Անձնային աճ

Մեզ ղեկավարում են մեր սովորությունները

Իրականում մեր կյանքը ղեկավարում են մեր սովորությունները: Եթե դուք ամեն առավոտ արթնանում եք ժամը 8-ին, պատրաստվում, որ ժամը 9-ին լինեք աշխատանքի վայրում, սովորության համաձայն նույն ճանապարհով և նույն տրանսպորտային միջոցով մեկնում եք աշխատանքի, աշխատում մինչև նույն ժամը, նույն ճանապարհով և նույն տրանսպորտային միջոցով վերադառնում եք, հեռուստացույցով դիտում նույն հաղորդումները նույն ժամերին, ապա ձեզ մոտ դա արդեն սովորություն է: Եվ կարևոր չէ` դա ձեր լավագույն ընտրությունն է, թե՞ ոչ, պարզապես դուք շարունակում եք անել այն, ինչ որոշակի պահից սկսած արել եք: Երբևէ՞ տեսել եք պտտանիվում վազող մկնիկի: Որքան նա վազում է, անիվն այնքան պտտվում է: Մկնիկը չի հասկանում, որ քանի դեռ կանգ չի առել և չի փոխել իր ուղղությունը, անիվը շարունակելու է պտտվել, և ինքը երբեք դուրս չի գա այդ շրջանից: Երբ մենք ապրում ենք մեր սովորությունների համաձայն, մենք նմանվում ենք պտտանիվում վազող մկնիկին: Շարունակելով անել այն, ինչ միշտ արել ենք՝ մենք անընդհատ պտտվելու ենք փակ շրջանում:

Սովորությունը սկսվում է առօրյա «մանրուքներից»

Ընկերներիցս մեկն անձնային աճի գծով թրեյներ է և վարում է հանրահայտ «Զարթուցիչ» թրեյնինգների շարքը: Իր թրեյնինգների ժամանակ նա սովորեցնում է, որ պետք չէ անընդհատ աշխատանքի գնալ նույն ճանապարհով, պետք է երբեմն փոխել երթուղին: Պետք է ուղեղին հնարավորություն տալ կտրվել հնից, թարմ զգացողություններ ստանալ: Եվ դա իրոք այդպես է: Նախքան սեփական գործով զբաղվելը ես յոթ տարի աշխատում էի նույն ընկերությունում (իմիջիայլոց, դա նույնպես սովորություն է, որի մասին դեռ կխոսենք): Տարիներ շարունակ ես աշխատանքի էի գնում տաքսիով` նույն ճանապարհով: Սկզբում աշխատանքի էի իջեցնում կնոջս, ապա շարունակում էի ճանապարհը: Մեքենայի մեջ անցկացված այդ քսան րոպեներն ամեն առավոտ կրկնվում էին: Ես անգիր էի արել բոլոր տեսարանները, որոնք հանդիպում էին ճանապարհին (բացառություն էր միայն Արարատ լեռը, որն ամեն առավոտ յուրահատուկ տեսք ուներ): Այդ քսան րոպեները ձանձրալի էին ուղեղի համար, ճիշտ այնպես, ինչպես ձեզ ձանձրալի կթվա հագուստը, եթե այն կրեք քսան օր անընդմեջ:

Թրեյնինգից հետո սկսեցի ուշադրություն դարձնել երթուղու վրա: Ժամանակ առ ժամանակ խնդրում էի վարորդին փոխել երթուղին՝ նոր ճանապարհով գնալ: Եվ չնայած այդ ճանապարհներն իրականում մեզ համար նոր չէին, բայց որքան հաճելի զգացողություններ էին առաջանում, երբ ամեն առավոտ տարբեր ճանապարհներով էինք գնում և թարմ տեսարաններ տեսնում: Այդպես մենք փոխեցինք միշտ նույն ճանապարհով աշխատանքի գնալու մեր սովորությունը:

Սովորության զոհը կարելի է դառնալ այնտեղ, որտեղ չեք սպասում

Ծանոթներիցս մեկը պատերազմի տարիներին հետախույզ է եղել: Նա պատմում է, որ երբ անցնում էր թշնամու թիկունք, երբեք նույն ճանապարհով չէր վերադառնում և երբեք նույն ճանապարհով երկրորդ անգամ չէր անցնում, քանի որ նրան կարող էին դարանակալել, և նա իր սովորությունների զոհը կդառնար: Հաճախ սովորությունների զոհ են դառնում նաև բանտի հսկիչները: Եթե երբևէ դիտել եք «փախուստ բանտից» թեմայով ֆիլմեր, կարծում եմ, ինձ կհասկանաք: Երբ որևէ բանտարկյալ պատրաստվում է բանտից փախչել, նա նախօրոք ամեն ինչ ուսումնասիրում է, և նման դեպքերում ամենից կարևորը հսկիչների սովորություններն են: Երկար ժամանակ բանտում աշխատող հսկիչների մոտ հաճախ ձևավորվում են սովորություններ` րոպեների ճշտությամբ: Նրանք ճիշտ նույն ժամին թողնում են պահակակետը, սուրճ խմում, զանգահարում կամ ծխում: Այսինքն` նրանք դառնում են կանխատեսելի, ինչից էլ օգտվում են փախուստ պլանավորողները:

Այդպիսին են սովորությունները, հարգելի ընթերցող: Դրանք կարող են վնասել կամ օգնել մեզ: Այն, ինչ մենք ստանում կամ կորցնում ենք կյանքում, հաճախ մեր սովորությունների արդյունք է: Որպեսզի ղեկավարենք մեր կյանքը, պետք է կարողանանք ղեկավարել մեր սովորությունները:

***

Հատված «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»