Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հեղինակային առակներ

Հաջողության գաղտնիքը

Հեռուստատեսային երկար սպասված հաղորդում էր ուղիղ եթերում: Հրավիրված էին երեք գերհաջողակ մարդիկ՝ երկրի ամենահաջողակ գործարարը, ով գտնվում էր Forbes-ի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում, միջազգային հանրահայտ երգիչ՝ միլիոնների կուռքը, ում ձայնասկավառակները վաճառվում էին վայրկենական, և նոր տեխնոլոգիաների դարում իր բազմաթիվ գյուտերով հայտնի գիտնական, ով ի տարբերություն իր մյուս գործընկերների՝ կարողացել էր իր գյուտերը վերածել անձնական կարողության միլիոնավոր դոլարների: Հեռուստահաղորդման նշանաբանն էր՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ: Եվ հենց դա էլ պլանավորված էր հասկանալ. հաջողության գաղտնիքը, որը միավորել էր այս երեք մարդկանց: Միլիոնավոր մարդիկ հեռուստաէկրանների առջև անհամբեր սպասում էին հաղորդման սկզբին: Շատերը կարծում էին, որ այն, ինչ լինելու է հաղորդման 60 րոպեների ընթացքում, փոխելու է իրենց կյանքն ամբողջությամբ:

Առաջին 20 րոպեների ընթացքում ողջունելուց և որոշ ընդհանուր հարցեր տալուց հետո հաղորդավարը տալիս է գլխավոր հարցը. «Եթե Դուք հնարավորություն ունենայիք նշել միայն ամենագլխավորը՝ ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը»: Սրահում լռություն է: Բոլորը շունչները պահած սպասում են:

— Սխալները, — լռությունը խախտում է գործարարը, — բազմաթիվ սխալները, որոնք ես թույլ եմ տվել կյանքում: Եթե չլինեին այդ սխալները, ես չէի հասկանա, թե ինչումն է իմ առաքելությունը, ինչն է ինձ մոտ ամենից լավ ստացվում:

— Վախը, — շարունակում է երգիչը, — վախը, որ ես չեմ ապրելու այնպես, ինչպես ուզում եմ: Ամեն վայրկյան այդ մասին մտածելիս այնքան էի զգոնանում, որ ուժերս եռապատկվում, քառապատկվում էին: Եթե չլիներ այդ վախը, ես ինձ «սեփական ափսեում» կզգայի՝ հանգիստ ու ապահով, և այդ ժամանակ՝ միգուցե ոչինչ էլ չլիներ:

— Ինքնակրթումը, — լրացնում է գիտնականը, — երբ ես ազատ էի լինում, ես անընդհատ ինչ-որ բան էի ուսումնասիրում, գրքեր էի կարդում, սխեմաներ էի կառուցում, նկուղում մի փոքրիկ լաբորատորիա է սարքավորել, որտեղ փորձում էի սովորածս: Ես գիտեի, որ եթե անընդհատ սովորեմ, ապա արդյունքներն ուշ թե շուտ կերևան: Գիտելիքը չի կարող պարզապես կորչել:

Հաղորդավարը փոքր ինչ շփոթված էր:

— Բայց… չէ՞ որ բոլոր մարդիկ էլ սխալվում են, բոլորն էլ ունեն վախեր և ինքնակրթությամբ բոլորն էլ զբաղվում են, — զարմանում է նա, — այդ դեպքում ինչու բոլորը նման արդյունքների չեն հասնում:

— Իրականում այդպես չէ, — պատասխանում է գիտնականը, — մարդիկ չափից շատ են խուսափում սխալներից: Նրանք չեն փորձում նորը, միայն որպեսզի չսխալվեն: Սակայն չփորձելով նորը՝ նրանք չեն կարող գտնել իրենց տեղը կյանքում: Մարդիկ նաև վախենում են` վախենում են լինել աղքատ, հիվանդ, անօգնական, վախենում են, որ չեն կարողանա արժանվույնս մեծացնել իրենց երեխաներին, բայց չեն օգտագործում այդ վախը ճիշտ նպատակների համար: Նրանք չեն օգտագործում այդ վախն ավելիին հասնելու և ավելին անելու համար, իսկ ինքնակրթվե՞լը… մարդկանց մեծ մասը հասուն տարիքում միայն աշխատում է: Կարծում եք աշխատանքը ինքնակրթվե՞լ է: Ինքնակրթվելն այն է, ինչը հաջողվում է անել աշխատանքից դուրս:

— Փաստորեն, եթե ամփոփենք մեր հաղորդումը, — եզրափակում է հաղորդավարը, — կարող ենք ասել՝ մի վախեցեք սխալներ թույլ տալուց, օգտագործեք ձեր վախերն ի օգուտ ձեզ և շատ ինքնակրթվե՞ք:

Այո՛, — պատասխանում են միաձայն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»