Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Բիզնես և ֆինանսներ

Երիտասարդ գործարարներ, առա՜ջ

Երեք տարի առաջ մի միջոցառման էի մասնակցում, որտեղ հյուրեր էին ժամանել նաև Ռուսաստանից: Միջոցառումը ստարտափների մասին էր: Տարբեր մարդիկ, հիմնականում երիտասարդներ, պատմում էին իրենց անցած ճանապարհի, հաջողությունների մասին, խորհուրդներ էին տալիս, մի խոսքով` շատ ոգևորիչ մթնոլորտ էր: Այդ ժամանակ մեջս տպավորվեցին երկու ռուս երիտասարդներ, որոնք չնայած իրենց տարիքին (կարծում եմ ինձանից փոքր էին)` մեծ հաջողությունների էին հասել ռուսական ինտերնետ բիզնեսում: Նրանց կերպարը` երիտասարդ, էլեգանտ հագնված, վստահ աչքերով, ուղիղ քայլվածքով, հանգիստ խոսելաոճով, մինչև հիմա էլ աչքերիս առջև է: Մինչ այդ շատ էի կարդացել բիզնեսի, ստարտափների, երիտասարդ միլիոնատերերի, երիտասարդ գործարարների մասին, սակայն կարծում եմ` հենց դա էր այն պահը, երբ վերջնական հասկացա, թե ինչ եմ ուզում:

Դրանից հետո երիտասարդ գործարարների սկսեցի հանդիպել ավելի ու ավելի շատ: Նրանք սկսեցին հայտնվել շրջապատումս, ընկերներիս մեջ, տարբեր հանդիպումներում, ամենուր: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մարդը դեպի իրեն է ձգում այն, ինչի մասին մտածում է, ինչը մշտապես նրա ուղեղում է: Կարծում եմ` այդ ազդեցության մասին դեռ շատ կգրեմ, կգրեմ կոնկրետ օրինակների վրա, օրինակներ Հայաստանից, այլ ոչ թե հոլիվուդյան ֆիլմերից: Իսկ ինչ վերաբերվում է երիտասարդ գործարարներին` նման մարդկանց հետ շփումը ինձ միայն դրական էներգիա է տալիս: Երիտասարդներն այսօր նորարար են, ստեղծագործ, եռանդուն: Բիզնեսը ողջ աշխարհում երիտասարդանում է: Ռոկֆելերին, Ֆորդին ու Ջոբսին փոխարինման են գալիս Ցուկերբերգը, Բրինն ու Փեյջը: Եվ դա ինձ շատ է ուրախացնում: Հարմար առիթի դեպքում ես միշտ էլ կոչ եմ անում ծանոթներիս` կարևոր չէ, թե ինչով եք զբաղվում, եթե ձեր մեջ թեկուզ մի փոքր ձգտում կա դեպի բիզնեսը (բիզնեսն այստեղ առաջին հերթին հասկացվում է ստեղծելու իմաստով, հետո նոր` փող աշխատելու), ապա սկսեք ինչ-որ բանով զբաղվել: Փոքրիկ քայլերը ժամանակի ընթացքում միշտ էլ վերաճում են ավելի մեծ բաների:

Մի քանի ամիս առաջ համարձակ վերնագրով մի հոդված գրեցի` «Սոցիալական ցանց, որը կփոխի աշխարհը»: Խոսքը միջազգային ստարտափի մասին էր, որի վրա այժմ աշխատում ենք: Այսօր աշխատանքներն արդեն բավական առաջ են գնացել: Շուտով պատրաստ կլինի կայքի նախատիպ, որից հետո կսկսենք ներդրողներ ներգրավել: Ու համոզված եմ, որ այն մեծ, շատ մեծ նախագիծ է դառնալու:

Ինչ եմ ուզում ասել: Եթե երիտասարդ եք, ամենահարմար պահն է ձեզ համար սկսելու, ստեղծելու, աշխարհը փոխելու: Մի մտածեք, որ եթե Հայաստանում եք, ուրեմն հնարավորություն չունեք: Մարդու էնտուզիազմը չի սահմանափակվում ոչ երկրով, ոչ իր ներկա վիճակով, ոչ էլ մեկ այլ բանով: Իրականում` ձգտող մարդը պատկերացնում է իր ապագան և սկսում կառուցել այն` ըստ իր մտքում գծած պլանի: Դուք նույնպես նման պլան գծեք: Հավատացեք` երբ պլանը կա, իրականացնելը ստացվում է ինքնստինքյան:

Հ.Գ. Նկարում Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»