Խոսքն այստեղ այն սկսնակ գործարարի մասին չէ, ով ունի սկզբնական 5 միլիոն դրամ և կարող է հոգալ բիզնեսի սկզբնական ծախսերը: Խոսքն այն ուսանողի, դեռահասի կամ նույնիսկ հասուն տարիքի մարդու մասին է, ով ունի գաղափար, որոշել է այն իրականացնել, բայց չունի սկզբնական բավարար գումար: Իսկ գումար սկզբում իրոք անհրաժեշտ է: Եկեք հասկանանք, թե ինչու:
Նախ, եթե բիզնես ես սկսում, պետք է բացես ընկերություն: Դա միանգամյա փոքր ծախս է և դրա վրա կարելի է ուշադրություն չդարձնել: Հետո` պետք է վարձես գրասենյակ: Փոքրիկ գրասենյակ Երևանում կարելի է վարձել լավագույն դեպքում ամսեկան 50 հազար դրամով: Այնուհետև` պետք է վարես քո ընկերության հաշվապահությունը: Այստեղ շատերի մոտ խնդիր է առաջանում: Հենց սկզբում հաշվապահ ունենալը երիտասարդ գործարարի համար «թանկ հաճույք է», քանի որ նույնիսկ եթե ընկերության հաշվապահությունը սկզբնական փուլում այդքան բարդ չէ` չկան տասնյակ աշխատողներ, խճճված հաշվարկներ և հաշվետվություններ, հաշվապահ ունենալու համար անհրաժեշտ է ամսեկան 30-40 հազար դրամ և դեռ պետք է ուրախանալ նման հաշվապահ գտնելու դեպքում: Բայց երիտասարդը, ով ուզում է ինչ-որ փոքրիկ բիզնես սկսել, չունի այդքան գումար, ուստի շատերի մոտ վախ է առաջանում` ինչպե՞ս վարել հաշվապահությունը:
Սա միայն ենթադրություն չէ: Ես հանդիպել եմ շատ երիտասարդների Հայաստանում, ովքեր ուզում են ինչ-որ բան սկսել և իմ մոտ այդ պատկերն արդեն ձևավորվել է: Շատերը բիզնես են սկսում առանց հաշվապահի կամ փորձում են սկզբնական փուլում ինքնուրույն վարել հաշվապահությունը (մինչև բիզնեսը շահույթ կբերի) և անընդհատ լարված են, քանի որ իրենք հաշվապահ չեն, իսկ հաշվապահությունն այնպիսի բան է, որ պետք է անընդհատ հետևել, քանի որ փոփոխություններ անընդհատ լինում են:
Սկսնակ գործարարի՝ հաշվապահության հետ կապված խնդիրներն ինչ-որ չափով թեթևացնելու համար էլ մենք ստեղծեցինք taxes.am նախագիծը, որտեղ երիտասարդը, ով ուզում է սկզբում ինքնուրույն վարել իր հաշվապահությունը, կկարողանա տալ իր հարցերը, իսկ դրանց կպատասխանեն արդեն այդ փուլն անցած գործարարներն ու հաշվապահները: Դրանով նրանք կօգնեն սկսնակներին, միաժամանակ իրենք էլ կբարելավեն իրենց գիտելիքները, քանի որ երբ ինչ-որ հարցի ես պատասխանում, ինչ-որ բան ես սովորեցնում, ինքդ էլ սովորում ես:
Այնպես որ, եթե բիզնես սկսելու հետ կապված ձեր մտածմունքների մեջ մտնում է նաև հաշվապահությունը, կիսվեք դրանցով taxes.am-ում: Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն օգնել ձեզ:
Երիտասարդ գործարարներին ամուր թիկունք է հարկավոր,
Շնորհակալություն, որ հոգ ես տանում նրանց մասին 🙂
🙂
Հրաչ, ինչու եք հատկապես taxes.am անվանել? Հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիա, քննարկելու փոքրերի հաշվապահական հաշվառման մի քանի հարցեր ու հնարավորություններ:
Ահարոն Չիլինգարյան
հեռ. 077 800 650
e-mail: aharon.chilingaryan@gmail.com
Անվանումն այդպես ենք ընտրել, որովհետև ամեն ինչ վերջիվերջո բերվում է հարկեր վճարելուն 🙂 ու նաև կարճ է:
Շատ շնորհակալ եմ հրավերքի համար..