Ինչո՞ւ ենք մենք շտապում տխրել մի բանի համար, ինչը դեռ չի եղել, իսկ նախoրոք ուրախանալ չենք կարողանում, նույնիսկ ավելին՝ չենք հասկանում նման մարդկանց՝ երբեմն նրանց «երազողներ» կոչելով: Իսկ ինչպես կկոչենք մեզ՝ վատատե՞ս: Ինչո՞ւ ենք հակված տխրելուն, քան ուրախանալուն: Միթե՞ դա մեզ դուր է գալիս: Չեմ կարծում, որ կգտնվի մի մարդ, ով ուրախության պահը կցանկանա փոխել տխրության հետ:
Երբ օրը լավ սկիզբ ու ավարտ է ունենում, դա մեզ համար սովորական է: Բայց բավական է մի տխուր դեպք և մենք, իսկույն մոռանալով ուրախ օրվա մասին, շտապում ենք տխրել և մեր բացասական էներգիան փոխանցել մեզ շրջապատող մարդկանց: Երևի կհարցնեք. իսկ ինչպե՞ս վարվել, ո՞րն է ելքը:
Եկեք ապրենք ներկայով, ուրախանանք այն ամենով, ինչը մեզ շրջապատում է: Եթե ձեր շրջապատում կատարվող ամեն բան ձեզ չի գոհացնում, փորձեք փոխել դա՝ սկսելով հենց ձեզանից: Այո՛, ձեզանից: Որովհետև այն, թե ինչպես ընկալել մեր շուրջը կատարվող իրադարձությունները, կախված է նրանից, թե ինչպես ենք մենք ուզում ընկալել դա, այսինքն մեր ցանկությունից: Օրինակ, եթե դուք կանխազգում եք, որ ինչ-որ վատ բան է լինելու, ապա մտածեք, որ ինչ էլ որ լինի, դա չի կարող ազդել ձեր ներքինի վրա: Դուք պետք է սովորեք մնալ նույնը՝ պահպանելով սառը դատողությունը, և որ ամենակարևորն է՝ հավատը սեփական ուժերի հանդեպ: Կրկնում եմ՝ մենք ուժեղ ենք: Եվ այն, թե ինչ կլինի մեզ հետ, կախված է նախ և առաջ մեզանից, մեր վերաբերմունքից և մեր ընկալման ուղղությունից: