Աշխարհում կան տաղանդավոր շատ մարդիկ: Նման մարդիկ կան հենց մեր շրջապատում: Մեկը տաղանդավոր երգիչ է, մյուսը տաղանդավոր դերասան, բանաստեղծ, քանդակագործ, լրագրող կամ հոգեբան: Շատերի կարծիքով տաղանդը տրվում է ի ծնե, այսինքն, եթե որոշված է, որ դու երգիչ ես դառնալու, ուրեմն դու երգիչ կդառնաս և վերջ: Իսկ եթե չունես այդ տաղանդը, ապա ինչ էլ ուզում ես արա, դու երգիչ չես դառնա: Երբ պարզվում է, որ մարդն ինչ-ինչ տաղանդներ ունի, նույնիսկ ծնողները կամ հարազատներն են հիշեցնում, որ նա փոքր տարիքից նման հակումներ ուներ: Այսինքն, տաղանդավոր չեն դառնում, տաղանդավոր ծնվում են:
Սա առաջին կարծիքն է, միգուցե նաև հիմնավորված, չեմ կարող ասել: Սակայն կա նաև երկրորդ կարծիքը, որի կողմնակիցն եմ ես: Բոլոր մարդիկ ծնվում են միանման, իսկ տաղանդները հայտնվում են ժամանակի ընթացքում: Պարզապես ես կարծում եմ, որ երբ մարդը մի բանի վրա կենտրոնանում է, երբ նրա սիրտը դրան է ձգտում, ապա որոշ ժամանակ անց նա արդյունքների է հասնում և դա դիտարկվում է որպես տաղանդ: Նկատի ունեմ, երբ որբ, անգրագետ երեխան մի օր գրադարանի կողքով անցնելիս տեսնի, թե ինչպես են իր հասակակիցները նստած գիրք կարդում և նրա մեջ նույնպես առաջանա այդ ձգտումը, նա ամբողջությամբ նվիրվի դրան և տարիներ անց դառնա համաշխարհային ճանաչված գրող, ապա բոլորը կասեն, որ նա գրելու տաղանդ ուներ: Անկասկած դա այդպես է, բայց այդ տաղանդը ձեռք է բերվել: Նույն այդ տղան հնարավոր է անցներ ոչ թե գրադարանի, այլ մարզասրահի լողավազանի կողքով, տեսներ լողորդներին, ինքն էլ ուզենար լողորդ դառնար և տարիներ անց օլիմպիական չեմպիոն դառնար: Այդ ժամանակ կասեին, որ տղան տաղանդավոր մարզիկ է:
Մարդուն բնորոշ գծերից մեկն այն է, որ նա կարող է «ճկուն փոփոխվել», այսինքն հարմարվել տարբեր միջավայրերի և պայմանների և իր վրա վերցնել դրանց ազդեցությունը: Եթե մարդուն 20 տարով միայնակ գցես ջունգլիներ, նա «գազան» կդառնա: Եթե մարդը ծնվի երաժիշտների ընտանիքում, եթե անընդհատ իր վրա վերցնի «շրջապատի» այդ ազդեցությունը, ավելի հավանական է, որ նա երաժիշտ կդառնա: Միգուցե նաև չդառնա, այլ դառնա տաղանդավոր ճարտարապետ, բայց դա չի նշանակում, որ նա ծնված օրվանից է ճարտարապետ, կամ նրա ուղեղն այնպես է կառուցված, որ բնորոշ է միայն ճարտարապետներին: Ոչ, ուղղակի կյանքի ընթացքում նրա մոտ նման հակումներ են առաջացել և նա այդ ուղղությամբ է շարժվել:
Եթե ես հավատայի, որ տաղանդը տրվում է ի ծնե, ես շատ բաներից կհիասթափվեի: Որովհետև դա կնշանակեր, որ կլինեն մարդիկ, ովքեր ինչ էլ ուզում է որ անեն, երբեք ինչ-որ բանում տաղանդավոր չեն դառնա: Բայց ես համոզված եմ, որ նման մարդիկ չկան: Յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ տաղանդավոր ինչ-որ բանում, յուրաքանչյուր մարդ «թաքնված» տաղանդ է:
Հանճարը դա 1% տաղանդն է և 99% աշխատասիրությունը: