Հաջողության գաղտնիքներ

Այրեք հետադարձ կամուրջները

Ես նպատակներին հասնելու մի մեթոդ եմ հասկացել, որով ուզում եմ կիսվել Ձեզ հետ: Մեթոդը կոչվում է այրել հետադարձ կամուրջները: Ի՞նչ է դա նշանակում: Դուք ստեղծում եք իրավիճակներ, որոնք բարդ են Ձեզ համար, վախենալու, սարսափելի, սակայն որոնք տանում են դեպի Ձեր նպատակները, և այնուհետև կտրում եք հետդարձի ճանապարհը: Այսինքն, ուզեք, թե չուզեք, դուք պետք է շարժվեք միայն առաջ, հետդարձի ճանապարհ այլևս չկա: Դա նույնն է, երբ ինչ-որ մեկին ուզում ես լողալ սովորեցնել, գցում ես նրան խորը լողավազանի մեջ և նա ստիպված պետք է լողա, այլապես կխեղդվի (իհարկե, պետք է հետևես, որ իրոք չխեղդվի 🙂 ):

Կամ դու զանգահարում ես ինչ-որ լուրջ գործարարի և ասում ես, որ հիանալի գաղափար ունես, և ցանկանում ես ներկայացնել նրան քո բիզնես-պլանը: Բայց բանն այն է, որ բիզնես պլան դու դեռ չունես, քանի որ ալարկոտ ես, կամ ժամանակ չի եղել կամ էլ երկար մտածել ես, բայց մոտդ չի ստացվել: Բայց դու գիտես, որ հետդարձի ճանապարհ այլևս չկա, երեք օրից դու այդ մարդու հետ հանդիպելու ես, և եթե մեջտեղից էլ պատռվես, բիզնես-պլանը պետք է պատրաստ լինի:

Նման իրավիճակները կոփում են մարդուն, ստիպում են նրան անել այն, ինչը նա չէր անի սովորական պայմաններում: Սա թռիչք է հարմարավետության գոտուց դուրս: Առաջ շարժվել մարդը միշտ էլ կարող է: Սակայն երբ կա հետդարձի ճանապարհ, առաջին իսկ անհարմարության դեպքում նա քայլ է անում ետ: Իրականում, նա կարող է քայլ անել առաջ, բայց քանի որ այդ քայլը նրան դուրս է բերելու հարմարավետության գոտուց, ավելի հեշտ է քայլ անել ետ, ինքդ քեզ համոզելով, որ հետո դու կրկին քայլ կանես առաջ: Բերեմ մի օրինակ տնային տնտեսուհիների կյանքից 🙂 Նրանք կարող են տան մաքրությամբ զբաղվել, ասենք, երկու շաբաթը մեկ անգամ: Նկատի ունեմ լուրջ մաքրություն, ոչ ամենօրյա: Այնպես չէ, որ նրանք չեն ուզում անել դա: Պարզապես կամ ժամանակ չի լինում, կամ հոգնած են լինում կամ էլ այլ պատճառ: Բայց զանգիր նրանց և ասա, որ երկու օրից տանը կարևոր հյուրեր են լինելու: Այդ ժամանակ և հոգնածությունը կանցնի և ժամանակը կավելանա, և նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի այդ օրը տունը փայլի: Ինչո՞ւ: Որովհետև հետդարձի ճանապարհ այլևս չկա, ուզես, թե չուզես, պետք է հասցնես: Երբեմն այդպիսի իրավիճակներ ստեղծեք նաև գլոբալ նպատակների համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

  • Փայլուն հոդված է: Ավելին՝ ինքս էլ վերջերս եկա այդ մտքին /չնայած իմ ձևակերպումն այնքան հստակ չեր որքան հոդվածում/ և շատ մոտ ապագայում պատրաստվում եմ մի կարևոր որոշում ընդունել հենց այս համոզմունքի հիման վրա: Շնորհակալություն վստահություն ներշնչելու համար 🙂

  • Համաձայն եմ: Մեթոդին ճիշտ իրադրություններում հետևելը դրական առդյունք է տալիս, բայց ոչ միշտ: Կան դեպքեր, երբ հետ քայլ կատարելը ավելի լավ արդյունքի կարող ե բերել, քան առաջ գնալը:Բացի այդ չի կարելի միշտ առաջ գնալ: Ամեն ինչ պետք է լինի հստակ, լավ մտածված ու ճիշտ հաշվարկած:

  • Ես այսօր բացահայտեցի այս կայքը: Հիացած եմ ուղղակի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Հրաչ, այս հոդվածների համար: Ձեր գրած հոդվածները արդիական են և տարիքային սահմանափակումներ չունեն, քանի որ բոլորս էլ մարդիկ ենք, բոլորս ապրում ենք մեր կյանքով, յուրովի անցնում կյանքի ՆՈՒՅՆ ճանապարհով…

    • Ձեզ նույնպես շնորհակալություն Գոհար ջան, ամեն անգամ ուրախանում եմ, երբ նոր մարդ է հայտնվում, որին հարազատ են այս թեմաները:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»