Բիզնես և ֆինանսներ

Ոսկին որպես ներդրման միջոց

Վերջերս նկատեցի, որ ոսկու գինը կրկին ընկել է, և որոշեցի դրա մասին գրել այն մարդկանց համար, ովքեր միգուցե որոշեն ներդնել ոսկու մեջ: Հենց սկզբից հիշեք, որ ոսկու գինը միջազգային շուկաներում սովորաբար հաշվում են ոչ թե գրամով, այլ ունցիայով (այսպես կոչված տրոյական ունցիա), և ոսկու 1 ունցիան ≈ 31,1 գրամ: Ոսկու 1 ունցիայի գինը կարող եք իմանալ, օրինակ, goldprice.org կայքից, որից ես միշտ օգտվում եմ: Այս կայքում կա հսկայական ինֆորմացիա ոսկու մասին: Կարող եք դիտել, օրինակ, ոսկու գնի փոփոխման պատմությունը սկսած 1974թ-ից: Դրա համար պետք է այցելեք կայքի Gold Price History բաժինը (տես նկար): Դրանում ներկայացված է ոսկու գնի փոփոխման պատմությունը տարբեր ժամանակահատվածների համար:


Ոսկու պատմություն

Այս պահին, երբ գրում եմ հոդվածը, ոսկու 1 ունցիայի արժեքը 1605$ է: Իսկ, օրինակ, 2012թ-ի սեպտեմբերին այն եղել է 1800$: Եկեք այժմ հաշվարկենք, թե որքան դուք կարող եք շահել, եթե որոշեք ներդնել, օրինակ, 200 հազար դրամ ոսկու մեջ և եթե 4 ամիս անց ոսկու գինը կրկին վերադառնա 1800$ ցուցանիշին: Դրա համար դուք բացում եք ոսկու առարկայազուրկ հաշիվ բանկերից մեկում, օրինակ, Կոնվերս բանկում: Եթե դիտեք Կոնվերս բանկում տարադրամի փոխարժեքի էջը, կտեսնեք, որ երեկվա տվյալներով ոսկու գնման գինը եղել է 21 121 դրամ, իսկ վաճառքի գինը՝ 21 805 դրամ (մոտ 700 դրամ տարբերություն: Փորձեք գտնել այնպիսի ծառայություն, որում այդ տարբերությունն ավելի փոքր է): Հիշեք՝ գնման գինն այն գինն է, որով բանկը Ձեզանից գնելու է ոսկին, իսկ վաճառքի գինը՝ որով այն Ձեզ ոսկին վաճառելու է: Քանի որ այս դեպքում գնորդը դուք եք, իսկ բանկը վաճառում է, ուրեմն ոսկին դուք պետք է գնեք 21 805 դրամ գնով: Այսինքն, 200 հազար դրամ ներդնելու դեպքում դուք կունենաք 200 000 : 21 805 ≈ 9,1 գրամ ոսկի:

Այժմ ենթադրենք, անցել է 4 ամիս և ոսկու 1 ունցիայի արժեքը դարձել է 1800$: Այսինքն, ունցիան թանկացել է 1800 — 1605 = 195$-ով (≈12%), հետևաբար ոսկու 1 գրամը թանկացել է 195 : 31,1 ≈ 6.27$ ≈ 2600 դրամով: Այսինքն, 4 ամիս անց Կոնվերս բանկում ոսկու գնման գինը մոտավորապես կլինի 21 121 + 2 600 = 23 721 դրամ, իսկ վաճառքի գինը՝ 21 805 + 2 600 = 24 405 դրամ: Եվ եթե դուք որոշեք ոսկին վաճառել (այսինքն բանկը պետք է այն գնի, հետևաբար հաշվարկն անելու է գնման գնով), ապա կունենաք 9,1 * 23 721 = 215 861 դրամ: Փաստորեն՝ Ձեր շահույթն եղավ մոտ 15 000 դրամ: Իհարկե, շատ փոքր թիվ ստացվեց (հաշվի չառնելով նաև բանկում հաշիվը սպասարկելու ծախսերը, որը Կոնվերս բանկում տարեկան 10 000 դրամ է), բայց դա կապված է նրա հետ, որ մենք ներդրեցինք ընդամենը 200 հազար դրամ, իսկ ոսկին աճեց ընդամենը 12%-ով: Սակայն եթե ոսկու աճն ավելի մեծ լինի (ինչպես եղավ, օրինակ, 2010-2011-ին՝ 40%-ից ավել) և ներդրվող գումարն էլ ավելի մեծ լինի, ապա շահույթը կարող է զգալի լինել (իհարկե մի մոռացեք, որ մենք ենթադրեցինք, որ ոսկու գինն աճելու է, բայց կարող է լինել նաև հակառակը): Նաև պետք է հաշվի առնել այն, որ սովորաբար ոսկում ներդնում են երկարաժամկետ, այսինքն ոչ թե ամիսներ, այլ տարիներ:

Ոսկու մասին այսքանը… Պարզապես փորձեցի ներկայացնել մի տարբերակ, թե ինչպես Հայաստանում կարելի է ներդնել ոսկու մեջ: Ընդհանուր պատկերացնելով մեխանիզմը՝ դուք հետագայում կարող եք ինքնուրույն հաշվարկներ անել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

    • Հայկ ջան, երբ ես էի գնում, երկար չեմ փնտրել, հենց միանգամից Կոնվերս բանկից գնեցի ու այդ ժամանակ շատ քիչ բանկեր էին առարկայազուրկ ոսկու հաշիվ առաջարկում: Բայց հիմա շատ բանկերում կա, բայց պայմաններին ծանոթ չեմ.. Կարևորը՝ որ մարժան (վաճառքի ու գնման գնի տարբերությունը փոքր լինի), հետո բանկը իրավունք ունի անկախ միջազգային գնից իր ուզած գները դնի, պետք է նայել, որ խելքին մոտ լինեն գները ու նաև բանկի հուսալիությանն է պետք ուշադրություն դարձնել:

  • Հեղինակի մաթեմատիկական հաշվարկները միջազգային շուկայի զարգացման և կանխորոշման մեջ կարծում եմ արժանի են գովասանքի: Նման խորհուրդներ տալուց առաջ նախ պետք է ուշադրություն դարձնել միջազգային շուկայի անց ու դարձին, նոր խորհուրդներ տալ "4 ամիս անց ոսկու գինը կրկին վերադառնա 1800$ ցուցանիշին" էդ հետաքրքիրե, թե ինչից ենթադրեցիր, ոսկու 1 ունցիայի արժեքը այս պահին կազմում է 1324,4$.

  • Կարեն ջան օրինակում ինչ-որ ենթադրյալ թիվ է ընտրված ու դրա հիման վրա հաշվարկներ է արված: Նույն 1800-ը կարող էր լինել 3000 կամ 1100: Ոսկու գինը հետագա հոդվածում կանխատեսված չէ: Այ եթե հաշվարկի պրոցեսում ինչ-որ սխալ կա, խնդրեմ, դա ասեք, և կուղղենք..

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»