Հեղինակային առակներ

Ո՞ր ճանապարհն ընտրել. առակ

Մի անգամ իմաստուն ծերունին քայլում էր ճանապարհով: Ծերունին ուրախ էր, նա հաճույք էր ստանում իր արած ամեն մի քայլից, նա հաճույք էր ստանում իր կուլ տված ամեն մի շունչ օդից, նա վայելում էր ճանապարհի եզրին շարված ծառերի պարը, նա վայելում էր իր վրայով թռչող թռչունների երգը, նա վայելում էր նույնիսկ մեղուների բզզոցը, որ գալիս էր ծառերի մյուս կողմից: Ծերունու համար աշխարհը իր տունն էր, շրջապատող ամեն ինչը` իր ընտանիքը: Նա ճանապարհորդում էր այնտեղ, որտեղ ինքն էր ուզում, հանդիպում էր մարդկանց, պատմում էր իր ճանապարհորդությունների մասին, խորհուրդներ էր տալիս, լսում էր նրանց պատմությունները: Մարդիկ սիրում էին ծերունուն, դժվար էին նրանից բաժանվում, ծերունին էլ սիրում էր մարդկանց. չէ՞ որ մարդիկ նրա ընտանիքն էին:

Ճանապարհը վերջացավ… Ծերունին հասավ ճանապարհի այն հատվածին, որտեղ այն ճյուղավորվում էր` վերածվելով երկու արահետների: Քիչ հեռու ինչ-որ մարդ նկատեց: Երբ մոտեցավ, տեսավ կուչ եկած մի երիտասարդի, ով գլուխը բռնած` ինչ-որ բանի շուրջ էր մտածում: Ծերունին ողջունեց նրան, ծանոթացավ և հարցրեց.
— Ի՞նչ ես այստեղ անում, ինչի մասին ես մտածում, ինչն է քեզ անհանգստացնում:

— Ես իմ ուղին եմ փնտրում, — պատասխանեց երիտասարդը, — ես ուզում եմ երջանիկ լինել: Երկու շաբաթ առաջ ես դուրս եկա տանից և բռնեցի այս ճանապարհը` հույս ունենալով հասնել այնտեղ, որտեղ իմ երջանկությունն է: Մինչ այս պահը՝ ճանապարհը մեկն էր և ես չէի մտածում, թե որ ճանապարհով շարժվեմ: Բայց հիմա ճանապարհը բաժանվում է և ես չգիտեմ՝ որ մեկով շարժվեմ: Ես վախենում եմ ընտրել մեկը, բայց պարզվի, որ ճիշտ էր մյուսը: Ո՞ր ճանապարհով են շարժվում երջանիկ մարդիկ:

Ծերունին ժպտաց:
— Երջանիկ մարդիկ շարժվում են ԻՐԵՆՑ ճանապարհով, — պատասխանեց նա, — կարևոր չէ, թե որ ճանապարհը դու հիմա կընտրես, եթե շարժվես ՔՈ ճանապարհով, անպայման կհասնես երջանկությանդ:

Շարժվիր ՔՈ ճանապարհով, Հարգելի Ընթերցող:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»