Եթե պատերազմում հաղթած զինվորին հարցնես պատերազմից, գրեթե համոզված եմ` չես լսի իր դժվարություններից, անքուն գիշերներից ու վտանգներից, այլ հպարտության, քաջության ու հաղթանակի վեհության մասին կպատմի նա: Այդպես էլ ես կպատմեմ իմ վերելքի մասին դեպի Արարատ լեռան գագաթ:
Երազանքիս կատարմանն ուղղված փնտրտուքներում հանդիպեցի դեպի Արարատ կազմակերպվող արշավի մասին մի հայտարարության: Այդ պահից սկսած ես ունեցա ՆՊԱՏԱԿ: Հեռու էի վանում չկարողանալու, գագաթ չհասնելու, մրսելու, վնասվածք ստանալու ու բազմաթիվ այլ վախեր, որոնք այդքան սարսափեցնում էին հարազատներիս: Ողջ էությամբ պատրաստ էի նետվել դժվարությունների գիրկը, որոնք տեսականորեն սպասում էին ինձ, իսկ իրականում առիթ էին հանդիսանալու, որպեսզի սովորեմ գնահատել ինձ, առողջությունս, գնահատել ուժն ու կամքը:
Վերելքն իրականացնելու էինք Պատմական Հայաստանի կողմից: Խումբը (8 հոգի և «Արեւի» զբոսաշրջային ընկերության 2 առաջնորդները) օգոստոսի 1-ի գիշերը Երևանից ուղևորվեց Բայազետ: Մոտ երեք ամիս անհատապես և տարբեր լեռնային արշավներում մարզվելով՝ ֆիզիկապես պատրաստ էինք նման վերելքի: Հասցրել էինք միմյանց ճանաչել ու ընկերանալ, ինչը շատ կարևոր է վերելքների ժամանակ: Սակայն ամենակարևորն այն էր, որ մեզ միավորում էր միևնույն երազանքը: Դրա շնորհիվ էր, որ շուտով միասին լուսանկար էինք ունենալու Արարատի գագաթին:
Առաջին օրը Բայազետից ուղևորվեցինք լեռան ստորոտ (2200 մետր), որտեղից քայլ առ քայլ սկսվեց մեր՝ դեպի երազանք տանող դժվար, փոշոտ, քարքարոտ ճանապարհը, ինչպես բոլոր երազանքների ճանապարհներն են լինում: Այդ օրը լի է պայծառ հիշողություններով: Հասանք 3200 մետր բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը: Այստեղ ես ականատես եղա կյանքիս ամենագեղեցիկ մայրամուտին: Չեմ մոռանա նաև ինչպես հաջորդ առավոտյան դուրս եկա վրանից վայելելու արշալույսը՝ իմ Արարատի առաջին արշալույսը: Երկինքն այնպես խոստումնալից արևոտ էր, կարծես հատուկ սցենարով մեզ վատ եղանակ չէր սպասվում (թեպետ ձյուն էր կանխատեսվել, ինչը խմբից թաքցնում էին՝ ավելորդ խուճապից խուսափելու նպատակով): Քիչ անց հավաքվեցինք ու սկսեցինք շարժվել դեպի երկրորդ ճամբարը՝ 4200 մետր: Այդտեղ էլ սկսվեց իմ ներսի ու դրսի պատերազմը: Ես երբեք 4000 մետրից բարձր ոտք չէի դրել: Փաստորեն դա իմ առավելագույն սահմանն էր. այն քարը, որից այն կողմ ես դժվար թե այլևս կարողանայի բարձրանալ: Սակայն օրգանիզմը հնարավոր է վարժեցնել ամեն ինչի: Մոտ 8 ժամ մենք մնացինք այդ բարձրության վրա: Քնեցինք ցերեկը, իսկ գիշերը՝ ժամը 2-ին, արթնացանք իրականացնելու վերելքի ամենակարևոր հատվածը: Երկինքն այս անգամ էլ մեզ աստղերով ողջունեց: Կասկած չկար. առավելագույնը 5 ժամ և մենք գագաթում ենք:
Ձյունը կամաց-կամաց դադարեց: Խումբը՝ լապտերներով զինված, շարժվում ու շարժվում էր առաջ: Օգոստոսի 4: Լուսանում է, մեզ ողջունում է «փոքրիկ» Սիսը: Հետհայացք. Արարատի ստվերն իր մեծությամբ կարծես գրավել է երևացող ու չերևացող ողջ տարածքը, ինքն իրեն: Ստվերը րոպե առ րոպե փոքրանում է: Ցուրտ է: Խումբը, հասնելով հավերժական սառույցի հատվածին, հագնում է կատվիկները: Ոտք դնելով սառույցին՝ ես ինձ իսկական լեռնագնաց եմ երևակայում, իսկ նա հուսահատվելու, ոչ դրական մտածելու իրավունք պարզապես չունի: Այս պարագայում՝ գագաթ և վերջ:
Վերջին քայլերն են և ահա ԳԱԳԱԹԻՆ ԵՆՔ: Մեկը, ուրախությունից ցնցվելով, արտասվում է երեխայի պես, մյուսը Արագածից բերված քարն է դնում գագաթին, ինչ-որ մեկը սառույցին է հանձնում իր հաջորդ երազանքները, ոմանք լուսանկարվում են, իսկ ես խենթացածի պես վազվզում եմ, չեմ հասկանում ինչ է կատարվում ներսումս, ուզում եմ բռնել, հանկարծ արագ չանցնի այդ պահը, հաջորդ պահը… Գագաթում անցկացրած 45 րոպեն մի ամբողջ կյանք արժեր: Բարձունքների բարձունքն էր դա: Միանգամից 4 պետության տարածք է փռվում դիմացդ: Ափսոս, Երևանը մշուշի մեջ էր: Միշտ նայում էի սպիտակափառ գագաթին ու մտածում, որ մի օր էլ գագաթից կնայեմ Երևանին: Հիմա էլ նայում եմ սպիտակափառ գագաթին մի առանձնահատուկ զարմանքով՝ ես եղե՞լ եմ այնտեղ, թե իմ լավագույն երազն էր դա: Այս վերելքով միայն իմ երազանքը չէ, որ կատարվեց: Իմ աչքերով շատերն էին տեսնում:
Ոմանք ինձ ասում էին, որ Արարատը բարձրանալուց հետո կյանքն իր գույները միգուցե կորցնի, այլևս չլինի այն վեհությունը, որին փորձում ես ձգտել, ձգտել և ձգտել, բայց այդպես չեղավ: Արարատն իր ազդեցությունն ինձ վրա այլ կերպ թողեց. ավելի նպատակասլաց եմ դարձել, ավելի բնասեր, ավելի վառ ու գունեղ է կյանքը՝ իմ ներկա ու գալիք երազանքների պես: Սիրում եմ լեռները, սիրում եմ բարձրանալ: Սիրում եմ ոգեշնչել ու բարձրացնել ընկերոջս: Լեռներին լսել է պետք, նրանց դաստիարակությունն ընդունել է պետք:
Ձեր երազանքների ճանապարհն էլ դժվար է լինելու: Չհուսահատվեք երբեք, փորձեք, պայքարեք, փորձեք գտնել դեպի այն տանող թեկուզ մեկ ուղի ու մի շեղվեք դրանից:
Լավագույն վերելքներն առջևում են:
-…այլևս չլինի այն վեհությունը, որին փորձում ես ձգտել, ձգտել և ձգտել …
Այս խոսքերին ես էլ հավաատում մինչև քո գրածը կարդալը: Պաուլո Կոելյոյի “Ալքիմիկ”-ի մեջ ընթերցողին հավատացնում է, որ պետք չէ երազանքը իրականացնել, որ կյանքը անիմաստ չդառնա.. 🙂
Եթե երազանքը չիրականացնես, հենց այդ ժամանակ կյանքն ինչ-որ առումով անիմաստ կդառնա: Իրականացնելուց հետո նոր երազանք է պետք ուղղակի ունենալ, Լուսինի դեպքում՝ Կիլիմանջարոն նվաճելը 🙂
Դե Ալքիմիկը կարդալուց հետո մտածում էի, որ պետք չէ հասնել… ինչքանով որ ճիշտ եմ հիշում, հերոսը բարձրանում է այդ լեռը, հասնում իր երազանքին, ու երբ երազանքը կատարվում է, փշրվում է ամեն բան… այլևս չի լինում այն մեծ երազանքը ինչի համար անընդհատ դժվարություններ էր հաղթահարում, կյանքի գույները խամրում են…
Հաա, հասկացա Մարիամ ջան
Հրաչ ջան, էս մասին մի քիչ ավելի սթափ եմ մտածում, քան Էվերեստի 😀
Երազանքից երազանք պիտի անցնել ))) Իրականացումից իրականացում )))
Լուււււււււււււս, մինչև հիմա հիշում եմ էդ օրը, լավ մի անհամեստ հարց տամ, Էվերեստի մասին մտածել ես ???
Վահագ ջան, մտածել, միայն մտածել եմ 😀
Լուս ես շատ եմ ուզում, բայց բարձրության հիվանդություն ունեմ, թե չէ հաստատ կեթայի 😀 😀 😀
էդ արգելք չի, ակլիմատիզացիա կանցնես)
Լինի դա ՀՀ ամենաբարձր գագաթը`Արագածը,հայկական լեռնաշխարհի թագուհին` ԱՐԱՐԱՏ-ը,ցածրադիր Աֆրիկայի ամենաբարձր լեռը`Կիլիմանջարոն,թե աշխարհի ամենաբարձր կետը`Էմերեստը,մեկ է,դժվարություններ կան,ու շատ են…
Նպատակակետին հասնելուց հետո, առաջնային է դառնում զգացմունքայինը,ետ պահելով գիտակցությունը…. 😉
Շատ լավ ու հավեսով մատուցված հոդված էր. Շնորհակալություն 😉