Մտորումներ

Ինչու ես չեմ սիրում լուսանկարվել

Լուսանկարներ

Մենք լուսանկարում ենք մեր կյանքի լավագույն պահերը, որպեսզի հետո հիշենք դրանք: Ես չեմ սիրում լուսանկարվել, քանի որ այդպես շեղում ես կենտրոնացումը տվյալ ակնթարթը լիարժեք ապրելուց: Օրվա մեջ 15 նկարը առնվազն մեկ ժամ շեղում է քեզ զգալու այն, ինչ տեղի է ունենում հենց հիմա, հենց այստեղ: Իսկ կյանքն իրականում ոչ թե լուսանկարներն են, այլ այն, ինչ տեղի է ունենում հենց հիմա, հենց այստեղ:

Կյանքի լավագույն պահերը պետք է միշտ առջևում լինեն, այլ ոչ թե անցյալում՝ լուսանկարների տեսքով: Նախորդ տարվա ճանապարհորդության մասին հիշողությունները չպետք է ձեր ժպտալու գլխավոր պատճառը լինեն. այդպիսի ճանապարհորդությունները պետք է միշտ առջևում լինեն: Այն, թե ինչ եք դուք անում այսօր, որոշում է այն, թե որքան եք դուք ժպտալու վաղը: Այն, թե որքան պատրաստ եք բավարարված լինել ներկայով, որոշում է այն, թե որքան քիչ կամ շատ բան է ձեզ պետք երջանիկ լինելու համար, որքան դուք կախում ունեք արտաքին հանգամանքներից, այլ ոչ թե ներքին հոգեվիճակից:

Իմ կյանքի լավագույն լուսանկարները նրանք են, որոնք «լուսանկարում» են իմ աչքերը տվյալ պահին: Ինձ պետք չէ լուսանկարներ պահել, քանի որ աչքերս անընդհատ ավելի հետաքրքիր, ավելի գեղեցիկ տեսարաններ են փնտրում և գտնում: Եթե լավագույն լուսանկարներն անցյալում լինեն, ուրեմն կյանքն ինչ-որ առումով անկում է ապրում: Լուսանկարչական ալբոմը ինձ ոչ թե հաճույք է պատճառում, այլ հիշեցնում է այն մասին, որ անցյալն ավելի լավ է եղել, քան ներկան: Դա ինձ չի ոգևորում: Անկախ նրանից, թե ինչ է կյանքում տեղի ունենում, լավագույն լուսանկարները պետք է միշտ առջևում լինեն, և այդ դեպքում անիմաստ է հները պահել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»