Երեկ մի դեպքի ականատես եղա: Մետրոյի մուտքի մոտ մի կին իր երեխաների` աղջկա և տղայի հետ, զարդ էր գնում: Մետրոյի այդ հատվածը կարծում եմ գիտեք. բազմաթիվ իրար կպած տաղավարներում բիժուտերիա է վաճառվում: Կինը մի վզնոց գնեց, տվեց աղջկան, որ պահի և շարունակում էր նայել: Այդ ընթացքում տղան փորձեց քրոջ ձեռքից վերցնել վզնոցը, որպեսզի ինքն էլ նայի: Բայց այդ ժամանակ վզնոցն ընկավ նրա ձեռքից, թելը կտրվեց և դրա վրայի բազմաթիվ հատիկները թափվեցին գետնին: «Դո՛ւ ես մեղավոր», — բացականչեց մայրը տղային և կռացավ, որպեսզի հավաքի հատիկները: Տղան բավական մեծ էր, և ինչ աներ նա, երբ դա պատահական ստացվեց: Իսկ ո՞ւմ մոտ չի ստացվում: Մեզանից ով է այնքան ուշադիր, անթերի և պատասխանատու, որ նրա կյանքում նման «փոքրիկ պատահարներ» երբեք չեն լինում: Ես հաստատ այդպիսին չեմ: Այստեղ հարցը կրկին ու կրկին կայանում է նրանում, թե ինչպես ես դրան վերաբերվում:
Բոլորիս կենցաղում էլ նման «մանրուքներ» լինում են: Վերը նշված դեպքն իրոք մանրուք էր. վզնոց է, կտրվել-կտրվել է, ինչ անենք, հատիկները կհավաքես, կմիացնես և կրկին վզնոց կդառնա: Եթե մի քանի հատիկ էլ չգտնես, ոչ մի սարսափելի բան` հաշվի առնելով, որ աշխարհում պատերազմներ ու երկրաշարժեր են լինում, իրոք ոչ մի լուրջ բան: Եթե նման «մանրուքներին» լուրջ չվերաբերվես, չես էլ սկսի նկատել, որ դրանք քո կյանքում լինում են: Իսկ եթե «մանրուքը» ուռճացնես, դարձնես խնդիր, մեղավորներ փնտրես, հավատացեք, այդ դեպքում միակ տուժողը դուք կլինեք, դրանից միայն ձեր կյանքը կծանրանա: Երբ սուրճ է թափվում, բաժակ է կոտրվում, հագուստ է կեղտոտվում, գրքի էջն է պատռվում կամ հացը մնում է դուրսը և չորանում, նման և այլ դեպքերում մի փնտրեք մեղավորներ: «Մեղավորներն» իրենք իրենց «մեղքը կզգան» և մյուս անգամ ավելի ուշադիր կլինեն: Մարդը խելացի արարած է, երբ նա մեկ անգամ տեսնում է, որ սխալվել է, հաջորդ անգամ ավելի ուշադիր է դառնում: Դուք կարող եք ոչինչ չասել և նա ամեն ինչ կհասկանա: Այդ դեպքում ձեզ մոտ էլ տպավորություն չի առաջանա, որ կյանքում այդքան հոգսեր կան, անընդհատ ինչ-որ խնդիրներ են լինում, դրանից ձեր տրամադրությունն էլ չի ընկնի: Պետք չէ բացասական վերաբերվել նրան, ինչն արդեն հնարավոր չէ փոխել:
Մարդիկ լինում են երկու տեսակ. մարդիկ, որոնց կյանքում անընդհատ խնդիրներ են լինում, և մարդիկ, որոնց կյանքում խնդիրներ ընդհանրապես չեն լինում: Իրականում այդպես չէ: Մարդիկ լինում են երկու տեսակ. մարդիկ, որոնց կյանքում անընդհատ խնդիրներ են լինում, և մարդիկ, որոնց կյանքում նույն խնդիրներն են լինում: Պարզապես առաջինները կենտրոնանում են դրանց վրա, իսկ երկրորդները` անտեսում:
Վայյյ, Հրաչ, հացը մնում ա դուրսը ու չորանում…. Ինչ ծանոթ ու իրականում անկարևոր խնդիր ա…. Ուֆֆֆ…
🙂 )))
Ամեն դեպքում պետք չի տենց բաներին այտքան ագռեսիվ վերաբերվել: