ձայնը տարածվեց օդանավակայանում. «Ֆրանսիա-Հայաստան չվերթի ինքնաթիռը մի քանի վայրկյան առաջ վայրէջք կատարեց»: Լուսեն ուրախացած վազեց դեպի մուտքը, որտեղ պետք է հայտնվեր մայրը: Ապակե պատնեշից այն կողմ, դիմացի սրահում երևացին ինքնաթիռի առաջին ուղևորները` ճամպրուկներով, բեռներով ծանրաբեռնված, ժպիտը դեմքերին: Մարդկանց շարքերում աղմուկ սկսվեց. երևի դիմավորողները նկատեցին իրենց հարազատներին:

Դուրս եկան առաջին ուղևորները, երկրորդները, երրորդները, բայց մայրը չկար: Լուսեն այլևս չէր դիմանում: Նա վազեց սրահի մյուս ծայրը, ցուցատախտակի մոտ, որպեսզի մեկ անգամ էլ ստուգի. արդյո՞ք ճիշտ չվերթի է ինքը սպասում: Մի քանի վայրկյան անց նա տեղում էր, հայացքը հառած դեպի վերև` ցուցատախտակը. «Ֆրանսիա-Հայաստան, N571 չվերթ». ամեն ինչ ճիշտ էր: Երբ ետ շրջվեց, որպեսզի վերադառնա, սրահի մյուս ծայրում նկատեց մորը, որը ճամպրուկը ձեռքին, ժպտալով, արագ քայլերով իրեն էր մոտենում: Երբ տեսավ մորը, վազեց դեպի նա: Բայց հանկարծ… Չէր էլ հասցրել երկու քայլ անել, երբ ոտքը սայթաքեց ու ընկավ: Իրեն կարողացավ ձեռքերով պահել, գլուխը գետնին չհարվածեց, բայց շփոթված էր: Սրահում մարդիկ սկսեցին ծիծաղել: Ոմանք ծիծաղում էին ուժեղ, մյուսները քմծիծաղ էին տալիս, ոմանք էլ նույնիսկ սկսել էին քննարկել: Ընկած վիճակում Լուսեն նայում էր շուրջբոլորը և տեսնում միայն ծիծաղող մարդկանց դեմքերը. ինչի՞ վրա էին մարդիկ ծիծաղում: Հենց այդ պահին հասավ մայրը, օգնեց աղջկան բարձրանալ, հարցրեց, թե արդյոք ոչինչ չի՞ պատահել, թափ տվեց շորերը, ձեռքը գցեց ուսին և մայր ու աղջիկ դուրս եկան օդանավակայանից:

Կան պահեր, երբ պետք չէ ծիծաղել…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»