Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Անձնային աճ

7 նշան, որ ժամանակն է ձեր կյանքը փոխել

Հեղինակ՝ Մանե

Յուրաքանչյուր մարդ արժանի է երջանիկ և հաջողակ լինելու, ներդաշնակ կյանք ապրելու: Սակայն մեր ցանկությունները ոչ միշտ են համընկնում իրականության հետ, և ինչ-որ պահից սկսած մենք սկսում ենք ապրել ոչ այնպես, ինչպես պետք է: Եվ գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ մեր կյանքը պետք է փոխել: Ահա 7 նշաններ, որոնք ձեզ կհուշեն, որ այդ պահը եկել է:

1. Ավելի հաճախ դուք աշխատանքի եք գնում անհանգիստ

Օրվա և շաբաթվա մեծ մասը մենք անց ենք կացնում աշխատանքի վայրում: Անհանգստությունը կամ վախի զգացումը, որն առաջանում է, երբ դուք արթնանում եք՝ գիտակցելով, որ աշխատանքի պետք է գնաք, կամ հանգստյան օրերն են ավարտին մոտենում, հստակ նշան է, որ ինչ-որ բան այնպես չէ: Ժամանակ հատկացրեք պարզելու համար, թե ինչն է աշխատանքի վայրում ձեզ անհանգստացնում և ծրագիր կազմեք դա փոխելու համար:

2. Դուք ապրում եք միայն անցյալով կամ երազում ապագայի մասին

Երբ ձեր կենտրոնացման թիրախում անցյալի լավագույն ժամանակներն են կամ այն, թե ինչ կարող է լինել ապագայում, դա կարող է նշան լինել, որ դուք փորձում եք փախչել ներկայից: Իհարկե՝ երազելը լավ է: Սակայն դա նաև նշան է, որ ներկայում ինչ-որ բան այնպես չէ, ուստի դա ձեզ պետք է փոփոխությունների մղի:

3. Դուք անընդհատ լսում եք մարդկանցից, որ «ձեզ հանգիստ է անհրաժեշտ»

Եթե դուք պարբերաբար լսում եք նույն կոչը ընկերներից և ծանոթներից, ապա միգուցե ժամանակն է պարզելու, թե ինչ է դրա հետևում ընկած: «Քեզ հանգիստ է անհրաժեշտ»-ը մեր օրերում հնչում է որպես «Թող դա»: Ուստի, եթե լսում ենք դա կրկին և կրկին, ապա մտածեք. միգուցե՞ կառչել եք որևէ բանից, որ պետք է բաց թողնել:

4. Դուք նախանձում եք այլ մարդկանց հաջողություններին

Նախանձը՝ սեփական կյանքի հանդեպ դժգոհության նշան է, որը որևէ կապ չունի մյուսների ձեռքբերումների հետ: Դժվար է երջանիկ լինել այլ մարդկանց հաջողություններով, երբ մենք ասես խրված ենք սեփական կյանքի մեջ: Ժամանակն է հարցնելու ինքներս մեզ, թե ինչ է մեր նախանձը նշանակում:

5. Դուք արթնանում եք հոգնած

Անընդհատ հոգնած արթնանալն ինչ-որ բանից դժգոհ լինելու նշան է, և դա կարող է կապված լինել ոչ թե աշխատանքի, այլ կյանքի հետ ընդհանրապես: Դժվար է լիարժեք հանգստանալ, երբ մեր կյանքում անհանգստություն կամ զայրույթ կա: Երբ մենք ապրում ենք մշտական հոգնածության վիճակում, սովորաբար դա նշանակում է պայքար մեր կյանքում: Դա նաև նշանակում է, որ մենք հոգնել ենք պայքարից և պատրաստ ենք պարտությունն ընդունել: Հանձնվելու փոխարեն պարզեք, թե ինչ կարող եք դուք անել, որպեսզի կյանքը ներդաշնակ դարձնեք: Այն նախատեսված է երջանիկ, ոչ թե հոգնած ապրելու համար:

6. Բոլորն ասես Ձեզ նյարդայնացնում են

Երբ դուք անընդհատ սխալներ եք գտնում ուրիշների և այն բանի մեջ, թե ինչ են նրանք անում, դա ավելի շատ հուշում է, որ որոշակի խնդիրներ կան ձեր իսկ կյանքում: Խնդիրները կարող են ցանկացած բնույթի լինել, բայց սովորաբար դա ցույց է տալիս, որ դուք երջանիկ չեք:

7. Դուք անընդհատ կանխազգացումներ ունեք

Ինչ-որ վատ բանի սպասելը, ի վերջո, կհանգեցնի նրան, որ այդ վատ բանը կիրականանա: Երբ ձեր գլխին կոշիկ է ընկնում, դուք չպետք է սպասեք, որ մյուս կոշիկն էլ կընկնի: Դադարեք անհանգստանալ և կանխատեսումներով ապրել՝ փոխարենը կենտրոնանալով նրա վրա, թե ինչ եք անում հիմա:

Հիշեք՝ կյանքը հնարավոր է և հարկավոր է փոխել, եթե դուք զգում եք, որ «ձեր ափսեում չեք»: Բայց նաև պետք է գիտակցեք, որ միակ մարդը, ով պատասխանատու է դրա համար, դուք եք: Ուստի ինչ-որ բան պետք է սկսեք արդեն անել:

Հեղինակի մասին

Մանե

Մենք գործում ենք 2009 թ. ից: Մենք գրում ենք անձնային աճի մասին և ներկայացնում ենք «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»