Մարդկանց հետ շփում

Մարդկանց հետ շփման գաղտնիքը. կարմիր և կապույտ կետերի մասին

Մարդկանց հետ շփումը մեր ամենակարևոր ունակություններից է: Այն մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի ցանկացած ոլորտի վրա: Այդ պատճառով էլ ժամանակին այդքան շատ հոդվածներ ենք գրել այս թեմայով: Այսօր կգրեմ ևս մեկը:

Պատկերացրեք, որ ձեր շրջապատում կան մարդիկ, որոնց հետ դուք «լարված» հարաբերությունների մեջ եք: Օրինակ, կա մեկը, ումից խուսափում եք, կա մեկ այլ մարդ, ում միշտ ժպտում եք, բայց երբ ընկերների հետ եք, նրանից բողոքում եք: Կա ևս մեկը, ում հետ ժամանակին վիճել եք և այժմ չեք շփվում: Միգուցե կան նաև մարդիկ, ովքեր ձեզ նյարդայնացնում են: Նրանք կարող են հանդիպել ցանկացած տեղ, ցանկացած պահի: Այն մարդկանց, ում հետ շփումը ձեզ վրա ինչ-ինչ պատճառներով բացասական է ազդում, անվանենք կարմիր կետեր, մյուս բոլոր մարդկանց՝ կապույտ կետեր:

Որպեսզի մարդկանց հետ շփման հարցում դուք կատարելության հասնեք, ձեր կյանքում չպետք է լինեն կարմիր կետեր: Դա կախված է միայն ձեզանից: Երբ մեր կյանքում ինչ-որ կարմիր կետ է հայտնվում, սովորաբար մեզ թվում է, որ դրա պատճառը մենք չենք: Այսինքն, մենք մեզ համար հանգիստ ապրում էինք, ամեն ինչ ճիշտ էինք անում և հանկարծ հայտնվեց մեկը, ով մեր կյանքի բնականոն հունը շեղեց և սկսեց մեզ վրա բացասական ազդել: Ինչ-որ ժամանակ անց ավելացավ ևս մեկ կարմիր կետ: Կրկին մեղավորը մենք չենք: Ապա հաջորդը: Այս անգամ էլ մեղավորը մենք չենք: Հետո հասկանում ես, որ քո կյանքում կան բազմաթիվ կարմիր կետեր և երբ դուրս ես գալիս փողոց, հանդիպման ես գնում, աշխատանքի կամ ինչ-որ միջոցառման, այդ կարմիր կետերն անընդհատ հանդիպում են քեզ և ստեղծում լարված իրավիճակ, երբ դու քեզ զգում ես ոչ քո ափսեում:

Կարմիր կետերի հետ կապված իմ տեսակետը հետևյալն է. երբ մեր կյանքում կարմիր կետեր են հայտնվում, դրա հիմնական «մեղավորը» մենք ենք: Երբեմն մենք մեղավոր ենք ուղիղ իմաստով, երբեմն էլ «մեղավոր»՝ քանի որ թույլ տվեցինք, որ այդ կարմիր կետը հայտնվի՝ չնայած կարող էին զիջել, փորձել հասկանալ, մի խոսքով՝ ինչ-որ բան անել, բայց չարեցինք դա:

Հիշեք, որպեսզի ձեր կյանքում չլինեն կարմիր կետեր, բոլոր մարդկանց պետք է լավ վերաբերվել: Չպետք է ձեր ներսում պահեք մարդկանց հետ կապված բացասական զգացողություններ: Դա առաջին հերթին ձեզ է վնասում: Պետք է փորձեք հասկանալ մարդկանց: Երբ ձեր կյանքում կարմիր կետ է հայտնվում, պետք է ամեն ինչ անեք, որպեսզի այն դառնա կապույտ: Պետք է պատասխանատվությունը ձեզ վրա վերցնեք: Այստեղ նույնիսկ կարևոր չէ, թե ով է մեղավոր, կարևորը՝ ինչպես դա ուղղել:

Պատկերացրեք ռետինե գնդակ: Գնդակը հնարավոր է տարբեր կողմերից սուր իրով խոցել: Այդ դեպքում գնդակի վրա կհայտնվեն անցքեր: Եթե այդ անցքերը չվերականգնվեն, գնդակն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին նախկինում՝ լիարժեք, կլոր, գեղեցիկ: Այն կլինի խոցված գնդակ, որի վրա կան բազմաթիվ անցքեր: Իսկ երբ այդ անցքերը կարողանան իրենք իրենց վերականգնվել, ապա գնդակը կդառնա լիարժեք: Դա չի նշանակում, որ այն երբեք չի խոցվի: Պարզապես՝ ամեն խոցումից հետո գնդակն ինքն իրեն կվերականգնի:

Մարդկանց հետ շփման հարցում մենք նման ենք գնդակի: Երբ մեր շրջապատում կան մարդիկ, որոնց հետ մեր հարաբերությունները լարված են, դրանք անցքեր են մեր ներաշխարհում, իսկ մենք նման ենք խոցված գնդակի: Իսկ երբ մենք կարողանում ենք ամեն խոցումը հաղթահարել, վիրավորանքն ու լարվածությունը մեր ներսում երկար չպահել, ապա մենք վերականգնվում ենք և դառնում «լիարժեք գնդակ»: Մենք կարող ենք հանգիստ գլորվել, մեզ ոչինչ չի խանգարի, մենք կլինենք մեր ափսեում, քանի որ լավ ենք վերաբերվում բոլոր մարդկանց:

Այնպես որ, լարված հարաբերությունների դեպքում քայլեր ձեռնարկեք ինքներդ, վերականգնեք այդ հարաբերությունները: Փոխվեք ինքներդ: Մի թողեք, որ ձեր կյանքում լինեն կարմիր կետեր: Դժվար է, այնպես չէ՞: Մեկ խորհուրդ կտամ: Եթե ձեր կյանքում կարմիր կետ է հայտնվում և ուզում եք դարձնել այն կապույտ, համոզեք ինքներդ ձեզ, որ այդ մարդուն դուք սիրում եք, որ նա ձեզ հարազատ մարդ է: Ուղղակի մտքում պատկերացրեք դա: Մտքի ուժն ամենակարող է: Եթե դուք համոզեք ինքներդ ձեզ, որ այդ մարդուն սիրում եք, ձեր բոլոր քայլերն ու արարքները կլինեն այնպիսին, որ կարմիր կետը դառնա կապույտ: Դա հնարավոր է: Իմ կյանքում չկան կարմիր կետեր: Հուսով եմ՝ շուտով ձեր կյանքում նույնպես:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

  • Իսկ երբ քեզ են կարմիր համարում, նման մարդիկ բացասական էներգիա են փոխանցում և դրանից խուսափելը անհնար է, միակ բանը բացարձակ շփում չունենալն է 🙂

    • Մարիամ ջան, խուսափելը ժամանակավոր լուծում է, որը լրիվ համաձայն եմ, որ երբեմն ուղղակի անհրաժեշտ է 🙂 Իսկ երկարաժամկետ տեսանկյունից խնդիրները, իմ կարծիքով, պետք է լուծել:

      • Մարդը քո մասին ոչ թե վատ կարծիք ունի, այլ միգուցե նախանձում է, ոչնչով ոչ քեզ ոչ իրեն չես կարող օգնել :)հենց էտպիսի մարդիկ են ստիպում, որ փոխադարձ դու էլ չարանաս, միգուցե մենք նույնը մնանք, բայց իրենց բացասական էներգիան արդեն իսկ ազդում է

  • Ամեն ինչի հիմքում ընկած է հավատքը:
    Ես ինքս գործնական մարդ եմ:
    Իմ կյանքում շատ է օգնում Աստվածաշունչ կարդալը, հաջողության մասին էլ շատ եմ կարդում ու քննում: Բայց երբ գիտականորեն գրվածն ու հավատքով գրվածը իրար կողք եմ դնում, ու համեմատում, տեսնում եմ, որ գիտությունը շաատ թույլ է Աստծո զորության առաջ: Ինչ որ գիտականորեն մարդիկ նոր նոր են ապացուցում, դեռ 2000 տարի առաջ Հիսուսն էր ասում: ԵՎ շատ բաներ էլ կան գրված, որ դեռ չենք հասկանում, երևի դեռ այդքան չենք զարգացել, մի 2000 տարի էլ պետք է հասկանալու, ապացուցելու համար:
    Խաղաղություն բոլորիս սրտերին:

    Շնորհակալություն Հրաչ ջան հրաշալի հոդվածի համար, Ճիշտ ես մեր պայքարը մեր ներսում է, ոչ թե մեզանից դուրս: Եվ ինչքան շուտ հասկանանք, այդքան հետաքրքիր ու երջանիկ կլինի մեր հետագա կյանքը:

  • Բարև ձեզ, Հրաչ ջան:
    Այս օգտակար հոդվածը լի է հետաքրքիր մոտեցումներով, որոնք մեր ներաշխարհին նայելու ևս մեկ առիթ են դառնում: Այն արտահայտում է մարդկանց և ինքդ քեզ ներելու գաղափարը:
    Դժվար է ասել. ինչպե՞ս հասնել ներման գիտակցությանը, որը ներքին խաղաղություն է բերում: Խնդրի բարդությունը կախված է լուծման պարզությունից: Ի՞նչ կպատահի այն ոչխարին, ով կատաղի գայլին դադարի իր կյանքի «կարմիր կետը» համարելուց: Երբ վստահությունը նվազում է, աճում է զգուշավորության անհրաժեշտությունը:
    Այսուհանդերձ, մարդկանց սիրելու համար պետք է ներել նրանց: Ներումը ոչ թե մարդկանց սխալների մոռացումն է, այլ՝ նրանց էության ընդունումն այդ ամենով հանդերձ:
    Ակամա հիշեցի Սևակի խոսքերը.
    Ասում են, իբր, կապույտի վրա
    Ճանճեր չեն նստում:
    Լսու՞մ ես, Մարիա’մ,
    Ինձ ներս ու դրսից կապույտ հագցրու…

  • Հարգելի՛ս ձեր խոսքերի մեջ ճշմարտություն կա բայց իմ կյանքում պատահել է երբ փորձել եմ մարդկանց նկատմամբ նրբանկատ լինել իսկ նրանք դա չեն գնահատել ավելի շատ առիթավորվել են։Ու երբ որ մենք հայտնվում ենք ծանր իրավիճակում նրանք քիչ քիչ մեզանից հեռվանում են։ Կյանքն է այդպես հիմա այն դարն է, որ ոչ մեկին պետք է չվստահես ու չզիջես։

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»