Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

«Ժողովուրդը» ֆինանսավորում է Ձեր գաղափարը. Kickstarter.com

Crowdfunding տերմինը նշանակում է մարդկանց խմբակային համագործակցություն (crowd — ամբոխ, funding — ֆինանսավորում), ովքեր ինքնակամ միավորում են իրենց ֆինանսական միջոցները կամ այլ ռեսուրսները (սովորաբար ինտերնետի միջոցով) այլ անձանց կամ կազմակերպություններին աջակցելու համար:

Kickstarter.com կայքը, որն աշխատում է crowdfunding համակարգով, ստեղծվեց 2009 թվականին: Դրա նպատակն է գտնել «ժողովրդական» ֆինանսավորում ստեղծարար և նորարար գաղափարների համար: Ամեն ինչ շատ պարզ է. բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից նվիրաբերում են որոշակի գումար (սկսած 1$-ից)` իրենց դուր եկած գաղափարն իրականություն դարձնելու համար: Փոխարենը նրանք ստանում են նվերներ նախագծի հեղինակներից:

Օրինակ, դուք որոշում եք տպագրել նոր մանկական ամսագիր` նվիրված միայն ձախլիկ երեխաներին: Միջոցներ դուք չունեք, ուստի որոշում եք գրանցել Ձեր նախագիծը Kickstarter-ում: Դուք նկարահանում եք ամսագրի մասին պատմող փոքրիկ տեսանյութ, ավելացնում եք որոշ էջերի նկարներ, ներկայացնում եք ինչ-որ մանրամասներ և հնարավորություն եք տալիս մարդկանց ֆինանսավորել Ձեր գաղափարը: Սակայն որպեսզի ամեն ինչ միակողմանի չլինի (չնայած քիչ չեն նաև բարեգործության դեպքերը), դուք խոստանում եք ապագա ամսագրի մեկ օրինակ` յուրաքանչյուր 5$-ի դիմաց, կամ ասենք ամսագիր Ձեր ստորագրությամբ` 10$-ի դիմաց, իսկ օրինակ 1$-ի դիմաց` ընդամենը շնորհակալություն: Մարդիկ նվիրաբերում են այնքան գումար, որքան ցանկանում են, արդյունքում մարդն իր գաղափարն իրագործելու համար ֆինանսական միջոցներ է հավաքում, իսկ ֆինանսավորողները` ստանում են նվերներ (կամ հոգեկան բավարարվածություն): Թվում է թե, լավ, ինչքան գումար կարելի է հավաքել նման մեթոդով: 2012 թվականին Kickstarter-ի միջոցով հավաքվել է ավելի քան 300 միլիոն դոլար և ֆինանսավորվել են ավելի քան 18 000 նախագծեր:

Kickstarter.com-ում գրանցվելով` դուք նշում եք ժամկետն ու գումարի չափսը, որը ցանկանում եք հավաքել: Եթե նշված ժամկետում Ձեր նշված գումարը չի հավաքվում (թեկուզ պակասում է 1$), հավաքագրված բոլոր միջոցները հետ են վերադարձվում դրանց տերերին: Այսինքն, գործում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը: Kickstarter-ը հանդես է գալիս ընդամենը որպես միջնորդ գաղափարի հեղինակի և օգնել ցանկացողների միջև: Իր ծառայությունների դիմաց այն գանձում է 5% միջնորդավճար: Առավելությունը կայանում է նրանում, որ գաղափարի հեղինակը ներգրավում է միջոցներ իր գաղափարն իրականություն դարձնելու համար և միաժամանակ մնում է գաղափարի 100% սեփականատերը:

Լինում են դեպքեր, երբ մարդը նշում է մի գումար, բայց հավաքում է տասնյակ անգամներ ավելի շատ գումար: Օրինակ, iPhone-ի համար Elevation Dock անվանմամբ այլումինե տակդիրի հեղինակները նախատեսում էին հավաքել 75 000 դոլար 3 օրում, բայց հավաքեցին մոտ 1,5 միլիոն դոլար: Վատ չէ, չէ՞ 🙂 Միլիոնավոր դոլարները Kickstarter-ում եզակի չեն: 2012 թվականին 17 նախագիծ հավաքել է ավելի քան 1 միլիոն դոլար: Եթե Ձեր գաղափարն ընկնում է Kickstarter-ի հետևյալ 13 դասակարգերից մեկի մեջ` արվեստ, թատրոն, կոմիքսներ, դիզայն, նորաձևություն, պար, երաժշտություն, ֆիլմեր, խաղեր, նկարչություն, տպագրություն, տեխնոլոգիաներ, սնունդ, ապա դուք նույնպես ռեալ շանս ունեք նման մասշտաբի ֆինանսական միջոցներ ներգրավելու:

Հայ նորարարների ու ստեղծարարների համար կա մեկ սահմանափակում` Kickstarter-ում ընդունվում են նախագծեր միայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կողմից: Պատճառն այն է, որ որպես վճարման համակարգ Kickstarter-ում ընդունվում է միայն Amazon Payments-ը, որն էլ պահանջում է ունենալ հաշվեհամար ամերիկյան բանկերից մեկում և լինել քաղաքացի: Սակայն այս սահմանափակումը շատ հեշտ է շրջանցել: Եթե դուք ունեք բարեկամ կամ վստահելի ընկեր ԱՄՆ-ում, ապա կարող եք ամեն ինչ նախապատրաստել ինքնուրույն և վերջում խնդրել նրան գրանցել Ձեր նախագիծը (միգուցե դառնալ նաև գործընկեր): Kickstarter-ի թեմայով կարելի է երկար խոսել, բայց ավելի լավ է պատասխանեմ Ձեզ հետաքրքրող հարցերին մեկնաբանություններում:

Հ.Գ.
Տեսանյութ Kickstarter-ի մասին

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Շատ լավ նախագիծ է Հրաչ ջան ևս մեկ անգամ ապացուցվում է ամերիկյան հասարակության ազնվությունն ու պատրաստակամությունը: Շատ լավ հոդված ա

    • Մերսի Դավիթ ջան: Նախագիծն իրոք լավն ա ու ռեալ հնարավորություն ա տալիս մարդկանց իրենց գաղափարներն իրականացնել:

      • Հրաչ ջան, իսկ ինչ կլինի եթե մեր մոտ էլ իրականացվեր նման պրոյեկտ??? Հայրիկիս պատմեցի այս Kickstarter-ի մասին, ասեց որ Խորհրդային տարիներին ուեցել են Касса Взаимопомощи, որը գործում էր Профсоюз-ի կողմից 🙂

        • Գոհար ջան հանգիստ կարա լինի, եթե ինչ-որ մեկը լուրջ զբաղվի: Իհարկե գումարները նման թվեր չեն լինի, քանի որ ամեն դեպքում Հայաստանի ժողովուրդը քիչ է, իսկ պայմաններն էլ ոչ այդքան լավ, բայց ընդհանուր` կարծում եմ իրականանալի է, մանավանդ, եթե Սովետական միությունում նման փորձ արդեն եղել է 🙂

  • Իսկ ծրագիրը որ երկրում պետք է իրականացվի? /եթե ՀՀ քաղաքացու կողմից չի գրանցվում նախագիծը/

    • Ծրագիրը կարող է իրականացվել ցանկացած երկրում Մանե ջան, ուղղակի գրանցվել ու նախագիծը ներկայացնել պետք է ԱՄՆ-ից կամ Մեծ Բրիտանիայից, բայց դուք կարող եք ֆիզիկապես այնտեղ չգտնվել, այլ ձեր փոխարեն մեկ ուրիշ մարդ անի: Իսկ ֆինանսավորումը ստանալուց հետո ձեզ այլևս ոչ ոք չի հսկում, այսինքն նախագիծը կարող եք իրականացնել ցանկացած երկրում, կարևորը` մարդկանց ուղարկեք իրենց խոստացած նվերները 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»