Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հեղինակային առակներ

Ի՞նչն է ձեզ խանգարում

Հայտնի ներդրումային ընկերության տնօրենը վերադառնում էր ընդմիջումից: Ռեստորանը, որտեղ նա միշտ ճաշում էր, գտնվում էր փողոցի անմիջապես մյուս կողմում՝ ընկերության` ամպերի մեջ մխրճվող երկնաքերի դիմաց: Երբ բարձրանում էր շենքի դիմաց «փռված» աստիճաններով, նկատեց, թե ինչպես իր աշխատակիցներից մեկն աստիճաններին նստած, ընկճված, գլուխն անհանգիստ այս ու այն կողմ էր անում` կարծես չէր կարողանում իր տեղը գտնել: Երիտասարդի անունը չգիտեր. ընկերությունում 300 մարդ էր աշխատում: Մոտեցավ նրան: Տղան, տեսնելով ընկերության ամենաբարձր պաշտոնյային, անմիջապես զգոնացավ և ոտքի կանգնեց: Տնօրենը ողջունեց նրան, ապա հետաքրքրվեց՝ արդյո՞ք ինչ-որ բան է պատահել: Տղան սկզբում չէր ուզում պատմել, բայց հետո մտափոխվեց` միգուցե հենց դա՞ էր այն հնարավորությունը, որ պետք չէր բաց թողնել:

Նստեցին իրար կողք և սկսեցին զրուցել: Երիտասարդը պատմեց, որ արդեն 4 ամիս է աշխատում է այս ընկերությունում: Աշխատանքն իրեն դուր է գալիս. միշտ էլ երազել է արժեթղթերով զբաղվել: Սակայն այս պահին իր հիմնական պարտականությունը` զանգերի միջոցով նոր հաճախորդներ գտնելը, այնքան էլ լավ չի ստացվում: Վերջին 4 ամիսների ընթացքում մոտ 2000 զանգ էր կատարել, բայց ընդամենը 7 հոգի էին արձագանքել: Պատկերացնո՞ւմ եք` 7 հոգի 2000-ից… Իսկ դա նշանակում է, որ իրեն մոտակա ժամանակներս բարձրացում չի սպասվում, քանի որ դա ամենացածր ցուցանիշն է: Բայց սկզում նա այլ բան էր պատկերացնում` բարձր աշխատավարձ, լավ մեքենա, հանդիպումներ, ճաշկերույթներ…

Տնօրենն այդ ողջ ընթացքում ուշադիր լսում էր:
— Իսկ ինչ եք կարծում` ո՞րն է պատճառը, — հարցրեց նա, երբ տղան վերջացրեց խոսելը:
— Դեե.. կարծում եմ մի քիչ ամաչում եմ — պատասխանեց երիտասարդը, — դեռ չեմ համակերպվել, ընթացքում հաճախ խառնվում եմ, երբեմն ձայնս սկսում է դողալ, իսկ հաճախորդները զգում են անվստահությունը:
— Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում, որպեսզի փոխեք դա, — շարունակեց տնօրենը:
— Դե… հմմ… Տղան ուզում էր ինչ-որ բան պատասխանել, բայց բառեր չգտավ: «Իրոք, ի՞նչն է ինձ խանգարում», — մտածում էր նա, — «ի՞նչն է ինձ խանգարում»: Մի քիչ մտածեց և հանկարծ հասկացավ, որ իրեն ոչ մի բան էլ չէր խանգարում, ոչ մի լուրջ պատճառ, պարզապես պետք է շարունակեր փորձել: Պետք է փորձեր այնքան ժամանակ, մինչև ամաչկոտությունն էլ կանցներ, բառերն էլ ավելի վստահ կդառնային: Եվ այդ ժամանակ 7-ը կդառնար 700: Իսկ երբ դա տեղի ունենար` այս խոսակցության մասին հիշողություններն իր մոտ միայն ծիծաղ կառաջացնեին: Խանգարող ոչ մի լուրջ պատճառ նա չգտավ:

Դուք նույնպես, կյանքի տարբեր իրավիճակներում տվեք ձեզ այդ հարցը, սիրելի ընթերցող` «ի՞նչն է ձեզ խանգարում փոխել այս կամ այն բանը»: Կտեսնեք, որ շատ դեպքերում խանգարում են անտեղի մտածմունքները, իսկ լուրջ պատճառներ չկան: Կամ նույնիսկ, եթե պատճառներ կան, դուք գոնե հստակ կիմանաք, թե ինչի դեմ պայքարել: Երկու դեպքում էլ դուք հաղթող եք` կամ խանգարող պատճառներ չկան, կամ դուք հստակ գիտեք պատճառները` մնում է դրանք վերացնել: Իսկ կարծում եք, եթե անընդհատ աշխատեք դրանց վրա, չե՞ք կարող վերացնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Իրոք որ երբեմն պատհում է այդպիսի երևույթներ,երբ անտեղի բարդեցնում ենք իրավիճակը ու լարվածության մեջ մեզ գցում:Կատարյալ մարդ գոյություն չունի:
    Լինենք համարձակ:
    Շնորհակալություն Հրաչ ջան:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»