Ամեն տարեմուտ անցած ամանորյա օրերի հիշողությունն է, որը պարուրում է մեզ նորանոր երազներով: Այդ հիշողությունները մեզ համար այնքան թանկ են, որքան գալիք երջանկության սպասումները:
Իմ մանկության տարիներին ես հաճախ էի այցելում տատիկիս, ով ապրում էր գյուղում: Տատիկիս տան կողքին կար մի եղևնի, որի ճյուղերը տարածվում էին տանիքից բարձր: Մի անգամ, երբ գիշերն առատ ձյուն էր տեղացել, ես մայրիկիս հետ գնացի տատիկիս տուն: Դժվարությամբ՝ ձյուների միջով ճանապարհ հարթելով, հասանք այնտեղ: Եղևնին նմանվում էր ձյունե զգեստ հագած տոնածառի: Կարծես ինչ-որ մեկը զարդարել էր նրան: Արևի ճառագայթները՝ ձուլվելով եղևնու ճյուղերին, նմանվում էին վառվող կանթեղների, որոնք պսպղում էին և ստիպում ինձ կկոցել աչքերս: Այդ օրվանից ես երազում էի ձյունե եղևնու մասին: Այնպես էի ուզում, որ Ձմեռ պապն ինձ նվիրեր այն: Ամանորյա տոներին ես կունենայի աշխարհի ամենագեղեցիկ տոնածառը:
Այդ տարի՝ Ամանորի գիշերը, մայրս հորդորում էր քնել, որպեսզի Ձմեռ պապն այցելի ինձ: Շուրջս վառվում էր Ամանորի հեքիաթը. հյուրասենյակի աջ անկյունում կանգնած էր եղևնին: Նա զարդարված էր բազմաթիվ խաղալիքներով, երփներանգ փայլերով ու լույսերով, որոնք նմանվում էին հուրհրացող արևների: Սրտի թրթիռով ու անհամբերությամբ էի սպասում Ձմեռ պապին:
Ահա մեկը բացեց հյուրասենյակի դուռը:
Ձմեռ պապն էր, այն բարի ծերունին, ով գալիս էր իմ երազների աշխարհից:
Նրա սպիտակ մորուքն ու վառ կարմիր զգեստն ամբողջացնում էին Ամանորի կախարդանքը:
— Բարև՛ փոքրիկս, ես ձմեռ պապն եմ:
— Դու իրակա՞ն ես, — հարցրեցի ես:
Նա ժպտաց.
— Իրական է այն՝ ինչին կարողանում ես հավատալ:
Ձմեռ պապը մեկնեց ինձ նվերներով լի պարկը:
Երբ բացեցի այն, մատներս շոյող քնքշություն զգացի. դա մի դեղին թութակ էր՝ սպիտակ նախշերով:
Ես շատ ուրախացա.
— Ես միշտ երազել եմ խոսող թութակ ունենալու մասին: Նա կարո՞ղ է խոսել:
Ձմեռ պապը պատասխանեց.
— Այո՛, բնությունն օժտել է թութակին խոսելու կարողությամբ:
— Ուզում եմ, որ թութակն ինձ պատմի բնության, անտառի ձայների ու երկնքի մասին, — ասացի ես:
— Նա միայն կարող է կրկնել քո խոսքերը, — ասաց Ձմեռ պապը:
Տխրեցի, որ թութակը միայն կրկնող է լինելու, սակայն չէի կարող հրաժարվել նրանից. չէ՞ որ ես շատ էի ուզում թութակ ունենալ:
Նվերների պարկը լի էր նաև անուշաբույր քաղցրավենիքներով:
— Սա կախարդական գիշեր է: Այժմ ես կարող եմ իրականացնել քո ամենանվիրական ցանկությունները, — ասաց Ձմեռ պապը:
Խնդրեցի նրանից ձյունապատ դարձնել մեր կանաչ տոնածառը.
— Ես երազում եմ ունենալ մի եղևնի, որը զարդարված կլինի ձյունե զգեստներով:
Քիչ անց եղևնին վերից վար պատվեց ձյան երազափայլ սաղարթով:
— Սա իմ ձյունե եղևնին է, — բացականչեցի ես և մոտեցա նրան:
Հիացած նայում էի եղևնուն, համոզվում, որ այն իսկապես ձյունապատ է դարձել: Ձյունե եղևնին կաթնագույն երազ էր, որն ուզում էր դիմանալ երկրային իրականությանը: Այն մաքուր ու գեղեցիկ էր, ինչպես իմ ճերմակ անուրջները: Ես կարծես մոռացել էի տոնածառի խաղալիքների ու փայլերի մասին, քանի որ ձյունն ամենագեղեցիկ զարդարանքն էր իմ եղևնու վրա: Հրաշք էր, մի թովիչ հեքիաթ, լուսե անրջանք, որից չէի ուզում արթնանալ: Ես կանգնած էի իմ իրականացած երազանքի առաջ: Սենյակում կարմրել էր փայտե վառարանը: Րոպեներ անց ձյունը սկսեց հալվել և հոսել առվակի նման: Ասես կախարդանքը չքացավ և եղևնին դարձավ առաջվանը՝ պատված լույսերով ու փայլփլուն խաղալիքներով: Տխրությունը պատեց ինձ.
— Ձմեռ պապ, ես կորցրի իմ ձյունե եղևնուն: Նա հալվեց սենյակի ջերմությունից:
— Մի՛ տխրիր, — ասաց նա, — Քո եղևնին դեռ կանգուն է. այն իր կանաչների մեջ է:
— Ինչպե՞ս է, որ եղևնին չհալվեց և դարձավ առաջվանը, — հետաքրքրվեցի ես:
— Ձյունե եղևնին արդեն ամբողջությամբ հալված կլիներ, — ասաց Ձմեռ պապը: Ես գիտեի, որ նա չի դիմանա սենյակի ջերմությանը: Այդ պատճառով, ձյունապատ դարձրի միայն տոնածառի խաղալիքներն ու փայլերը: Ահա թե որն է աշխարհի ամենալավ եղևնին. դրսից սպիտակ, իսկ ներսից՝ մշտադալար կանաչ: Ձյունը չափազանց թույլ է ջերմությանը դիմանալու համար:
Ես լաց եղա.
— Ինչու՞ է ձյունն այսպիսին:
Ձմեռ պապն ասաց.
— Փոքրիկս, դու արդեն գիտես, որ միևնույն վայրում չեն կարող ապրել ձյունն ու ջերմությունը: Սակայն դա այնքան էլ կարևոր չէ. քո եղևնին կանաչ է և կանգուն: Ձյան հալոցքը չկարողացավ խոնարհել նրա ճյուղերը:
Հետզհետե սկսեցի ժպտալ և տխրությունս չքացավ. չէ՞ որ դեռ կանգուն էր իմ եղևնին: Թեկուզ և այն արդեն ձյունից չէր, բայց զարդարված էր ինչպես մի պճնամոլ աղջիկ:
— Ուզում եմ շուտ մեծանալ, — ասացի ես:
— Ահա առաջին ճշմարտությունը, որ դու իմացար կյանքի մասին: Այսուհետ յուրաքանչյուր տարվա հետ նորանոր բաներ ես սովորելու, — ասաց Ձմեռ պապը:
— Ուրեմն ճշմարտությու՞նն է մեծացնելու ինձ, — հարցրեցի ես:
Նա ուզում էր հեռանալ:
— Ինձ մի լքիր, խնդրում եմ:
— Պետք է գնամ, քանի որ ինձ են սպասում աշխարհի շատ մանուկներ:
— Մենք այլևս չե՞նք հանդիպելու, — հարցրեցի ես:
— Չգիտեմ, — ասաց նա ու լքեց հյուրասենյակը:
Ես մնացի իմ հարազատների ու կանաչ եղևնու կողքին: Դա մի հրաշալի ու կախարդական գիշեր էր, որը վառեց իմ մանկության ամանորյա հեքիաթը: Ես այդպես էլ չհասկացա. դա երա՞զ էր արդյոք, թե՞ իրականություն: Անցել են տարիներ: Ես այլևս չհանդիպեցի Ձմեռ պապին: Սակայն ինձ հետ է հուշը, մանկության ձյունապատ երազը, որը լուսավորում է իմ կյանքի ուղին: Այդ օրվանից ես հետզհետե բացահայտեցի կյանքի ճշմարտությունները: Ես դեռ հիշում եմ ձյունե եղևնուն, որի արծաթափայլ սաղարթի տակ թաքնված էին բնության հավերժական կանաչները: Մինչև օրս յուրաքանչյուր տոնածառ ինձ ձյունե եղևնի է թվում:
Ամանորյա հեքիաթն է շրջում երկրի վրա: Թող որ մեր հույսերով ու ժպիտներով բացվեն գալիք տարվա հաջողության դռները:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ
Ալլա ջան ուզում եմ շնորհավորել քո Նոր տարին և մաղթել, որ քո բոլոր երազանքներն իրականանան 2013 թվականին: Բարի ամանորյա հեքիաթ էր սա:
Շնորհակալ եմ, Հրաչ ջան: Ես սրտանց շնորհավորում եմ քեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ գալիք տարում հասնես այն ամենին՝ ինչին սպասել ես երկար: Շնորհավորում եմ նաև «Հաջողության բլոգ»-ի բոլոր հեղինակներին և ընթերցողներին: Թող որ 2013 թվականը լինի նորանոր գաղափարների ու դրանց իրագործման տարի:
Մերսի Ալլա ջան 🙂
Կարդալու ընթացքում մի պահ ինձ մանուկության գրկում զգացի: Շնորհակալություն հրաշք հոդվածի և բարեմաղթանքների համար: Միանում եմ բարեմաղթանքներին և առանց խտրականության, երկիր մոլորակի բոլոր բնակիչներին ցանկանում որ 2013թ լինի Սիրո, Երջանկության, Հաջողության և Խաղաղության տարի:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐԻՍ ԳԱԼԻՔ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ
Շատ մերսի, Ռազմիկ ջան:
Շնորհակալություն Ալլա ջան, որ ևս մի անգամ մեզ տարար մանկության գիրկը և ստիպեցիր քո հետ միասին հավատալ Ամանորյա հրաշքներին 🙂
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը
Թող այս նոր տարում իրականանան բոլորիս բարի նպատակները, հաջողությամբ պսակվեն բոլորիս ծրագրերը…Իսկ Հաջողության բլոգին ցանկանում եմ երկար նորանոր հաջողություններ: Թող որ այս բլոգի ջերմությունը երբեք չպակասի 🙂
Գոհար ջան մերսի, քո Նոր տարին ու Սուրբ Ծնունդն էլ շնորհավոր, քեզ մեծ երջանկություն ու գործերիդ հաջողություն 🙂 2012-ը լավ էր նաև նրանով, որ քեզ նման լավ ընկեր ունեցանք 🙂