1920թ-ի սկիզբ… Դասսլեր ընտանիքի ընտանեկան խորհուրդը որոշում է կոշիկի արտադրության ընտանեկան բիզնես սկսել: Նրանց առաջին արտադրանքը նախատեսված էր հեռացատկորդների պարապմունքների համար: Որպես հումք ծառայում էր զինվորական հին հագուստը, իսկ կոշիկի տակը՝ ստանում էին հին անվադողերից: Նորաբաց ընկերությունը կոչվում եր Դասսլեր:
Ադոլֆ Դասսլերը ծնվել է 1900թ-ի նոյեմբերի 3-ին Բավարիական Հերցոգենաուրախ փոքրիկ քաղաքում: Նրա եղբայրը` Ռուդոլֆ Դասսլերը, ընտանիքում ավագն էր և համեմատած Ադոլֆի հետ, ով հանգիստ ու լուռ երեխա էր, նրա հակապատկերն էր: Նրանց մայրը լվացքատան աշխատող էր, իսկ հայրը՝ հացթուխ: Ադոլֆին տանն անվանում էին Ադի, եղբորը՝ Ռուդի: Երբ նրանք ընդամենը 14-15 տարեկան էին, Գերմանիան սկսեց առաջին համաշխարհային պատերազմը, բայց եղբայրները, տարիքի հետ կապված, ճակատ չգնացին (նրանք այդ մասին չէին էլ երազում): Ադիի կիրքը ֆուտբոլն էր, որն այդ ժամանակ Եվրոպայում արդեն հայտնի խաղ էր: Պատերազմից հետո, երբ Գերմանիան աղքատության ու փլատակների մեջ էր, Դասսլեր ընտանիքը կարողացավ գոյատևել: 1920թ-ին հիմնադրած ընկերության ղեկավարումը ստանձնել էին Ադին և Քրիստոֆ Դասսլերը (հայրը): 1924թ-ին նրանց միացավ նաև Ռուդին: Երկու եղբայրները հրաշալի փոխլրացնում էին միմյանց: Ադին իսկական գյուտարար էր իր ոլորտում, մինչդեռ Ռուդին հանճար էր կապերի, մարքեթինգի և վաճառքի ոլորտում:
Կարի հումքը նրանք վերցնում էին զինվորական հին հագուստներից, իսկ կոշիկի տակի ռետինե մասը՝ հին անվադողերից: Արդեն 1928թ-ի օլիմպիական խաղերին մի քանի մարզիկներ ելույթ էին ունենում Դասսլեր ընկերության մարզակոշիկներով: 1925թ-ին բիզնեսը սկսեց կտրուկ աճ ապրել: Ադին արդեն կարող էր ազատություն տալ իր երևակայությանը և որպես ֆուտբոլասեր՝ ստեղծեց առաջին ֆուտբոլային մարզակոշիկը: Տակի մասում դրանք երկաթյա մատիկներ ունեին (шипы), որոնք Ադիի համար պատրաստում էր տեղի դարբինը: Այդպես ծնվեցին ֆուտբոլային այժմյան մարզակոշիկները:
1927թ-ին Դասսլեր ընկերությունը կարող էր թույլ տալ իրեն գնել հսկայական լքված մի ֆաբրիկա և հասցնել շրջանառությունը օրեկան 100 զույգի, իսկ աշխատողների քանակը՝ 25-ի: Հաջորդ օլիմպիական խաղերին` Լոս Անջելեսում, 1932թ-ին, գերմանացի Արտուր Յոնատը 100 մետր մրցավազքում գրավեց 3-րդ տեղը: Այդ ժամանակ նա կրում էր Դասսլեր մարզակոշիկները: Իսկ 1936թ-ը իրական հաջողություն բերեց Ադիին: Ծնվեց նրա առաջնեկը, միաժամանակ օլիմպիական խաղերում ամերիկացի սևամորթ հեռացատկորդ Ջեսսե Օուվենսը Դասսլեր մարզակոշիկներով նվաճեց 4 ոսկե մեդալ և 5 օլիմպիական ռեկորդ սահմանեց:
Բայց չնայած հաջողություններին՝ եղբայրների միջև տարաձայնություններ էին սկսել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկուսն էլ Նացիստական կուսակցության անդամ դարձան: Պատերազմի ավարտից հետո նրանց միջև կապը վերջնականորեն խզվեց: Ռուդին մեկնեց ճակատ այն ժամանակ, երբ Ադին հրամանատարության պատվերով զինվորական կոշիկներ էր կարում Նացիստական Գերմանիայի համար: Գերմանիայի պարտությունից հետո եղբայրները գրեթե զրոյից սկսեցին իրենց բիզնեսը: Իսկ 1948թ-ի գարնանը, հոր մահից հետո, նրանք վերջնականորեն որոշեցին կիսել բիզնեսը: Նրանք առանձնացան ու պայմանավորվեցին, որ երկու բիզնեսներից ոչ մեկն էլ ընտանիքի անվամբ չեն կոչելու: Ադոլֆն իր բիզնեսն անվանեց Ադիդաս (Ադի + Դասսլեր), իսկ Ռուդին՝ Պումա: Այժմ աշխարհահռչակ այս երկու բրենդները իրար հետ կատաղի մրցակցության մեջ են, իսկ ամեն ինչ սկսվեց մի ընտանիքից, որում պարզապես ուզում էին ինչ-որ գործ սկսել: