Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հեղինակային առակներ

Արքան ու նապաստակը. առակ

Մի անգամ արքան դուրս եկավ որսի: Տեսավ հեռվում վազող նապաստակին: Հանեց նետն ու պատրաստվում էր կրակել: Բայց երբ ձգեց լարը և պատրաստվում էր բաց թողնել նետը, նետը կպավ ձեռքին, իսկ ձեռքն անշարժացած մնաց նույն տեղում: Արքան փորձում էր ինչ-որ բան անել, բայց մարմինը կարծես անզգայացել էր: Հանկարծ նրա աչքերի առաջ նապաստակը սկսեց մեծանալ: Արքան թարթեց աչքերը, բայց դա երազ չէր. նապաստակը շարունակում էր մեծանալ: Նապաստակի մեջքը բացվեց, երևացին նրա ձեռքերն ու ոտքերը և նա մարդու պես ոտքի կանգնեց: Նա քայլեց դեպի արքան, իսկ արքան ապշած փորձում էր ինչ-որ բան անել, բայց մարմինն իրեն չէր ենթարկվում: Նապաստակը հասավ արքային և նրանց աչքերը հայտնվեցին դեմ դիմաց: Նապաստակի աչքերում արքան տեսավ իրեն և սարսափեց. դրանցում փոքրիկ նապաստակ էր երևում: Հանկարծ փոքրիկ նապաստակի վրա նետ սլացավ: Նա փորձում էր վազել, բայց ընկավ խոցված: Արքան ցավ զգաց: Նապաստակի աչքերում նա տեսավ իրեն՝ ձիու վրա նստած, իրեն ուղեկցող ձիավորների խրախճանքը, և աչքերը սկսեցին կամաց փակվել:

Երբ արքան բացեց աչքերը, նետը դեռ իր ձեռքում էր, իսկ հեռվում վազում էր փոքրիկ նապաստակը: Արքան օդ կրակեց, իսկ նապաստակն անհետացավ կանաչ խոտերի մեջ: Այդ օրվանից արքան ավելի իմաստուն դարձավ, քանի որ հայտնվեց նապաստակի մաշկի մեջ և տեսավ իրավիճակը նրա աչքերով: Դուք նույնպես, հարգելի Ընթերցող, կարողացեք տեսնել իրավիճակը դիմացինի աչքերով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»