Մարդկանց հետ շփում

Որքան կարևոր է ասել` «Ես քեզ սիրում եմ»

Ես քեզ սիրում եմ

2018 թ. ամռանը ընտանիքով գտնվում էինք մեր ամառանոցում: Ջրի խողովակ էր պայթել: Ես և մոտակա գյուղից հրավիրված վարպետը փորձում էինք կանգնեցնել ջրի հեղեղը: Երբ դա հաջողվեց, վարպետը սկսեց հին, ժանգոտված խողովակների փոխարինումը նորերով: Մոտ երկու ժամվա աշխատանք էր սպասվում:

Այդ ընթացքում երեխաներս խաղում էին երկրորդ հարկի բաց պատշգամբում, ինչ-որ խաղալիքներ էին գցում ցած, ապա «Պապա՛, պապա՛» գոռալով իմաց տալիս, որ դրանք նետեմ վեր: Ուրախանում էին, կրկին գցում ցած, ճաղերի արանքից ձեռքերը պարզած՝ փորձում խաղալիքները օդում բռնել: Մոտ քսան րոպե անցավ:
«Պապա՛, ես քեզ սիրում եմ». հանկարծ վերևից լսվեց երեք տարեկան որդուս ուրախ ճիչը: Վարպետի դեմքին փոքր-ինչ ամոթխածության և ուրախության խառնուրդ հայտնվեց: «Երեխաները հրաշք են»,- ժպտալով ասաց նա: «Ինչ կարևոր է երեխաներին մանկուց սովորեցնել այդ երեք բառերը». ուրախությունս զսպելով մտածեցի ես:

Մեր չորս հոգանոց ընտանիքում «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը օրական տասնյակ անգամներ կարելի է լսել: Մենք ասում ենք դա իրար, երեխաներին և անում դա նրանց գոյության առաջին օրերից: Նրանք մեծանում են և կրկին ու կրկին լսում այդ բառերը: Երբ տղաս սկսեց խոսել, որոշ ժամանակ անց ինքն էլ հաճույքով և առանց դժվարության արտաբերում էր. «Մամա, ես քեզ սիրում եմ», «Պապա, ես քեզ սիրում եմ»: Դա ասելը նրա համար դառել էր մի բան, ինչը սովորական է, դժվար չէ, անկեղծ է, ուրախությունը արտահայտելու միջոց է:

Շատ կարևոր է երեխաներին ամենափոքր տարիքից ասել և իրենց էլ սովորեցնել ասել՝ «Ես քեզ սիրում եմ»: Ոչինչ չի կարող այդքան էներգիա և զգացմունք փոխանցել, որքան այդ երեք բառերը: Շատերին դա կաշկանդում է, շատ ընտանիքներում սերը կարծես թաքնված է մնում, խոսքերը՝ չասված, և միայն այն պատճառով, որ դրա հիմքը չի դրվել մանուկ հասակում: Լիակատար ազատություն ես զգում, երբ անկաշկանդ կարող ես արտահայտել այն, ինչ զգում ես: Դա առողջ, ամուր հարաբերություններ, երջանիկ ընտանիք ստեղծելու անփոխարինելի օգնական է: Երեխաները, այդ երեք բառերի ազդեցության տակ, այլ կերպ են մեծանում, նրանց գիտակցությունն այլ է լինում:

Ինձ համար շատ կարևոր է գրել այս հոդվածը, քանի որ գիտակցում եմ, որ դա բացակայում է հայկական շատ ընտանիքներում: Սակայն այդ արտահայտությունն անելը մի բան է, ինչն անկրկնելի է, շատ չի լինում և երջանկությունը միայն ավելացնում է: Սովորություն դարձրեք մտցնել այդ երեք բառերը ձեր առօրյա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»