Մի խրճիթում արդեն երկար տարիներ ապրում էին ամուսիններ Լեոն և Լեոնան: Շատ էին սիրում իրար` սիրում էին իրար հետ զարթնել, իրար հետ ուտել, իրար հետ տան դիմացի գետակից ջուր բերել, ձմռանն իրար հետ ձնե մարդ սարքել: Լեոն սիրում էր հետևել Լեոնային, երբ նա քնած էր: Այդ ժամանակ նրա պարզ, հրեշտակային դեմքը կատարյալ էր թվում: Լեոն հասկանում էր, որ նա ունի աշխարհի ամենամեծ հրաշքը: Եվ դա Լեոնան էր: Լեոնան սիրում էր հետևել Լեոյին, երբ նա բակում փայտե ամաններ էր պատրաստում: Նա նայում էր նրան խրճիթի դռան ետևից և հասկանում, թե ինչ երջանիկ մարդ է նա: Լեոյին և Լեոնային ոչինչ պետք չէր` փոքրիկ խրճիթը, փայտե ամանները, գետից բերված զուլալ ջուրը, կարևորը, որ միշտ միասին լինեին:
Լեոյի և Լեոնայի համար աշխարհը կանգնած էր: Նրանք շնորհակալ էին ամեն օրվա համար, որ միասին էին: Կարկուտ, ամպրոպ, անձրև, փոթորիկ` այս ամենը չէր կարող թափանցել այն գնդի մեջ, որն իրենց շուրջ ստեղծել էին այդ երկուսը: Դա սիրո գունդն էր` հավատարմության, նվիրվածության մեծ գունդը: Այդ գնդի ներսում միշտ արև էր, միշտ լուսավոր, տաք եղանակ: Եվ այստեղ ապրում էին Լեոն ու Լեոնան, միշտ իրար հետ, փոքրիկ իրենց խրճիթում, Լեոն փայտե ամաններ էր պատրաստում, Լեոնան գետից զուլալ ջուր բերում և այդ հեքիաթը երբեք չէր վերջանում:
Նվիրվում է բոլոր ամուսիններին, իրար գտած բոլոր զույգերին:
Ավելացրեք երկու երեխա (թիթիզ աղջիկ և չարաճճի տղա) և կստանաք երջանիկ Ընտանիք: Ի դեպ, դա իմ ընտանիքն է 🙂
Արմենք ջան շատ ուրախ եմ քո համար: Երբ ընտանիքը երջանիկ է, մնացած գործերն ու անելիքները ամուր հիմքի վրա են կառուցվում: