Ժամանակ առ ժամանակ ես ներկայացնում եմ որոշ բիզնես աքսելերատորներ կամ ինկուբատորներ, որոնք կարող են «միջանցք» հանդիսանալ հայ երիտասարդի համար դեպի միջազգային ստարտափ: Այսօր խոսելու եմ Blackbox-ի մասին: Այն բավական նոր աքսելերատոր է, ստեղծվել է 2010թ-ին և կա աքսելերատորի ծրագրին մասնակցելու մեկ գլխավոր պայման՝ ստարտափը պետք է լինի ոչ-ԱՄՆ-ից: Պատճառն այն չէ, որ Blackbox—ում չեն սիրում ամերիկացիներին 🙂 պարզապես աքսելերատորի հիմնադիրները ոչ-ամերիկացիներ են և նրանք որոշել են ուշադրություն դարձնել այլ երկրներից ստարտափների վրա: Ընդ որում, Blackbox-ը գտնվում է Սիլիկոնյան հովտում:
Գտնվելու տեղի մասին մի փոքր ավելի մանրամասն: Blackbox չի գտնվում բարձրահարկ գրասենյակային շենքում: Այն գտնվում է մեծ լողավազանով, հարմարավետ առանձնատանը: Ստարտափ-հիմնադիրները (սովորաբար մինչև 16 մարդ) ապրում և աշխատում են առանձնատանը: Բակում կամ բազմոցների վրա անց են կացվում հանդիպումներ մենթորների, ներդրողների և այլ ստարտափ-հիմնադիրների հետ, կազմակերպվում են ներկայացումներ, և այլն:
Blackbox-ը ունի մի քանի ծրագրեր: Դրանցից մեկը Blackbox Connect-ն է: Այն անց է կացվում տարեկան մի քանի անգամ երկու շաբաթով, որի ընթացքում հիմնադիրները տեղափոխվում են Blackbox-ի առանձնատուն և փորձում կապեր հաստատել համապատասխան մարդկանց հետ, փորձ հավաքել և ոտքի կանգնեցնել իրենց ստարտափը: Իմիջիայլոց, Blackbox-ի 2013թ-ի ամռան ծրագիրը տեղի է ունենալու 2013թ-ի հուլիսի 15-ից 26-ը Google for Entrepreneurs-ի հովանավորությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել այստեղ:
Blackbox-ը ունի նաև Blackbox Residence ծրագիրը, երբ հիմնադիրները տեղափոխվում են Blackbox և սկսում աշխատել այնտեղ՝ հնարավորություն ստանալով շփվել նմանատիպ մարդկանց հետ: Սակայն այս դեպքում առանձնատանը անցկացված յուրաքանչյուր օրը վճարովի է՝ 70$: Պատվիրել կարելի է այստեղից:
Այսքանը Blackbox-ի մասին: Եթե այն ձեզ հետաքրքիր է, կարող եք հետևել աքսելերատորին նաև Linkedin-ում և դիտել տեսանյութը ներքևում: