Ստարտափ

Ինտերնետ նախագծի կյանքի փուլերը

Այսօր մի փոքր խոսելու եմ ինտերնետ նախագծի կյանքի փուլերի մասին: Ինտերնետ նախագիծը ծնվում է գաղափարից: Այդ գաղափարը սկզբում մեծ ոգեշնչում է գտնում իր հիմնադրի մոտ, որին թվում է, որ դա «աշխարհի ամենալավ գաղափարն» է, որը դեռ ոչ ոքի մտքով չի անցել և այն անպայման կաշխատի: Իսկ իրականում նման գաղափարների ապագան շատ անորոշ է, քանի որ սկզբում կա միայն մեկ մարդու պատկերացումները և չկան շրջապատող մարդկանց՝ ապագա օգտվողների կարծիքները: Գաղափարի շուրջ հավաքվում է թիմ: Դրանք կամ մարդիկ են, ովքեր հավատում են գաղափարին, դառնում են հիմնադիրներ կամ բաժնետերեր և պատրաստ են կիսել բոլոր ռիսկերն ու հաջողությունները, կամ մարդիկ, որոնց նույնպես դուր է գալիս գաղափարը, բայց նրանք դառնում են թիմի անդամ՝ ստանալով վարձատրություն իրենց մասնագիտական գիտելիքների կամ ունակությունների դիմաց (ծրագրավորողներ, դիզայներներ,…): Նորակազմ թիմը սկսում է աշխատել: Սա ամենակարևոր փուլերից մեկն է, երբ գաղափարը օդից վերածվում է ինչ-որ բանի: Աշխատանքը կարող է տևել ամիսներից մինչև տարիներ՝ կախված նախագծի բարդությունից (անձամբ ես կողմ եմ ամիսներին): Լարված աշխատանքի արդյունքում ինչ-որ պահի ինտերնետ նախագիծը գալիս է վերջնական տեսքի: Այսինքն, պատրաստ է կայքը, որի հիմնական ֆունկցիոնալությունը գործում է և այն ընդհանուր առմամբ անում է այն, ինչի համար նախատեսված է եղել: Սակայն դա դեռ կայքի վերջնական տարբերակը չէ:

Երբ կայքի գործող տարբերակը պատրաստ է, սկսվում է ալֆա-տեստավորման փուլը (Alpha testing): Այս փուլում թիմն իր ուժերով կամ ներգրավված նոր մասնագետների՝ տեստավորողների, օգնությամբ փորձարկում է կայքը, փորձում է գտնել բոլոր թերությունները և կատարել ուղղումները: Երբ ալֆա-տեստավորումն ավարտված է, նախագիծն արդեն պատրաստ է, որպեսզի ներկայացվի մարդկանց: Եվ սկսվում է այսպես կոչված բետա-տեստավորման փուլը (Beta testing): Բետա-տեստավորման ընթացքում նախագիծը սկսում է օգտագործվել և միաժամանակ տեստավորվել անկախ մարդկանց կողմից: Այս փուլը կարող է լինել բաց և փակ: Բացի դեպքում կայքը դառնում է հասանելի բոլորի համար և դրանից կարող է օգտվել յուրաքանչյուրը, իսկ փակի դեպքում՝ կայքից օգտվելու հնարավորություն են ստանում միայն սահմանափակ թվով մարդիկ: Սովորաբար դրանք մարդիկ են, ովքեր ուզում են հնարավորինս շուտ ծանոթանալ նախագծին, փորձարկել, օգնել կամ պատրաստ են անել դա՝ հետագայում որոշ վճարովի ծառայություններից անվճար օգտվելու համար: Բետա-տեստավորման փուլում նախագիծն անցնում է հարյուրավորից հազարավոր (և ավելի) մարդկանց ձեռքով, կրկին գտնվում են թերություններ, կատարվում են ուղղումներ: Գաղափարի ծնվելուց հետո սա առաջին փուլն է, երբ նախագիծը ռեալ հանդիպում է այլ մարդկանց և ստացվում են հետադարձ կարծիքներ: Ուստի այս փուլը շատ-շատ կարևոր է, քանի որ կարծիք են հայտնում նրանք, ովքեր դիտում են նախագիծը կողքից, սառը դատողականությամբ և ովքեր նախագծի ապագա օգտվողներն են: Այս փուլի ընթացքում հնարավոր է, որ նախագիծը ենթարկվի մի շարք փոփոխությունների՝ մարդկանց կարծիքներից կախված: Բետա-տեստավորման փուլն ավարտվելուց հետո նախագիծը վերջապես պատրաստ է թողարկման (Release): Այս կետից հետո ձեր նախագիծը լիովին պատրաստ է: Իհարկե, կան նաև հետագա փուլեր՝ նախագիծը զարգացնելու հետ կապված, և նախագծում դեռ անընդհատ կլինեն փոփոխություններ, բայց այս պահին արդեն վստահ կարող եք ասել, որ ձեր նախագիծը գաղափարից վերածվեց իրականության: Իսկ դա ամենակարևորն է 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»