Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Բիզնես և ֆինանսներ

Ներդրումներ անշարժ գույքում

Ովքեր կարդացել են Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը, կարծում եմ հիշում են, որ նա զբաղվում էր նաև անշարժ գույքում ներդրումներով: Սակայն մինչև անշարժ գույքի հետ կապված նրա խորհուրդներին անդրադառնալը, մի փոքր խոսեմ անշարժ գույքում ներդրումների մասին ընդհանրապես: Անշարժ գույքում ներդրումները գործում են նույն մեխանիզմով, ինչ որ մյուս դեպքերում` «էժան գնել, թանկ վաճառել»: Դուք գնում եք, օրինակ, բնակարան, որի գինը ձեր կարծիքով այս պահին թերագնահատված է, իսկ մի քանի տարի անց, երբ դրա գինն աճում է, վաճառում եք, ընդ որում` այդ ընթացքում էլ վարձով եք տալիս: Հայաստանում սկսնակ ներդրողների համար անշարժ գույքում ներդրումների գլխավոր խոչընդոտն այն է, որ այն սկզբնական մեծ գումար է պահանջում: Սակայն ինչպես Ռոբերտ Կիյոսակին է ասում, «լավ տարբերակներ» միշտ էլ գտնվում են, ուղղակի պետք է լավ փնտրել: Օրինակ, մի դեպք եմ հիշում, երբ Էջմիածին քաղաքում մոտ 7-8 տարի առաջ մի ընտանիք իր բնակարանն էր վաճառում: Նրանց շտապ գումար էր անհրաժեշտ և բնակարանը նրանք վաճառում էին 7000$-ով՝ չնայած այն հանգիստ կարելի էր վաճառել 25 000$-ով, եթե երկար ժամանակ լիներ: Այդ դեպքը կարծում եմ միակը չէր…

Ռոբերտ Կիյոսակին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել այն բնակարաններին կամ անշարժ գույքի այլ տեսակներին, որոնք երկար ժամանակ չեն վաճառվում: Այսինքն, եթե մարդը տարիներով վաճառում է իր հողատարածքը և դրա համար գնորդ չկա, այն հնարավոր է գնել իր գնից շատ ավելի անգամ էժան: Նման դեպքերում գնորդը պատրաստ է զիջել, միայն թե վաճառի: Նաև Ռոբերտ Կիյոսակին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել այն անշարժ գույքի վրա, որը վաճառում են բանկերը կամ վարկային այլ կազմակերպությունները: Դա այն անշարժ գույքն է, որը մարդիկ գրավ են դնում վարկ վերցնելու համար, սակայն չեն կարողանում վարկը մարել և ֆինանսական կազմակերպությունը առգրավում է նրանց գույքը (իհարկե շատ ցավալի է, որ նման դեպքեր լինում են, բայց դրանք լինում են): Սովորաբար ֆինանսական կառույցներին պետք չէ բնակարանը թանկ վաճառել և դրա վրա աշխատել: Նրանք ձգտում են պարզապես որքան հնարավոր է շուտ իրենց անհրաժեշտ գումարը ետ բերել և այն կրկին շրջանառության մեջ դնել: Ուստի նման դեպքերում անշարժ գույքի գինը շուկայականից ցածր է լինում: Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես Հայաստանում կարող եք տեղեկություն ստանալ գրավ դրված և վաճառվող անշարժ գույքի մասին, պարզապես այցելեք Երևանի ապրանքա-հումքային բորսայի կայքը: Առայժմ այսքանը…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»