Անձնային աճ

Ի՞նչ է TED-ը, ի՞նչ է TEDx-ը, ե՞րբ է TEDx Երևանը

«Մենք անմնացորդ հավատում ենք գաղափարների ուժին, որոնք կարող են փոխել մարդկանց վերաբերմունքը, կյանքը և ի վերջո, աշխարհը», — ասում են TED-ում: TED-ը (Technology, Entertainment, Design) իրենից ներկայացնում է միջազգային կոնֆերանսների շարք, որտեղ տարբեր նշանավոր մարդիկ տարբեր ոլորտներից՝ գիտնականներ, փիլիսոփաներ, երաժիշտներ, գործարարներ և շատ ուրիշներ, ելույթ են ունենում գաղափարների շուրջ, որոնք կարող են ինչ-որ բան փոխել: TED-ի կարգախոսը հենց այդպես էլ հնչում է. գաղափարներ, որոնք արժե տարածել (ideas worth spreading): TED-ն անց է կացվում 1984թ-ից: Սկզբում այն նախատեսված էր որպես մեկանգամյա միջոցառում, սակայն 1990թ-ից TED-ի կոնֆերանսները դարձան տարեկան: Այդ ժամանակից սկսած հարյուրավոր նշանավոր մարդիկ են ելույթ ունեցել TED-ում: Նրանցից շատերին դուք իհարկե կճանաչեք. Ռիչարդ Բրենսոն, Բիլլ Գեյթս, Բիլ Քլինթոն, Սերգեյ Բրին, Լարի Փեյջ, և այլն:

2006թ-ից սկսած՝ TED-ի ելույթների տեսագրությունները տեղադրվում են Ted.com կայքում: 2013թ-ի մայիսի տվյալներով՝ նման օնլայն տեղադրված ելույթների թիվն անցնում է 1500-ը: Միլիոնավոր մարդիկ են դիտում դրանք: Աշխարհի տարբեր ծայրերից կամավորների ջանքերով ելույթները թարգմանվում են տարբեր լեզուներով` օրինակ, հայերեն կամ ռուսերեն: Սակայն TED-ն արդեն դժվար է պարզապես միջոցառում անվանել: Դա մարդկանց համայնք է, որոնք ունեն միանման գծեր: Եվ այդ գծերից մի քանիսն են՝ նորարարություն, ստեղծարարություն, փոփոխություններ մտցնելու ձգտում: 2009թ-ից սկսած TED-ը թույլատրեց TED-անման անկախ միջոցառումների անցկացումը աշխարհի տարբեր երկրներում: Այդ միջոցառումները ստացան TEDx անվանումը: TEDx-ները կարող են անցկացվել տարբեր խմբերի կամ կազմակերպությունների կողմից, սակայն դրանք պետք է լինեն արտոնագրված TED-ի կողմից և պետք է համապատասխանեն որոշակի կանոնների: Օրինակ, ելույթների երկարությունը պետք է լինի մինչև 18 րոպե:

Սեպտեմբերի 14-ին Երևանում կանցկացվի TEDx Yerevan-ը: Երևանում այն անց է կացվում արդեն 4-րդ անգամ: Թե ովքեր են ելույթ ունենալու այս անգամ, կարող եք տեսնել այստեղ: Դուք նույնպես կարող եք ելույթ ունենալ՝ լրացնելով այս դիմումը մինչև սեպտեմբերի 7-ը: Իսկ մնացած մանրամասներին ծանոթացեք արդեն կայքում: Հուսով եմ բազմաթիվ ծանոթ/խելացի/հաճելի դեմքեր կտեսնենք միջոցառմանը 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»