Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության պատմություններ

Մարիոն Լունա Բրեմ. անդունդից դեպի վեր, դեպի երջանկություն

17 տարեկան հասակում Մարիոն Լունա Բրեմը Տեխասից ամուսնանում է զինվորականի հետ: Մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը, ևս 5 տարի անց` 2-րդը: Ընտանիքն ապրում էր ուրախ և անհոգ: Սակայն 1984թ-ին Մարիոնի մոտ կրկնակի քաղցկեղ է հայտնաբերվում: Նա երկու ծանր վիրահատություն է տանում, սակայն անօգուտ: Բժիշկները նրան տալիս են 2-5 տարվա կյանք: Բայց դա դեռ վերջը չէր: Չցանկանալով կնոջ հետ շարունակել պայքարը` այդ ծանր պահին նրանից հեռանում է ամուսինը: Կինը մնում է 5 և 12 տարեկան երկու տղաների հետ` չունենալով աշխատանք և ունենալով հսկայական պարտքեր բուժման համար:

Իր ողջ կյանքի ընթացքում Մարիոնը տնային տնտեսուհի էր եղել և այժմ չէր պատկերացնում, թե ինչպես պետք է պահեր ընտանիքը: Մի անգամ, երբ նա գտնվում էր շատ ծանր վիճակում, ընկել էր լողասենյակի սառը հատակին և նույնիսկ չէր կարողանում վեր կենալ, իսկ խոհանոցից լսվում էին երեխաների ճիչերը, ինչ-որ բան նրա գլխում փոխվում է և նա որոշում է` այլևս ոչ մի դեպքում չհանձնվել և պայքարել մինչև վերջ:

Մարիոնը գիտեր, որ մեքենաների վաճառքը վատ գումարներ չի բերում և որոշում է սկսել դրանով զբաղվել: Նա հույս ուներ, որ աշխատանք կգտնի ավտոսրահներից մեկում, որտեղ, չնայած, աշխատում էին միայն տղամարդիկ: Նա սկսում է դիմել տարբեր ավտոսրահներ` ներկայացնելով իր պատմությունը, բայց 2 շաբաթվա ընթացքում 16 մերժում է ստանում: Գտնվելով հուսահատ վիճակում` նա այնուամենայնիվ շարունակում է որոնումները, սակայն արդեն փոխելով ռազմավարությունը: 17-րդ անգամ նա գործատուի մոտ գնում է ոչ թե աշխատանք խնդրելու, այլ ասելու, որ ինքը կարող է մեքենաներ վաճառել և ընկերությունը հենց նրա կարիքն ունի: Դա աշխատո՛ւմ է:

Մարիոնը հասկանում էր, որ կին-վաճառողը առավելություն ունի տղամարդկանց հանդեպ, քանի որ կարող է ազդել կանանց վրա, որոնց խոսքը հաճախ վճռական է լինում, երբ ընտանիքը որոշում է մեքենա ձեռք բերել: Առաջին տարվա ընթացքում Մարիոնը ստանում է «Տարվա Վաճառող» պատվավոր կոչումը: Նաև բժիշկները հայտարարում են, որ հիվանդությունը սկսել է նահանջել: Դա ավելի մեծ ուժ է տալիս Մարիոնին շարունակել ավելի արդյունավետ աշխատել: Հաջորդ 2 տարիների ընթացքում նա նույնպես լավագույն վաճառողն էր և չէր ուզում դրա վրա կանգ առնել: Նա խնդրում է գործատուին բարձրացնել իր պաշտոնը և նշանակել ղեկավարման օղակում, սակայն մերժում է ստանում հետևյալ պատճառաբանությամբ. «Պետք է հիմար լինել, որպեսզի հանել քեզ վաճառքներից` հաշվի առնելով, թե որքան գումար ես դու բերում»:

Եվ չնայած որոշումը դժվար էր, բայց Մարիոնը որոշում է թողնել աշխատանքը և սկսել իր ուզած պաշտոնի որոնումները: Ամեն ինչ սկսվում էր նորից` կրկին փակ դռներ, կրկին մերժումներ: Սակայն մի քանի շաբաթ որոնումներից հետո Մարիոնը գտնում է ցանկալի պաշտոնը այլ ավտոսրահում: Նա արագ բարձրանում է կարիերայի աստիճանով և երկու տարի անց` արդեն պատրաստ էր սեփական ավտոսրահը բացելու: Բայց դրա համար նրան անհրաժեշտ էր 800 հազար դոլար, որը նրա համար այնքան անհասանելի էր, որքան 800 միլիոնը:

Մարիոնը սկսում է բիզնես-պլան գրել: Բիզնես-պլանին նա կցում է իր կենսագրությունը, հրապարակումները, վկայականները և ստացված 50 թղթապանակներն ուղարկում է 50 տարբեր ներդրողների: Մեկ շաբաթ անց նրան հաջողվում է ներդրող գտնել և Մարիոնը բացում է Chrysler մեքենաների վաճառքով զբաղվող իր ավտոսրահը: 1989թ-ին` իր առաջին մեքենան վաճառելուց ընդամենը 5 տարի անց, ծնվում է «Love Chrysler»-ը` սրտիկով յուրաքանչյուր մեքենայի վրա: Ընկերության կարգախոսը հետևյալն էր. «Սա միայն սրտեր չեն մեքենաների վրա, սա մեր մարդկանց սրտերն են: Մենք տարածում ենք սերը ողջ Տեխասում»:

Մարիոնի ջանքերը մեծ արդյունք են տալիս: Այսօր նա արդեն չունի քաղցկեղ, նրան են պատկանում տարեկան 45 միլիոն դոլար շրջանառությամբ երկու ավտոսրահներ, նա գրում է գրքեր և երջանիկ մայր է: Դժվար է պատկերացնել, որ այդ ամենին նա կարողացավ հասնել հիվանդ, անօգնական վիճակից` լքված ամուսնու կողմից: «Երբեմն անհրաժեշտ է պարզապես դռներ թակել, պարտադիր չէ ներխուժել ներս», — ասում է Մարիոնը:

Հ.Գ.
Ահա այսպիսի մի պատմություն, թե ինչպես անելանելի վիճակում գտնվող կինը կարողացավ կերտել իր ապագան: Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկների, հատկապես մեր աղջիկ հեղինակների Մարտի 8-ը և ցանկանում բոլոր երազանքների իրականացում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • Շնորհակալություն Հրաչ ջան, իմ կողմից կցանկանայի շնորհավորել մեր հայ աղջիկներին: Քույրեր ու մայրեր, հարսեր, կեսուրներ… մենք ունենք տարբեր դերեր, բայց բոլորիս միավորում է մեր նրբությունը, ինքնատիպությունը, ամեն մեկս ունենք մեր բույրն ու համը։ Ուզում եմ, որ գտնեք Ձեր իրական կեսերին, որոնք կգնահատեն ու կպարուրեն Ձեզ իրենց ջերմությամբ ։ Սիրեք ու սիրվեք :* Սա է միակ երջանկությունը, սեր տեղացեք․․․ ժպտացեք, Ջերմացրեք իմ սիրելիիներ

  • Շատ լավ պատմություն էր Հրաչ ջան:ԵՍ էլ եմ Շնորհավորում բոլոր կանանց և աղջիկների մարտի 8 ը հատկապես մեր կայքի աղջիկ հեղինակներին:Ցանկացած տղամարդ ուժեղ է գեղեցիկ և խելացի կնոջ ընկերակցության պարագայում և հաջողություները ոչինչ չարժեն տղամարդու համար եթե նրա կողքին չկա սիրող և հոգատար կին:Ինչպես նշել է Րաֆֆին ,,Կանայք են արժեքների և բարոյականության հիմնական կրողները նրանք են ձևավորում հասարակություն և հայրենասիրություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»