Կրիպտոարժույթներ Հաջողության պատմություններ

Bitcoin. ինչպես նորվեգացին դարձավ միլիոնատեր

2009թ-ին նորվեգացի Կրիստոֆեր Կոխը աշխատում էր տվյալների կոդավորման հետ կապված իր թեզի վրա: Այդ ժամանակ, որպես օրինակ, նա ձեռք է բերում շուկայում նոր հայտնված bitcoin անունով թվային կրիպտո-արժույթի 5000 միավոր՝ վճարելով 150 կրոն ($26.6): Որոշ ժամանակ անց նա մոռանում է ձեռքբերման մասին և կրկին հիշում է դրա մասին 2013թ-ին, երբ հեռուստացույցով հանկարծ լսում է, որ տարիներ առաջ անհայտ bitcoin-ի մեկ միավորն արդեն արժե մոտ 177$: Հեշտ էր հասկանալ, որ իր մոտ ունեցած bitcoin-ների ընդհանուր արժողությունը փաստորեն կազմում էր $886 000: Կրիստոֆերը վաճառում է bitcoin-ների 1/5 մասը, գնում է 3 սենյականոց բնակարան Օսլոյի թանկարժեք թաղամասերից մեկում, իսկ թե ինչ է անում նա bitcoin-ների մյուս մասի հետ, կարծում եմ, արդեն մեր գործը չէ 🙂 Իսկ ավելի հետաքրքիր է այն, որ այսօր մեկ bitcoin-ն արժե մոտ $780 (կարող եք հետևել այստեղ):

Իսկ ի՞նչ է Bitcoin-ը

2008թ-ին համացանցում հայտնվում է գիտական աշխատություն՝ ստորագրված Սատոշի Նակամոտո անվամբ: Աշխատությունում Սատոշին ներկայացնում է թվային նոր արժույթի հետ կապված իր հայտնագործությունը, որի հիմքում ընկած են բարդ մաթեմաթիկական հաշվարկներ: Նա համացանցում ներկայացնում է թվային նոր կրիպտո-արժույթի գաղափարը, բացատրում է դրա աշխատանքը, գրառումներ է անում ֆորումներում՝ մինչև 2011թ-ը, երբ ֆորումներից մեկում անելով իր վերջին գրառումը՝ նա հանկարծակի կորում է: Թե ով է Սատոշի Նակամոտոն և կա այդպիսի մարդ իրականում, թե ոչ, տարբեր խոսակցություններ են պտտվում, քանի որ նրան ոչ ոք չի տեսել: Շատերի կարծիքով դա կեղծանուն է, մյուսներն էլ հավատում են, որ նման մարդ իրոք կա: Ամեն դեպքում այլ տեղեկություններ նրանից առայժմ չկան:

Կրկին վերադառնանք bitcoin-ին: Պատկերացրեք մաթեմաթիկական բարդ խնդիր, որը լուծելու համար անհրաժեշտ է կատարել վայրկյանում միլիոնավոր հաշվարկներ, իսկ խնդիրը կարող է լուծվել միայն երկար ժամանակ անց: Ինչպես գիտեք, նման հաշվարկներ կատարում է ցանկացած համակարգիչ, բայց համակարգչի ռեսուրսները սահմանափակ են. այն չի կարող միայնակ լուծել այդ խնդիրը: Եվ աշխարհի տարբեր ծայրերում միավորվում են միլիոնավոր համակարգիչներ, որպեսզի լուծեն մեկ ընդհանուր մաթեմաթիկական խնդիր: Յուրաքանչյուր համակարգիչ տալիս է իր ռեսուրսները՝ հզորությունը և ծախսված հոսանքը՝ աշխատելով ընդհանուր ցանցում որպես մի կտոր: Իսկ ռեսուրսների ծախսի դիմաց, ինչ-որ ժամանակ անց, մասնակիցը ստանում է թվային արժույթի միավորներ՝ bitcoin-ներ: Ցանցը չի հսկվում որևէ կառավարության, բանկի կամ այլ կառույցի կողմից: Այն կազմված է սովորական մարդկանցից և կազմակերպություններից, ովքեր ունեն համակարգիչ և միացված են համացանցին: Խնդիրն անվերջ չի լուծվելու. նախնական հաշվարկների համաձայն դա կլինի 2140թ-ին, որից հետո նոր bitcoin-ներ այլևս չեն արտադրվի, իսկ այդ պահի դրությամբ աշխարհում կլինեն մոտ 21 միլիոն bitcoin-ներ: Նշեմ միայն, որ bitcoin-ն այսօր որպես վճարման միջոց ընդունվում է հազարավոր օնլայն խանութներում, փոխարինվում է այլ՝ արդեն հայտնի արժույթներով, և դրա մասին որոշումներ են ընդունվում կառավարություններում:

Իրականում, այս հոդվածը ներածությունն էր, bitcoin-ի ստեղծման կարճ պատմությունը: Իսկ bitcoin-ի` որպես թվային արժույթի, դրա աշխատանքի սկզբունքի և այն մասին, թե ինչպես սովորական մարդիկ՝ այդ թվում նաև Դուք, կարող են bitcoin-ներ վաստակել, կպատմեմ հաջորդ հոդվածում՝ ավելի մանրամասն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»