Գրքեր անձնային աճի մասին

Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքերի միջոցով ես կփորձեմ Ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար: -Հ. Մանուկյան


   


Ստարտափ

Truthly.me. ինչ է սպասվում…

Կան բաներ, որոնք հարազատ մարդիկ իրար չեն կարողանում ասել: Օրինակ, ընկերուհին չի կարողանում ասել ընկերուհուն, որ նրա կարմիր կոշիկները չեն սազում իր դեղին զգեստի հետ, կամ կինը չի կարողանում ասել ամուսնուն, որ նա շատ է գերացել և դա իրեն դուր չի գալիս, կամ զարմիկը հորեղբորը՝ որ ալկոհոլ օգտագործելուց հետո նա ծիծաղելի է դառնում: Նման օրինակները շատ են: Բոլոր դեպքերում էլ ասելու նպատակը մեկն է՝ դարձնել մեր հարազատ մարդկանց «ավելի լավը»: Եվ բոլոր դեպքերում էլ չասելու պատճառը մեկն է՝ մենք վախենում ենք, որ մարդը մեզ սխալ կհասկանա, մեզանից կնեղանա կամ ուղղակի անհարմար ենք զգում ասել դա: Բայց կան բաներ, որոնք մարդիկ պետք է իրենց մասին իմանան: Նույնիսկ իմ մեջ, համոզված եմ, որ կան շատ բաներ, որոնք ես չեմ նկատում, սակայն դա նկատում են կողքիս գտնվող հարազատ մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ասում դա ինձ: Բայց ինձ պետք է իմանալ դա, որովհետև ես ուզում եմ դառնալ ավելի լավը, ուզում եմ բարելավել ինքս ինձ, կամ ամենաքիչը՝ գոնե ինչ-որ բաների շուրջ կմտածեմ: Truthly.me-ը լուծում է այդ խնդիրը…

Truthly-ն սոցիալական նախագիծ է, որը հնարավորություն է տալիս ձեզ հարազատ մարդկանց անանուն (anonymous) ասել այն, ինչը դուք չեք կարողանում ասել նրանց դեմ առ դեմ: Նախագծի ունիկալություն կայանում է հետևյալ երեք սկզբունքների մեջ՝ անանուն, հարազատ մարդիկ, անձնական կարծիք:

Անանուն

Եթե մարդն իմանա, որ կա գոնե 1 % հավանականություն, որ ընկերոջն ինչ-որ բան ասելուց ընկերը կիմանա, թե ով է ասողը, կամ այլ կերպ ասած ինքը «կբռնվի», ապա նա չի ասի այն, ինչ ուզում է ասել: Truthly-ում «բռնվելու» հավանականությունը հավասարեցված է զրոյի (եթե իհարկե մարդը չի գրում իր անունը կարծիքի տակ կամ չի գրում ինչ-որ բանի մասին, որի մասին գիտեն միայն երկուսով 🙂 ): Այսինքն, կարծիք ուղարկելու համար պետք չէ գրանցվել կայքում, պետք չէ թողնել որևէ անձնական տվյալ: Անհրաժեշտ է կայքի գլխավոր էջից պարզապես որոնել ձեր ընկերոջը և ուղարկել նրան ձեր կարծիքը:

Հարազատ մարդիկ

Նախորդ պարբերությունը կարդալուց դուք երևի մտածեցիք, որ այդպես բոլորը բոլորին կարող են ցանկացած կարծիք ուղարկել: Truthly-ն ստեղծված է միայն հարազատ մարդկանց կարծիքները լսելու համար, ովքեր իրոք անհանգստանում, մտածում են մեզ համար: Դրանք մարդիկ են, ովքեր, օրինակ, ունեն մեր հեռախոսահամարը, կամ մեր ֆեյսբուքյան ընկերների ցանկում են, կամ էլ գիտեն մեր մասին ինչ-որ բան, որ այլ մարդիկ չեն կարող իմանալ: Այսինքն, գրանցվելով կայքում, մարդն իր համար ընտրում է այն հարցերը, որոնց այլ մարդիկ պետք է պատասխանեն՝ մինչև իրենց կարծիք ուղարկելը: Այդ հարցերից մի քանիսը ես նշեցի վերևում: Truthly-ում մենք մտցրել ենք Truth number-ի գաղափարը (կարելի է ասել դա Phone number-ն է համացանցում :)): Դա 12-նիշանոց թիվ է, որը մարդը տարածում է ֆեյսբուքում և դա կարող են տեսնել միայն իր ընկերները: Այսինքն, նրա ֆեյսբուքյան պատին հայտնվում է նման մի հաղորդագրություն. «Ողջույն, իմ Truth number-ն է 845244575434: Եթե դուք ուզում եք ինձ որևէ բան ասել, որ չեք կարողանում իմ դեմքին ասել, խնդրում եմ անցնել այս հղումով և օգտագործել այս համարը»: Այսինքն, եթե դուք որպես «ստուգիչ հարց» ընտրել եք Truth number-ը, ոչ ոք չի կարող ձեզ կարծիք հայտնել, եթե նա չի գտնվում ձեր ֆեյսբուքյան ընկերների ցանկում: Իսկ «ստուգիչ հարցերը» կարող են լինել միաժամանակ մի քանիսը: Truth number-ին դուք կարող եք ավելացնել ձեր բջջային հեռախոսահամարը, ծննդյան ամսաթիվը, և այլն:

Անձնական կարծիք

Մինչև Truthly.me-ն ստեղծելը մենք երկար ժամանակ ուսումնասիրում էինք շուկան՝ փորձելով նմանատիպ նախագիծ գտնել: Ճիշտ է նմանատիպ (նույն խնդիրը լուծող) նախագիծ այդպես էլ չգտանք, բայց գտանք որոշ նախագծեր, որոնք հիմնված էին անանուն հաղորդագրություններ ուղարկելու վրա: Եվ զարմանալին այն էր, որ այդ հաղորդագրությունները շատ դեպքերում բաց էին, այսինքն բոլորը կարող էին տեսնել դրանք: Truthly-ում կարծիքները, որոնք դուք ուղարկում եք մարդկանց, փակ են, անձնական, այսինքն ոչ ոք չի կարող դրանց մասին իմանալ, բացի ձեզանից և կարծիք ստացողից: Կարծիք ստացողն էլ հնարավորություն ունի պատասխանել ձեր կարծիքին՝ միգուցե իր շնորհակալությունը հայտնել, կամ տրամադրության փոփոխությունն արտահայտել, կամ ցանկացած այլ բան, ինչ ցանկանա: Իսկ պատասխանն արդեն բաց է և դուք կարող եք տեսնել այն նրա պատին (այստեղ կարևորը ոչ թե պատասխանն է, այլ կարծիքը):

Տեխնիկական կողմի մասին

Գաղափարի և իրականացման մասին այս հոդվածում այսքանը: Այժմ մի փոքր էլ կխոսեմ կայքի տեխնիկական կողմի մասին, որը կհետաքրքրի հատկապես ծրագրավորողներին: Կայքը գրված է Node.js պլատֆորմի վրա, որպես տվյալների բազա ընտրված է MongoDB-ին, կայքն ունի responsive design (Twitter Bootstrap), այսինքն այն աշխատելու է ցանկացած տեսակի սարքերի վրա՝ սմարթֆոններ, պլանշետներ, և այլն: Կայքի հոսթինգը գտնվում է heroku.com-ում, մի քանի օրից Truthly.me դոմեյնի տակ կհայտնվի դրա լիարժեք գործող բետտա տարբերակը (գրանցումը հնարավոր կլինի միայն սահմանափակ թվով մարդկանց համար), իսկ մեկ ամսվա ընթացքում կսկսի գործել կայքի լիարժեք տարբերակը: Ավելացնեմ միայն, որ կայքի թիրախային խումբը միջազգային շուկան է:

Հ.Գ.
Այսքանը Truthly.me-ի մասին: Սա նախագիծ է, որին մենք երկար ենք սպասել և հուսով ենք, որ մարդկանց այն պետք կգա: Եվ վերջում, մտածեք (ցանկության դեպքում էլ՝ կիսվեք)` կա՞ն ձեր հարազատ մարդկանց շրջանակում մարդիկ, որոնց դուք կուզեք ինչ-որ բան ասել, բայց դեմ առ դեմ դա չեք կարողանում անել 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

47 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»