Ստարտափ

Ստարտափի ֆինանսավորում. բիզնես-հրեշտակներ և վենչուրային ֆոնդեր

«Ստարտափը սիրում է ֆինանսավորում», — ասել է մի անգամ հայտնի… իրականում սա կատակ էր :), բայց կատակի մեջ ճշմարտություն կա: Ստարտափների մեծ մասը վերածվում են մեծ, եկամտաբեր նախագծերի ի շնորհիվ արտաքին ֆինանսավորման: Շատ քիչ դեպքերում է ստարտափը զարգանում սեփական միջոցների հաշվին՝ առանց կողմնակի եկամուտի ներգրավման: Ինչո՞ւ: Պատճառը շատ պարզ է՝ ստարտափի հիմնադիրները պարզապես չունեն այդ գումարները: Միջին ստարտափի դեպքում խոսքը գնում է տասնյակ, հարյուր հազարավոր դոլարների, երբեմն նաև միլիոնների մասին: Իսկ քիչ գումարով «պահվող» ստարտափը ինչ-որ պահի կարող է մահանալ: Եվ պատճառն այն չէ, որ գաղափարը լավը չէ, պարզապես սպառվում են տարրական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ ֆինանսները կամ կորում է մոտիվացիան: Եվ նույնիսկ, եթե հիմնադիրների ջանքերով ստարտափը ինչ-որ ժամանակ գոյատևի, ինչ-որ պահի կհայտնվի մի «խոշոր շնաձուկ», որը կանի նույն բանը, բայց ավելի մասշտաբային: Եվ ի՞նչ եք կարծում՝ ում ետևից կշարժվեն այդ ժամանակ մարդիկ:

Այդ պատճառով, հիմնականում զարգանում են այն ստարտափները, որոնք շուկա են մտնում միանգամից, արագ և «աղմուկով»: Իսկ դրա համար անհրաժեշտ է ֆինանսավորում (ֆինանսավորումն անհրաժեշտ է ընկերություն «պահելու», աշխատողներ վարձատրելու, մարքեթինգ և գովազդ անելու, հետազոտություններ անցկացնելու և նման այլ ծախսերի համար): ԱՄՆ-ում և այլ երկրներում ստարտափների մեծ մասը ֆինանսավորվում են բիզնես-հրեշտակների և վենչուրային ֆոնդերի միջոցով:

Բիզնես-հրեշտակները անհատ ներդրողներ են (գործարարներ, միլիոնատերեր), ովքեր պատրաստ են իրենց սեփական գումարները ներդնել որևէ նախագծի մեջ՝ այդ գումարները բազմապատկելու նպատակով: Բիզնես-հրեշտակները կարող են աջակցել ստարտափի զարգացմանը ոչ միայն ֆինանսապես, այլ նաև իրենց կապերով, խորհուրդներով և այլն: Բիզնես հրեշտակները հաճախ պատրաստ են ներդնել ստարտափի մեջ նույնիսկ գաղափարի փուլում, եթե տեսնեն նպատակասլաց թիմ, լավ գաղափար և նախագծի հստակ բիզնես մոդել (այսինքն, պետք է հստակ հասկանան, թե որտեղից են ետ ստանալու իրենց գումարները): Բիզնես-հրեշտակների մեծ մասը ֆինանսավորում են ստարտափներ ոչ շատ մեծ գումարներով, օրինակ 50 հազար կամ 200 հազար դոլար:

Վենչուրային ֆոնդերը կազմակերպություններ են, որոնք աշխատում են ստարտափների հետ՝ հիմնականում ավելի ուշ փուլերում: Այսինքն, դժվար կլինի գտնել ֆինանսավորում որևէ վենչուրային ֆոնդում, եթե դուք ունեք պարզապես գաղափարը: Պետք է լինի նվազագույնը նախագծի նախատիպը կամ ինչ-որ տարբերակ, որն արդեն գործում է: Վենչուրային ֆոնդերը, ի տարբերություն բիզնես-հրեշտակների, ֆինանսավորում են ավելի մեծ նախագծեր, որոնք պահանջում են, օրինակ, 1 միլիոն դոլարից ավել ներդրումներ: Նաև, ի տարբերություն բիզնես-հրեշտակների, վենչուրային ֆոնդերը չեն ներդնում սեփական միջոցները: Նրանք ներդնում են այն գումարները, որոնք ներգրավել են տարբեր այլ ֆոնդերից, հասարակությունից և այլն:

Երկու դեպքում էլ, ստարտափի համար ֆինանսավորում գտնելը հեշտ չէ, քանի որ պատկերացրեք, թե որքան նման առաջարկներ են ստանում բիզնես-հրեշտակները և վենչուրային-ֆոնդերը: Նաև, ամեն մի ներդրում, գումար կորցնելու մեծ ռիսկ է, այդ պատճառով և՛ բիզնես-հրեշտակները և՛ վենչուրային ֆոնդերը ամենայն լրջությամբ են մոտենում դրան. ոչ ոք չի ուզում կորցնել իր գումարները: Սակայն, եթե կա լավ գաղափար, դրա շուրջ համախմբված թիմ և նպատակասլացություն, ֆինանսավորում կարծում եմ ուշ թե շուտ կգտնվի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»