Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Բիզնես և ֆինանսներ

«Գենչի գենբուցու». ճապոնական բիզնեսի գաղտնիքները

«Գենչի գենբուցու» ճապոներենից նշանակում է «Գնա և նայիր ինքդ»: Սա մի մոտեցում է ճապոնական բիզնեսում, որը ենթադրում է, որ խնդիրը լուծելու համար պետք է անձամբ ներկա լինել տեղում: Սա տարբեր է ամերիկյան մոտեցումից, երբ խնդիրները հնարավոր է լուծել հեռավորության վրա: Այս մոտեցումն ընկած է ճապոնական Toyota ընկերության արտադրական համակարգի հիմքում: Սրա հետ կապված` «Դաո Տոյոտա» գրքի հեղինակ Ջեֆֆրի Լայքերը գրում է.

«Երբ Toyota ընկերությունում իմ վերցրած հարցազրույցների ժամանակ ես հարցնում էի, թե ինչով է տարբերվում կառավարման Toyota-ի մեթոդն այլ մեթոդներից և արդյոք գաղտնիքն ընկած է արտադրության, արտադրանքի մշակման, վաճառքների կամ լրատվամիջոցների հետ կապերի մեջ, ավելի հաճախ լսում էի հետևյալ պատասխանը. գենչի գենբուցու: Չի կարելի իրականում հասկանալ խնդիրը, քանի դեռ դուք սեփական աչքերով չեք տեսել, թե ինչումն է այն կայանում: Չի կարելի համարել ինչ-որ բան ակնհայտ կամ հիմնվել ուրիշ մարդկանց ասածների վրա»:

Որպես օրինակ եկեք վերցնենք Toyota Sienna մինիվենի 2004թ-ի մոդելի մշակումը: Toyota ընկերությունում ինժեներին, ով զբաղվում է մեքենայի նոր մոդելի մշակմամբ և ստեղծմամբ, անվանում են գլխավոր ինժեներ: Նա ղեկավարում է ողջ գործընթացը՝ սկսած մոդելի գծագրումից մինչև մեքենայի արտադրությունը: 2004թ-ի Sienna մոդելի մշակմամբ զբաղվում էր Յուդզի Յոկոյան: Նա աշխատանքի գրեթե ոչ մի փորձ չուներ Հյուսիսային Ամերիկայի շուկայում. շուկա, որի վրա կողմնորոշված էր Sienna-ն: Որպեսզի պարզի, թե ինչ են ուզում սպառողները, Յոկոյան կայացնում է համարձակ որոշում՝ անցնել ԱՄՆ բոլոր 50 նահանգներով և Կանադայի ու Մեքսիկայի ողջ տարածքով: Ընդհանուր առմամբ նա անցնում է 85000կմ: Փոքր բնակավայրերում և մեծ քաղաքներում Յոկոյան վարձակալում և վարում էր Sienna-ի վերջին մոդելը, շփվում էր մյուս վարորդների հետ և հետևում նրանց վարքին: Իր սեփական փորձից ելնելով՝ Յոկոյան սկսում է թեստավորել ենթադրությունն այն մասին, թե ինչ մինիվեն է պետք Հյուսիսային Ամերիկայի բնակիչներին:

Տոյոտա մինիվեն

Սովորաբար ընդունված է, որ ապրանքը վերջնական սպառողին վաճառելն ավելի հեշտ է, քան ընկերություններին. չէ՞ որ սպառողն ինքն է ընդունում վերջնական որոշումը, իսկ ընկերություններում կան բազմաթիվ ենթակառուցվածքներ և մարդիկ, որոնցից կախված է վաճառքի որոշումը: Յոկոյան նկատում է, որ երբ ամերիկացիները գնում են մինիվեն, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Մեքենան կարող է պատկանել ծնողներին կամ տատիկ-պապիկին, բայց շատ բան կախված է երեխաներից: Հենց երեխաներին է «պատկանում» մեքենայի 2/3-ը: Երեխաներն ամենապահանջկոտ հաճախորդներն են և ամենից շատ նրանք են գնահատում որակը: Իսկ դա նշանակում էր, որ նոր Sienna-ն պետք է դուր գա երեխաներին: Հենց այդ գաղափարն էլ ընկնում է նոր մոդելը կառուցելու հիմքում: Մասնավորապես, Յոկոյան մեծ ուշադրություն է դարձնում մեքենայի այն բաղադրիչներին, որոնցից կախված է ուղևորության հարմարավետությունը: Դրանք հատկապես կարևոր են, եթե երկար ուղևորության պատրաստվում է մեծ ընտանիք (նման ուղևորություններն Ամերիկայում ավելի տարածված են, քան Ճապոնիայում): Արդյունքներն արդարացնում են ակնկալիքները: Sienna-ի մասնաբաժինը շուկայում կտրուկ աճում է: 2004թ-ին վաճառքները 60%-ով ավելին էին, քան 2003թ-ին: Sienna-ն դառնում է նորարարությունների կիրառման դասական օրինակներից մեկը, որոնցով աչքի են ընկնում աշխարհի լավագույն ընկերությունները, որոնցից է Toyota-ն:

P.S.
Սթիվ Բլանկն իր գրքում գրում է. «Դուրս եկեք գրասենյակից, շփվեք սպառողների հետ, հասկացեք, թե ինչ են ուզում մարդիկ»: Ճապոնիայում սրան պարզապես կանվանեին… գենչի գենբուցու:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Շատ կարևոր է նաև, որ ճապոնական որևէ ընկերության աշխատակիցը իրավունք չունի որոշ ժամանակ անց դուրս գալ և աշխատել ճապոնական մեկ այլ ընկերությունում…. ճապոնական ընկերությունները կարծես մի մեծ ընտանիք լինեն՝ յուրաքանչյուրն իր աշխատելու յուրահատուկ մոտեցումներով և գաղտնիքներով 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»