Արժեթղթեր

Ի՞նչի համար են ֆոնդային ինդեքսները

Երբ նոր էի սկսել զբաղվել բաժնետոմսերով, երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու են ներդրողները հետևում ֆոնդային ինդեքսներին, ինչպես է դրանց շարժն ազդում նրա վրա, որպեսզի որոշես` գնե՞ս տվյալ ընկերության բաժնետոմսերը, թե ոչ, մինչև մի օր ընկերս բացատրեց դրանց նշանակությունը: Սկզբում եկեք հասկանանք, թե ինչ են ինդեքսները: Ինդեքսները բնութագրում են ոչ թե կոնկրետ ընկերության բաժնետոմսերի, այլ ընկերությունների որոշակի խմբի բաժնետոմսերի վիճակը (ավելի հաճախ մեզ հետաքրքրում է ոչ թե վիճակը, այլ շարժը): Օրինակ, եթե ուզում ես հասկանալ, թե ինչ վիճակում է ԱՄՆ արդյունաբերությունն այս պահին, տրամաբանական կլինի հասկանալ, թե ինչ վիճակում են ԱՄՆ խոշորագույն արդյունաբերական ընկերությունները (դրա համար էլ ստեղծված է ինդեքս, որի մեջ մտնում են ԱՄՆ խոշոր արդյունաբերական ընկերությունները): Այսինքն, եթե ընկերությունների «գործերը լավ են», դրանք զարգացում են ապրում (հետևաբար նաև բաժնետոմսերի գինն է աճում), ապա ընդհանուր երկրի արդյունաբերության վիճակն է լավ:

Ինդեքսները բնութագրում են շուկայի կամ դրա որոշ ճյուղերի վիճակը: Օրինակ, եթե ամերիկյան ֆոնդային S&P 500 ինդեքսը, որը հաշվարկվում է ԱՄՆ 500 խոշորագույն ընկերությունների հիմքի վրա, շարունակաբար նվազում է, ապա կարելի է ենթադրել, որ ԱՄՆ տնտեսությունն անկում է ապրում: Միշտ չէ, որ այդ ենթադրությունը ճիշտ է, բայց հիմնականում` դա այդպես է: Հայտնի ինդեքսներից են նաև Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսը, որը հաշվարկվում է ԱՄՆ 30 խոշորագույն ընկերությունների հիման վրա (այնպիսիք, ինչպիսիք են American Express, Boeing, Coca-Cola, General Electric, Hewlett-Packard, McDonald’s և այլն) կամ ասենք Nasdaq Composite ինդեքսը, որը հաշվարկվում է Nasdaq ֆոնդային բորսայում գրանցված բոլոր ընկերությունների հիմքի վրա:

Գոյություն ունեն հարյուրավոր ինդեքսներ: Նույն Nasdaq-ում գործում են նաև Nasdaq-100, Nasdaq Biotechnology Index և այլ ինդեքսներ, Նյու Յորքյան բորսան ունի իր ինդեքսները, ճապոնականն` իր, ռուսականն ունի իր ՌՏՍ և ՄՄՎԲ ինդեքսները և այլն: Ինդեքսների հաշվարկը տարբեր ինդեքսների դեպքում տարբեր է: Ամենապարզ դեպքում` դա ինդեքսի մեջ մտնող ընկերությունների բաժնետոմսերի գնի թվաբանական միջինն է, բայց հիմնականում` այդ միջինը հաշվարկվում է ավելի բարդ եղանակներով: Առանձին ինդեքսների և դրանց հաշվարկի մասին կարող ենք շատ խոսել և դրանց նվիրված առանձին հոդվածներ անպայման կլինեն, բայց այս հոդվածի գլխավոր իմաստը հետևյալն է` հասկանալ, թե ինչպես են օգտագործում ինդեքսները ներդրողները:

Ինդեքսների հիմնական դերը կայանում է նրանում, որպեսզի գնահատես շուկայի շարժը և համեմատես առանձին ընկերությունների բաժնետոմսերի վիճակը շուկայի նկատմամբ: Օրինակ, եթե տեսնում ես, որ շուկան նվազում է (ինդեքսը նվազում է), սակայն ինչ-որ ընկերության բաժնետոմսեր աճում են, ապա այդ ընկերության մոտ ինչ-որ բան այնպես չէ (լավ իմաստով), այսինքն` նա շարժվում է շուկային հակառակ, դեպի վեր: Օրինակ, պատկերացրեք, որ Nasdaq-100 ինդեքսը երկու շաբաթ է նվազում է: Հիշեցնեմ, որ Nasdaq-100-ը հաշվարկվում է Nasdaq-ում գրանցված 100 խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հիման վրա: Բայց արի ու տես, որ այդ ընթացքում Facebook-ի բաժնետոմսերն աճում են: Նշանակում է, որ Facebook-ն այդ պահին այնքան «ուժ ունի», որ կարող է շարժվել շուկային դեմ, չնայած մնացած ընկերությունների մեծ մասը ինչ-որ գլոբալ պատճառներով անկում են ապրում: Հետևաբար, այդ պահին Facebook-ի բաժնետոմսերը գրավիչ են ներդրողների համար: Իսկ եթե տեսնում ես, որ աճում են և՛ Nasdaq-100-ը և՛ Facebook-ի բաժնետոմսերը, ապա ավելի հավանական է, որ Facebook-ի աճը պայմանավորված է ոչ թե կոնկրետ Facebook ընկերությունով, այլ ավելի գլոբալ գործոններով` երկրի գործազրկության մակարդակն է նվազում, ինֆլիացիայի ցածր տոկոս է կանխատեսվում, ինչ-որ բարձր պաշտոնյա «կարևոր» հայտարարություն է արել, և այլն, և այլն: Այսինքն, այս ամենը ներդրողներն օգտագործում են իրենց համար` ինչ-որ վերլուծություններ անելու նպատակով: Այսօր այսքանը, հուսով եմ` ընդհանուր պատկերացում կազմեցիք ֆոնդային ինդեքսների մասին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

17 մեկնաբանություն

      • Վլադիմիր ջան Ֆորեքսը ինձ սկզբից էլ չի ձգել ու երբեք չեմ հետաքրքրվել, դրա համար էլ չեմ կարող կարծիք հայտնել: Ամեն դեպքում, կարծում եմ, պետք է ինքներդ փորձեք, որպեսզի հասկանաք, արժե, թե չարժե: Նույնիսկ եթե պարզվի որ չարժե, այդ ժամանակ ավելի հանգիստ կլինեք 🙂

  • Բարև ձեզ , մի հարց տամ , ինչ եք մտածում forex-ի մասին? , արժե այնտեղ ներդրումներ կատարել ?

  • Իսկ բլոգի մեկնաբանություններից մեկում կարդացել եմ որ կարելի է կապիտալը կրկնապատկել , բայց որտեղ ?

    • Իրականում և արժեթղթերով և Ֆորեքսով հնարավոր է կապիտալը կրկնապատկել և նույնիսկ շատ կարճ ժամանակում, ուղղակի քչերին է դա հաջողվում: Արժեթղթերի դեպքում պետք է ճիշտ ընկերություն ընտրել և ճիշտ ժամանակին..

        • Վլադիմիր ջան այս պահին արժեթղթերի իմ փաթեթի ընդհանուր աճը գնման օրվանից -46% է(մինուս), այնպես որ չէի ուզի խորհուրդ տայի 🙂

          • Շնորհակալություն Հրաչ ջան , ուղղակի 17 տարեկան եմ , միտք ունեմ որևէ գործունեություն ծավալել,չեմ կողմնորոշվում : Խորհուրդների կարիք ունեմ դրա համար Ճ

  • Վլադիմիր ջան սկզբում խորհուրդ կտամ գրքեր կարդաս, ոչ գեղարվեստական, մեր կայքի Գրքեր բաժնի գրքերից, դրանից հետո կզգաս, որ անձնային առումով ահագին աճել ես, հետո քիչ-քիչ կանցնես պրակտիկ քայլերի:

  • Շատ շնորհակալություն, արդեն 1 տարի է ինչ հանդիպում էին այդ ինդեքսները, ճիշտ է արդեն գլխի էի ընկել, թե իրենցից ինչ էին ներկայացնում, բայց այս հոդվածը վստահություն ներշնչեց:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»