Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Մի թողեք, որ ձեր վրա ազդեն մանրուքները

Սա մի դրամատիկ պատմություն է, որը, կարծում եմ, կհիշեմ ողջ կյանքումս: Այն ինձ պատմեց Ռոբերտ Մուրը, ով բնակվում է Մեյփլվուդում, Նյու Ջերսի նահանգ: «Ես ստացա կյանքում ինձ համար ամենակարևոր դասը 1945 թ. մարտին,- ասաց նա.- դա տեղի ունեցավ ծովում՝ 276 մետր խորության վրա: Ես այն ութսուն մարդկանցից մեկն էի, ովքեր գտնվում էին Baya SS-318 սուզանավում: Մենք մեր ռադիոլոկացիոն համակարգով նկատեցինք, որ մեզ է մոտենում ճապոնական նավերի մի փոքր խումբ: Լույսը բացվելուն պես մենք սուզվեցինք ավելի խորը, որպեսզի սկսենք գրոհել:

Շրջադիտակի միջոցով ես տեսա ճապոնական պարեկային նավը, լցանավը և մեկ ականահան նավ: Մենք երեք հրթիռ արձակեցինք պարեկային նավի վրա, սակայն վրիպեցինք: Հրթիռների մեխանիզմում ինչ-որ բան փչացել էր: Պարեկային նավը, չհասկանալով, որ իր վրա գրոհում են, շարունակեց ճանապարհը: Մենք պատրաստվում էինք գրոհել վերջին՝ ականահան նավը, բայց հանկարծ այն շրջվեց և շարժվեց ուղիղ մեզ վրա (ճապոնական ինքնաթիռը նկատել էր մեզ 60 ֆուտ խորության վրա և ռադիոյով հայտնել մեր դիրքը ճապոնական ականահան նավին): Մենք սուզվեցինք մինչև 150 ֆուտ խորություն, որպեսզի մեզ չնկատեն` սպասելով, որ մեզ գրոհելու են խորքային ռումբերով: Մենք լրացուցիչ ամրացումներ կատարեցինք սուզանավի դռների վրա, և որպեսզի սուզանավի շարժումը բացարձակ անձայն լիներ, անջատեցինք օդափոխիչները, հովացման համակարգն ու բոլոր էլեկտրական սարքավորումները:

Երեք րոպե անց մեր առջև բացվեցին դժոխքի դռները: Վեց խորքային ռումբեր պայթեցին անմիջապես մեր հարևանությամբ, և հարվածը քշեց մեզ դեպի օվկիանոսի խորքերը՝ մինչև 276 ֆուտ խորություն: Մենք սարսափահար էինք: Հարձակման ենթարկվել ջրերում, որոնց խորությունը 1000 ֆուտից պակաս է, համարվում է վտանգավոր, 500 ֆուտից պակաս՝ գրեթե մահացու: Մեզ վրա հարձակվել էին մոտ 250 ֆուտ խորության վրա: Այնպես որ անվտանգության մասին խոսք լինել չէր կարող: 15 ժամ շարունակ ճապոնական նավը մեզ վրա խորքային ռումբեր էր բաց թողնում: Եթե ռումբը պայթում է սուզանավից 17 ֆուտ հեռավորության վրա, նավի վրա բացվածքներ են առաջանում: Դժվար է հաշվել, թե քանի ռումբ պայթեց մեզանից 50 ֆուտ հեռավորության վրա: Մեզ հրամայված էր ապահովել մեր անվտանգությունը` հանգիստ պառկել մահճակալներին և չկորցնել ինքնատիրապետումը: Ես այնքան վախեցած էի, որ հազիվ էի շնչում: «Սա մահ է,- կրկնում էի ինքս ինձ,- սա մահ է»: Քանի որ օդափոխիչներն ու հովացման համակարգն անջատված էին, սուզանավի մեջ օդի ջերմաստիճանը 40°C-ից ավելի էր, բայց ես վախից մրսում էի: Ինձ չէին տաքացնում նույնիսկ վերնաշապիկն ու մորթե ներդիրով բաճկոնը: Ես դողում էի ցրտից, ատամներս իրար էին խփվում, մաշկիս վրա սառը, խոնավ քրտինք էր գոյացել:

Գրոհը շարունակվեց 15 ժամ: Հետո հանկարծ ամեն ինչ լռեց: Հավանաբար ճապոնական նավը սպառել էր ռումբերի ողջ պաշարը և հեռացել: Գրոհի այդ 15 ժամերը մեզ թվացին 15 միլիոն տարի: Այդ ընթացքում հիշողությանս միջով անցավ ողջ կյանքս: Ես հիշեցի բոլոր այն վատ արարքները, որոնք կատարել եմ, և այն փոքրիկ խնդիրները, որոնք ինձ անհանգստացնում էին: Ծառայությունից առաջ ես աշխատում էի բանկում: Ես անհանգստանում էի, որ ստիպված էի շատ աշխատել, իսկ աշխատավարձս չափազանց ցածր էր, և բարձրացման ոչ մի հույս գրեթե չկար: Ինձ անհանգստացնում էր այն, որ տունը, որտեղ ես ապրում էի, ինձ չէր պատկանում, որ ես չէի կարող ինձ նոր մեքենա թույլ տալ և չէի կարող կնոջս համար գեղեցիկ շորեր գնել: Ինչպե՜ս էի ես ատում իմ ղեկավարին` մի տարեց մարդու, ով անընդհատ փնթփնթում էր ինձ վրա ու սխալներ փնտրում: Ես հիշեցի, թե որքան հաճախ էի երեկոյան բարկացած և դժգոհ վերադառնում տուն և մանրուքների պատճառով վիճում կնոջս հետ: Ինձ անհանգստացնում էր ճակատիս սպին, որը մնացել էր ավտովթարից հետո:

Շատ տարիներ առաջ այդ բոլոր խնդիրներն ինձ հսկայական էին թվում, բայց որքա՜ն չնչին էին դրանք թվում այն ժամանակ, երբ խորքային ռումբերը սպառնում էին ինձ այն աշխարհ ուղարկել: Այդ ժամանակ ես երդվեցի, որ երբեք այլևս չեմ անհանգստանա, եթե ինձ կրկին բախտ վիճակվի տեսնել արևն ու աստղերը: Երբե՛ք: Երբե՛ք: Երբե՛ք: Այդ սարսափելի 15 ժամերի ընթացքում ես ավելի շատ բան սովորեցի ապրելու արվեստի մասին, քան համալսարանում ուսանելու չորս տարիներին»:

Հատված Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գրքից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»