Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Արժեթղթեր

Facebook. ի՞նչ է սպասվում

Հեղինակ՝ Harust Tga

Ուսումնասիրելով տեխնո-լոգիական ընկերությունների բաժնետոմսերի վիճակը՝ կամա թե ակամա հերթը հասնում է Facebook-ին: Երևի թե կարիք չկա ժամանակ ծախսել ևս մեկ անգամ ներկայացնելու մեր օրերի ամենամեծ սոցիալական ցանցի ստեղծման և զարգացման պատմությունը: Անցնենք ավելի կարևոր իրադարձություններին:

Այս տարի տեղի ունեցավ Facebook-ի երկար սպասված IPO-ն: Երևի որոշ չափով տեղյակ եք, թե ինչ եղավ դրանից հետո. պարզվեց, որ բաժնետոմսերի գինը խիստ գերագնահատված էր, և սկզբնական $38-40-ից այն իջավ այսօրվա $19,5-ին: Դա պատահեց հիմնականում այն պատճառով, որ Facebook ընկերությունը շատ ավելի հայտնի է, քան իր շրջանառություն ունեցող այլ կորպորացիաներ, և Facebook-ի բաժնետոմսեր գնել ցանկացողների ահռելի բանակ էր գոյացել: Բայց պատահեց այնպես, որ երբ բաժնետոմսերի ազատ վաճառք սկսվեց, Facebook-ի հին բաժնետերերը, որոնք արդեն իսկ մեծ փաթեթներ ունեին, վաճառեցին իրենց ունեցած փաթեթների մի մասը և դա բերեց համընդհանուր իրարանցման, որի արդյունքում էլ տեղի ունեցավ Facebook-ի արժեզրկումը:

Այսօր Facebook-ի հետ կապված ներդրողների հիմնական մտահոգությունն այն է, որ ընկերության եկամտի հիմնական աղբյուրը՝ գովազդը, վտանգված է: Բանն այն է, որ օրեցօր շատանում է Facebook այցելողների թիվը, որոնք կայք մտնում են իրենց սմարթֆոններից, իսկ բջջային տարբերակով գովազդը դեռ լիարժեք չի աշխատում: Շատերը կասկածում են, որ փոքր էկրանների միջոցով հնարավոր է նույնքան եկամուտ ստանալ, որքան մեծ մոնիտորներով: Ճիշտն ասած` ես որոշ չափով կիսում եմ այդ մտահոգությունը և կարծում եմ, որ մոտակա ժամանակներում Facebook-ի եկամուտը կտրուկ նվազելու է: Բայց չի կարելի հաշվի չառնել նաև այն, որ Facebook-ում աշխատում են հարյուրավոր տաղանդավոր մասնագետներ, որոնք օր ու գիշեր մտածում են հենց այս խնդրի շուրջ և ժամանակի ընթացքում հաստատ ինչ-որ լուծում կգտնեն: Բայց մինչ այդ, կարծում եմ, Facebook-ի գինը շարունակելու է ընկնել և ընկնել զգալիորեն: Իմիջիայլոց, նոյեմբերի 12-ին տեղի կունենա շուկայի նոր հագեցում. ազատ վաճառքի կհանվեն ևս 1,2 միլիարդ արժեթղթեր:

Շարունակելի

Հեղինակի մասին

Harust Tga

2 մեկնաբանություն

  • Արժեթղթերի շուկային բնորոշ կանոններ են.
    1. Գնեք աճից երկու օր հետո,
    2. Գնեք վատ լուրերի ժամանակ և վաճառեք լավ լուրերի ժամանակ,
    3. Դուք չեք կարող կանխատեսման մեջ հաղթել շուկային(այս կանոնի հետ մի քիչ համամիտ չեմ),
    4. Արժեթղթերի շուկայում հնարավոր չէ շահույթ ստանալ` նայելով նախորդ գների փոփոխությունների օրինաչափություններին:
    Գործարքներ կատարելուց առաջ պետք է հիշել, որ չնայած այն բանին, որ կան բազմաթիվ կանոններ, որոնք կոգևորեն Ձեզ արժեթղթերի շուկայում աննախադեպ հաջողություններ գրանցելու համար, սակայն միշտ կարելի է գտնել այնպիսի կանոններ, որոնք կհերքեն դրանց ճշմարտացիությունը: Որքնով հասցրել եմ ուսումնասիրել արժեթղթերի շուկան, հասկացել եմ մի շատ կարևոր բան. շուկան բացառում է 100%-ով էքստրապոլացիան, այսինքն 100%-ով չի կարելի հենվել նախորդ տարիների տվյալների վրա: Իսկ դրա լավագույն այլընտրանքը մնում է լայն գիտելիքների բազան, և որից հետո ինֆորմացիային տիրապետելու կարողությունները, ֆինանսական վերլուծությունները, հետազոտությունները և այլն:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»