Crowdfunding տերմինը նշանակում է մարդկանց խմբակային համագործակցություն (crowd — ամբոխ, funding — ֆինանսավորում), ովքեր ինքնակամ միավորում են իրենց ֆինանսական միջոցները կամ այլ ռեսուրսները (սովորաբար ինտերնետի միջոցով) այլ անձանց կամ կազմակերպություններին աջակցելու համար:
Kickstarter.com կայքը, որն աշխատում է crowdfunding համակարգով, ստեղծվեց 2009 թվականին: Դրա նպատակն է գտնել «ժողովրդական» ֆինանսավորում ստեղծարար և նորարար գաղափարների համար: Ամեն ինչ շատ պարզ է. բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից նվիրաբերում են որոշակի գումար (սկսած 1$-ից)` իրենց դուր եկած գաղափարն իրականություն դարձնելու համար: Փոխարենը նրանք ստանում են նվերներ նախագծի հեղինակներից:
Օրինակ, դուք որոշում եք տպագրել նոր մանկական ամսագիր` նվիրված միայն ձախլիկ երեխաներին: Միջոցներ դուք չունեք, ուստի որոշում եք գրանցել Ձեր նախագիծը Kickstarter-ում: Դուք նկարահանում եք ամսագրի մասին պատմող փոքրիկ տեսանյութ, ավելացնում եք որոշ էջերի նկարներ, ներկայացնում եք ինչ-որ մանրամասներ և հնարավորություն եք տալիս մարդկանց ֆինանսավորել Ձեր գաղափարը: Սակայն որպեսզի ամեն ինչ միակողմանի չլինի (չնայած քիչ չեն նաև բարեգործության դեպքերը), դուք խոստանում եք ապագա ամսագրի մեկ օրինակ` յուրաքանչյուր 5$-ի դիմաց, կամ ասենք ամսագիր Ձեր ստորագրությամբ` 10$-ի դիմաց, իսկ օրինակ 1$-ի դիմաց` ընդամենը շնորհակալություն: Մարդիկ նվիրաբերում են այնքան գումար, որքան ցանկանում են, արդյունքում մարդն իր գաղափարն իրագործելու համար ֆինանսական միջոցներ է հավաքում, իսկ ֆինանսավորողները` ստանում են նվերներ (կամ հոգեկան բավարարվածություն): Թվում է թե, լավ, ինչքան գումար կարելի է հավաքել նման մեթոդով: 2012 թվականին Kickstarter-ի միջոցով հավաքվել է ավելի քան 300 միլիոն դոլար և ֆինանսավորվել են ավելի քան 18 000 նախագծեր:
Kickstarter.com-ում գրանցվելով` դուք նշում եք ժամկետն ու գումարի չափսը, որը ցանկանում եք հավաքել: Եթե նշված ժամկետում Ձեր նշված գումարը չի հավաքվում (թեկուզ պակասում է 1$), հավաքագրված բոլոր միջոցները հետ են վերադարձվում դրանց տերերին: Այսինքն, գործում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը: Kickstarter-ը հանդես է գալիս ընդամենը որպես միջնորդ գաղափարի հեղինակի և օգնել ցանկացողների միջև: Իր ծառայությունների դիմաց այն գանձում է 5% միջնորդավճար: Առավելությունը կայանում է նրանում, որ գաղափարի հեղինակը ներգրավում է միջոցներ իր գաղափարն իրականություն դարձնելու համար և միաժամանակ մնում է գաղափարի 100% սեփականատերը:
Լինում են դեպքեր, երբ մարդը նշում է մի գումար, բայց հավաքում է տասնյակ անգամներ ավելի շատ գումար: Օրինակ, iPhone-ի համար Elevation Dock անվանմամբ այլումինե տակդիրի հեղինակները նախատեսում էին հավաքել 75 000 դոլար 3 օրում, բայց հավաքեցին մոտ 1,5 միլիոն դոլար: Վատ չէ, չէ՞ 🙂 Միլիոնավոր դոլարները Kickstarter-ում եզակի չեն: 2012 թվականին 17 նախագիծ հավաքել է ավելի քան 1 միլիոն դոլար: Եթե Ձեր գաղափարն ընկնում է Kickstarter-ի հետևյալ 13 դասակարգերից մեկի մեջ` արվեստ, թատրոն, կոմիքսներ, դիզայն, նորաձևություն, պար, երաժշտություն, ֆիլմեր, խաղեր, նկարչություն, տպագրություն, տեխնոլոգիաներ, սնունդ, ապա դուք նույնպես ռեալ շանս ունեք նման մասշտաբի ֆինանսական միջոցներ ներգրավելու:
Հայ նորարարների ու ստեղծարարների համար կա մեկ սահմանափակում` Kickstarter-ում ընդունվում են նախագծեր միայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կողմից: Պատճառն այն է, որ որպես վճարման համակարգ Kickstarter-ում ընդունվում է միայն Amazon Payments-ը, որն էլ պահանջում է ունենալ հաշվեհամար ամերիկյան բանկերից մեկում և լինել քաղաքացի: Սակայն այս սահմանափակումը շատ հեշտ է շրջանցել: Եթե դուք ունեք բարեկամ կամ վստահելի ընկեր ԱՄՆ-ում, ապա կարող եք ամեն ինչ նախապատրաստել ինքնուրույն և վերջում խնդրել նրան գրանցել Ձեր նախագիծը (միգուցե դառնալ նաև գործընկեր): Kickstarter-ի թեմայով կարելի է երկար խոսել, բայց ավելի լավ է պատասխանեմ Ձեզ հետաքրքրող հարցերին մեկնաբանություններում:
Հ.Գ.
Տեսանյութ Kickstarter-ի մասին
Շատ լավ նախագիծ է Հրաչ ջան ևս մեկ անգամ ապացուցվում է ամերիկյան հասարակության ազնվությունն ու պատրաստակամությունը: Շատ լավ հոդված ա
Մերսի Դավիթ ջան: Նախագիծն իրոք լավն ա ու ռեալ հնարավորություն ա տալիս մարդկանց իրենց գաղափարներն իրականացնել:
Հրաչ ջան, իսկ ինչ կլինի եթե մեր մոտ էլ իրականացվեր նման պրոյեկտ??? Հայրիկիս պատմեցի այս Kickstarter-ի մասին, ասեց որ Խորհրդային տարիներին ուեցել են Касса Взаимопомощи, որը գործում էր Профсоюз-ի կողմից 🙂
Գոհար ջան հանգիստ կարա լինի, եթե ինչ-որ մեկը լուրջ զբաղվի: Իհարկե գումարները նման թվեր չեն լինի, քանի որ ամեն դեպքում Հայաստանի ժողովուրդը քիչ է, իսկ պայմաններն էլ ոչ այդքան լավ, բայց ընդհանուր` կարծում եմ իրականանալի է, մանավանդ, եթե Սովետական միությունում նման փորձ արդեն եղել է 🙂
Իսկ ծրագիրը որ երկրում պետք է իրականացվի? /եթե ՀՀ քաղաքացու կողմից չի գրանցվում նախագիծը/
Ծրագիրը կարող է իրականացվել ցանկացած երկրում Մանե ջան, ուղղակի գրանցվել ու նախագիծը ներկայացնել պետք է ԱՄՆ-ից կամ Մեծ Բրիտանիայից, բայց դուք կարող եք ֆիզիկապես այնտեղ չգտնվել, այլ ձեր փոխարեն մեկ ուրիշ մարդ անի: Իսկ ֆինանսավորումը ստանալուց հետո ձեզ այլևս ոչ ոք չի հսկում, այսինքն նախագիծը կարող եք իրականացնել ցանկացած երկրում, կարևորը` մարդկանց ուղարկեք իրենց խոստացած նվերները 🙂
շնորհակալ եմ, Հրաչ ջան:)
Խնդրեմ 🙂