Հաջողության գաղտնիքներ

Ինչպիսի՞ն եք դուք… Ո՛չ: Ինչ կարող եք դուք տալ մարդկանց

Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. հենց նոր կրակել են մի մարդու վրա, ում դուք աշխարհում ամենից շատն եք սիրում: Նա պառկած է փողոցում և արյունաքամ է լինում: Այդ պահին մոտենում է մի երիտասարդ և բացականչում. «մի կողմ անցե՛ք»: Նա սկսում է զննել ձեր սիրելիի վերքը, ապա գրպանից հանում է բժշկական դանակը և պատրաստվում վիրահատել նրան հենց փողոցի մեջտեղում:
— Դու բժիշկ ե՞ս, — հարցնում եք նրան:
— Ոչ, — պատասխանում է նա:
— Բայց դու գիտես, թե ինչ ես անում, այնպես չէ՞:
Այդ պահին տղան բորբոքվում է: Նա պատմում է, թե ինչ լավ մարդ է ինքը, թե որքան անկեղծ է, թե ինչպես երբեք չի ուշանում հանդիպումներից: Նա պատմում է, որ հիանալի որդի է, որ կյանքում բազմաթիվ հետաքրքրաշարժ հոբբիներ ունի և հպարտությամբ ավելացնում է, որ ինքը երբեք չի հայհոյում:
Դուք շփոթված եք.
— Իի՜նչ կապ ունի այդ ամենն այն բանի հետ, որ իմ սիրելին այստեղ պառկած արյունաքամ է լինում: Ինձ պետք է ինչ-որ մեկը, ով գիտի, թե ինչպես վիրահատել հրազենային վնասվածքները: Դու կարող ես դա, թեե՞ ոչ:
Այդ պահին ամբոխի միջից դուրս է գալիս մեկ այլ մարդ.
— Ինչո՞ւ ես այդքան մակերեսային մտածում և եսասիրաբար: Քեզ ինչ է, չե՞ն հետաքրքրում այս մարդու բոլոր այդ դրական հատկանիշները: Միթե՞ չլսեցիր, որ հենց նոր նա ասաց, որ երբեք չի մոռանում իր սիրած աղջկա ծննդյան օրը: Եվ այս ամենից հետո մի՞թե մեծ նշանակություն ունի կարողանում է նա վիրահատել, թե ոչ:
Դուք վեր եք թռնում, արյունոտ ձեռքերով բռնում եք նրա ուսերից և թափահարելով բղավում.
— Քոո՜ո ասած այդ հիմարություններից ինձ ոչ մի բան պետք չէ: Սա յուրահատուկ իրավիճակ է և ինձ պետք է մեկը, ով կկարողանա կանգնեցնել արյունահոսությունը, լսում եեե՞ս, դու՝ հիվանդ, տխմար արարած:

***

Անցնենք իրական կյանքին: Ամեն օր դուք գտնվում եք ճիշտ նույն իրավիճակում: Դուք այդ տղան եք՝ բժշկական դանակով, իսկ հասարակությունը՝ արյունաքամ լինող զոհը: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչու է հասարակությունը երբեմն ձեզանից խուսափում կամ ձեզ չի հարգում: Իմացեք, որ պատճառն այն է, որ հասարակությունը դա մարդիկ են, որոնց ինչ-որ բան պետք է: Նրանց պետք է տներ կառուցել, նրանց ուտելիք է պետք, զվարճանքներ, և այլն: Իսկ դուք, հենց ծնված օրվանից, հայտնվել եք արտակարգ իրավիճակի վայրում՝ բժշկական դանակը ձեռքներիդ: Այն պահին, երբ լույս աշխարհ եք գալիս, դուք դառնում եք համակարգի մի մասը, որը կառուցված է մարդկանց կարիքները հոգալու համար: Կամ դուք կենտրոնանում եք «մարդկանց կարիքները հասկանալու» խնդրի վրա և համապատասխան հմտություններ եք ձեռք բերում կամ աշխարհը հարվածում է ձեր ետևից և ասում, որ «դուք իրեն պետք չեք»: Եվ կարևոր չէ, թե որքան բարի եք դուք, քաղաքավարի կամ մեծահոգի: Միևնույն է, դուք կլինեք աղքատ, միայնակ, ձեզ դուրս կնետեն:

Սա ձեզ դաժա՞ն է թվում կամ պարզունակ: Իսկ սերն ու բարությունը.. Միթե՞ դրանք ոչինչ չեն նշանակում: Իհարկե նշանակում են, քանի դեռ դրանք հետևանքն են այն բանի, որ դուք մարդկանց համար ինչ-որ բան եք անում, որը նրանք չեն կարող ստանալ մեկ այլ տեղ:

Հատված ամերիկացի գրող Դեյվիդ Վոնգի հոդվածից:

P.S. Չնայած ես չեմ սիրում հոդվածներում բացասական տերմիններ օգտագործել կամ դաժան բաների մասին գրել, բայց Դեյվիդ Վոնգի այս հոդվածը հենց այդպես էլ կոչվում է՝ «5 դաժան իրականություններ, որոնք ձեզ ավելի լավը կդարձնեն»: Եվ ես համոզված եմ, որ հենց այդպես էլ կարող է լինել: Միայն թե փորձեք «առողջ» հասկանալ հոդվածի ողջ իմաստն ու կիրառել դա և՛ առօրյա կյանքում, և՛ մարդկանց հետ փոխհարաբերություններում, և՛ բիզնեսում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»