Արժեթղթեր

Արտոնյալ բաժնետոմսեր. ինչով են դրանք տարբերվում հասարակներից

Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք բաժնետոմսերի մասին, մենք նկատի ունենք հասարակ բաժնետոմսերը: Սակայն կա բաժնետոմսերի մեկ այլ տեսակ՝ արտոնյալ բաժնետոմսեր: Արտոնյալ բաժնետոմսերը, հասարակ բաժնետոմսերի պես, ցույց են տալիս դրա սեփականատիրոջ իրավունքը ընկերության նկատմամբ: Այսինքն, եթե դու ունես որևէ ընկերության բաժնետոմսերի 1%-ը, դու դրա 1%-ի սեփականատերն ես, և կարևոր չէ՝ այդ բաժնետոմսերը հասարակ են, թե արտոնյալ: Այսինքն, բաժնետոմսերի հիմնական ֆունկցիայի տեսանկյունից՝ գույքի պատկանելիության, հասարակ ու արտոնյալ բաժնետոմսերը չեն տարբերվում:

Բաժնետոմսերի այս երկու տեսակները տարբերվում են մի քանի այլ կետերով: Սակայն ինչ էլ հիմա գրեմ, դա վերաբերվում է դեպքերի մեծամասնությանը, քանի որ ամեն ընկերություն ինքն է որոշում, թե ինչ պայմաններով են թողարկվում իր բաժնետոմսերը: Արտոնյալ բաժնետոմսերի գլխավոր առավելությունը հասարակ բաժնետոմսերի նկատմամբ կայանում է հետևյալում. արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ստանում են ֆիքսված դիվիդենտներ, նույնիսկ եթե հասարակ բաժնետոմսերի սեփականատերերը ընդհանրապես դիվիդենտ չեն ստանում: Օրինակ, ընկերությունն իր կանոնադրության մեջ գրում է, որ իր շահույթի 10%-ը պետք է բաժանի արտոնյալ բաժնետերերին՝ որպես դիվիդենտ: Երկրորդ առավելությունը կայանում է նրանում, որ եթե ընկերությունը լուծարվում է, ապա այն առաջին հերթին վճարում է արտոնյալ բաժնետերերին, ապա հասարակ: Այսինքն, եթե օրինակ ընկերությունը սնանկացել է, նա վաճառում է իր գույքը, վճարում է պարտատերերին, վճարում է արտոնյալ բաժնետերերին և եթե ինչ-որ բան մնաց՝ հասարակ բաժնետերերին:

Սա արտոնյալ բաժնետոմսերի երկու գլխավոր առավելություններն էին: Իսկ գլխավոր թերությունը կայանում է նրանում, որ արտոնյալ բաժնետերերը չունեն ձայնի իրավունք բաժնետերերի ժողովում: Նախ կարճ ասեմ, թե ինչ է բաժնետերերի ժողովը: Եթե ընկերությունը բաժնետիրական է, ապա նա ունի այնքան սեփականատեր, որքան մարդիկ կան, ովքեր ձեռք են բերել այդ ընկերության բաժնետոմսերը: Սակայն այդ դեպքում ո՞վ պետք է ընկերության համար կարևոր որոշումներ կայացնի, ո՞վ պետք է որոշի ընկերության ճակատագիրը, եթե սեփականատերերը շատ են: Հենց այդ նպատակով էլ կազմվում է բաժնետերերի ժողով: Այսինքն, բաժնետոմսերի ինչ-որ տոկոսից բարձր տոկոս ունեցող սեփականատերերը կազմում են բաժնետերերի ժողով և ստանում են իրենց տոկոսին համապատասխան ձայն: Օրինակ, եթե ինչ-որ մեկն ունի ընկերության բաժնետոմսերի 2%-ը, նա ստանում է, ասենք, 4 ձայն, իսկ 50% ունեցողը՝ համապատասխանաբար 100 ձայն (բայց ձայնի իրավունք չունի, օրինակ, 1 բաժնետոմս ունեցող անձը): Եվ երբ պետք է որոշում կայացնել, բաժնետերերի ժողովի անդամներն ուղղակի քվեարկում են: Իսկ արտոնյալ բաժնետոմսերի գլխավոր թերությունը կայանում է նրանում, որ թեկուզ եթե դու ունես ընկերության բաժնետոմսերի 30%-ը, որոնք արտոնյալ են, դու չունես ձայնի իրավունք:

Արտոնյալ բաժնետոմսերի մասին առայժմ այսքանը: Հաջորդ հոդվածներից մեկում կգրեմ, թե սովորաբար ինչպես են տարբերվում արտոնյալ և հասարակ բաժնետոմսերի գները (որն է թանկ) և ինչպես կարելի է տարբերել հասարակ ու արտոնյալ բաժնետոմսերն, օրինակ, Google Finance-ում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

  • Իմաստով էլ ֆինանսական տարբեր գործիքներ են, Էլիզա ջան: Ավանդը ուղղակի, ժողովրդի լեզվով ասած "տոկոսով փողն է", որը մարդը տալիս է բանկին: Իսկ բաժնետոմսը, ցույց է տալիս, որ ընկերության ինչ-որ տոկոսը քեզ է պատկանում, օրինակ, 5%-ը: Ու հետևաբար, քո կապիտալը անընդհատ կարող է աճել կամ նվազել՝ կախված ընկերության արժեքից (լավ կգնան գործերը, թե ոչ): Իսկ ավանդները հաստատուն տոկոս են միշտ (միգուցե հետաքրքրություն ստեղծելու համար բանկերը երբեմն կարողանան ոչ հաստատուն տոկոս մտցնել, բայց այդ տատանումը այնքան փոքր կլինի, որ կարելի է գրեթե միշտ հաստատուն համարել ): Ու գումարած այն մյուս կողմերը արտոնյալ բաժնետոմսերի, որոնք գրված են հոդվածում:

  • Հոդված 32. Ընկերության բաժնետոմսերը

    1. Ընկերությունը կարող է թողարկել հասարակ (սովորական), ինչպես նաեւ մեկ կամ մի քանի տեսակի արտոնյալ բաժնետոմսեր:

    Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի նրա կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:

    Hetevabar hargeli hexinak, artonyal bajnetomseri qanaky chi karox 30% lini. Shnorhakalutyun hianali hodvac patrastelu hamar. Shat ogtakar e.

  • Նյութը շատ հետաքրքրիր էր և հագեցած, շնորհակալություն:
    Միայն մի ուղղում, եթե կարելի է. սննկանալ ձևը սխալ է, պետք է օգտագործվի սնանկանալ տարբերակը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»