Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հոգեբանություն

Հարմարավետության գոտուց դուրս. գիշերազգեստով ակումբ

Հեղինակ՝ Arakelyan

Մի օր, բոլորովին վերջերս, ես դադարեցի ձգտել հարմարավետության: Անհարմարավետությունը դարձավ ինձ համար պարարտ հող իմ ստեղծագործականության, ակտիվության, միջանձնային անկաշկանդ հարաբերությունների զարգացման համար: Անհարմարավետ իրավիճակում ես ոչ միայն ձգտում եմ գործել գիտակցորեն, այլև բնազդային և ենթագիտակցական մակարդակով օրգանիզմս հավաքում է իր ողջ ներուժը՝ ճնշող գործոններից ազատվելու համար: Դա մեր գոյատևումը երաշխավորող անխափան մեխանիզմ է:

Թե այս բլոգում, թե ինքնազարգացմանը նվիրված այլ ռեսուրսներում, ինձ համար առաջնային հետաքրքրություն էին ներկայացնում «հարմարավետության գոտու» և դրանից փախուստի հետ կապված բոլոր նյութերը: Բազմիցս կատարել եմ փորձեր հետևելու այդ նյութերի խորհուրդներին, սակայն մոտիվացիաս շուտ էր սպառվում, իսկ արդյունքները հարատև չէին լինում: Փորձեցի հասկանալ, թե ինչու չէր ստացվում հստակ փոփոխություններ կատարել և ինչ կարելի է այդ ուղղությամբ անել: Բայց սկզբում մի փոքր հետազոտեցի վարքս ներսիցս կառավարող անձնային բաղադրիչները:

Իմ ներսի տատիկը

Նա սիրում է հարմարավետություն, գերադասում է երեկոներն անցկացնել բազմոցին՝ թեյի ու լավ ֆիլմի ուղեկցությամբ: Նա չի սիրում երեկույթներ, աղմուկ, զուգվել-զարդարվել: Նա չի սիրում փոփոխություններ իր կյանքում, նրան բավարար է այն, ինչ կա: Նա հանգիստ է և ներդաշնակ: Եվ դա շատ լավ է:

Իմ ներսի մանուկը

Նա սիրում է խաղալ և այս նախադասությամբ կարելի էր ավարտել նրա բնութագիրը, սակայն ընթերցողին պատկերն ավելի տեսանելի դարձնելու համար փոքր ինչ մանրամասնեմ: Նրան հետաքրքիր է ամեն ինչ, ինչ նոր է, նա ցանկանում է զգալ, շոշափել, փորձել ամեն ինչ: Նա ստեղծագործ է, նա հանդուգն է, նրա համար չկան սահմանափակումներ: Նա գրեթե չգիտի, թե ինչ է վտանգը: Նա երկար չի մտածում հետևանքների մասին, նա ապրում է ներկա պահով: Նա զվարթ է և լի էներգիայով: Եվ դա նույնպես շատ լավ է:

Ես՝ որպես մեկ ամբողջություն

Սա մի բանաձև է, որը դարձավ հիմք մի համարձակ, բայց շատ օգտակար մի գաղափարի. ստեղծել մի միջավայր, մի խումբ, որտեղ անհատը կարող է «մարզվել»: Պատկերացրեք մի մարզիկի, ով մարզում է իր մկանները տարբեր վարժություններով և մարզասարքերով, այնուհետև ուսումնական մրցումներ է անցկացնում իր թիմակիցների հետ և այդ ամենը նրան օգնում է պատրաստված հանդես գալ բուն մրցույթում:
Մենք բոլորս կարիք ունենք մարզվելու, այս դեպքում՝ նաև հոգեբանական իմաստով: Մարզման կարիք ունեն մեր վարքային մոդելները, հուզական հակազդումները, այլ անձանց հետ կապը, մեր ստեղծագործական և վերլուծական ընդունակությունները, ինքներս մեզ հետ շփման և ընկալման կարողությունը: Ինքներդ ավելացրեք այն, ինչ պակասում է. հումորի զգացումը, խոսքի արվեստը, մարմնի լեզուն.. Ի՞նչը կօգներ մեզ դառնալ մեր լավագույն տարբերակը, ի՞նչ տաղանդներ են մեր մեջ նիրհում: Իմ նպատակն է ստեղծել այդ մարզումների հարթակը, ապահով և նպաստավոր միջավայր` զարգացնելու մեր ներսում եղածը և բացահայտելու նորը:

Ինչո՞ւ գիշերազգեստ («պիժամա»)

Ինձ համար «պիժաման» խորհրդանշում է առավելագույն հարմարավետություն, հանգստի լավագույն բաղադրիչ, երկրորդ մաշկ: Բայց այդ ամենը, երբ ես մենակ եմ` տանը: Իսկ մի պահ պատկերացրեք նույն գիշերազգեստով ես դուրս եմ գալիս տանից, գնում եմ աշխատանքի կամ ընկերներիս հետ հանդիպման: Ես անհեթեթ տեսք ունեմ և «ոչ հարմարավետ» եմ ինձ զգում, ես ամաչում եմ և տեղս չեմ գտնում: Հնարավո՞ր է համադրել այս երկու զգացողությունները՝ հարմարավետության և անհարմարավետության, մեկ վայրում: Խումբ մուտք գործելու հենց առաջին պահից հատել հարմարավետության սահմանը և լինել ազատ «այլ մարզումների» համար: Միևնույն ժամանակ լինել ապահով միջավայրում, քանի որ մյուս մասնակիցները նույնքան «մերկ» են, որքան դու:

Կարծում եմ` այո:

Շարունակելի..

Հեղինակի մասին

Arakelyan

Անձի փոխակերպումը իմ կյանքի մեծագույն մարտահրավերն է: Գերբնական է թե ինչպես է անհատը զարգանում` ձեռք բերելով նոր գիտելիք, նոր վարքային մոդել կամ նոր սովորույթ:
Իմ ուսումնասիրությունները նվիրված են մարդու ուղեղի պոտենցիալի բացահայտմանը և արդյունավետության բարձրացմանը:
Ներկայումս ծավալում եմ անձնային աճի մասնագետի և հոգեթերապևտի գործունեություն:
Բացի հոգեբանությունից ուսումնասիրում եմ նաև առողջ ապրելակերպը, մարդու ֆիզիկական, բանական և հոգևոր ներդաշնակության նվաճման ուղիները:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»