Անձնային աճ

Կյանքում փոփոխություններ մտցնելու աշխատող մեթոդ

Փոխիր կյանքդ

Մարդիկ փոփոխությունների կենսական անհրաժեշտություն ունեն: Այն մարդը, ում՝ շաբաթվա բոլոր օրերը միանման են, սթրեսի մեջ ընկնելու կամ մելամաղձոտ վիճակում հայտնվելու մեծ հավանականություն ունի: Հաճախ մարդիկ, ովքեր չեն կարողանում փոփոխություններ մտցնել իրենց կյանքում, փոփոխություններ են մտցնում իրենց արտաքինում՝ հույս ունենալով, որ դա փոփոխություններ կմտցնի իրենց կյանքում: Բանտում հայտնված մարդու հիմնական դժվարություններից մեկն այն է, որ չկան փոփոխություններ, օրերը միանման են անցնում: Շատերը, ովքեր նոր բիզնես են սկսում, արագ հանձնվում են, երբ փոփոխություններ չեն տեսնում: Փոփոխությունների ակնկալիքով ենք մենք ճանապարհորդում, փոփոխություններ ենք մենք պետությունից սպասում, նույնիսկ եղանակի փոփոխություններն են մեր կյանքն ավելի հետաքրքիր դարձնում:

Եթե վերադառնանք նեղ անձնական կյանքին, ապա մի մեթոդ կա, որը պարտադիր փոփոխություններ կմտցնի Ձեր կյանքում՝ անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում, ինչ տրամադրություն ունեք կամ ինչ արդյունքներ եք գրանցում: Այդ մեթոդը Ձեզ այն զգացողությունները կպարգևի, որոնք Դուք ունենում եք, երբ նոր ֆիլմ եք դիտում: Այդ մեթոդը հասանելի է բոլորին, այդ մեթոդը շատերի կյանքն է փոխել, սակայն այդ մեթոդն այնքան պարզունակ է, որ մարդիկ դրան ուշադրություն չեն դարձնում: Այդ մեթոդը նկարագրվում է հետևյալ հինգ բառերով՝ ամեն օր նոր բան սովորիր:

Մեր կյանքը հետաքրքիր են դարձնում ոչ միայն ֆիզիկական փոփոխությունները, այլև փոփոխությունները, որոնք կատարվում են մեր ներսում: Այդ պատճառով ենք մենք հետաքրքրությամբ նորություններին հետևում, ֆիլմ դիտում, գիրք կարդում, երաժշտություն լսում: Երբ մարդու համար ձանձրալի է, նշանակում է՝ փոփոխություններ չեն կատարվում նրա ներսում, նշանակում է՝ նա նոր բան չի սովորում: Մարդուն, ով նոր բան է սովորում, չի կարող ձանձրալի լինել: Կարող է ձանձրալի լինել, եթե նա նոր բան է սովորում շաբաթը մեկ անգամ կամ ավելի ուշ: Իսկ նա, ով ամեն օր նոր բան է սովորում, փոփոխությունների պակաս չի զգում:

Ընտրեք այն ոլորտը, որը Ձեզ համար կարևոր է՝ հոգեբանություն, կենսաբանություն, անձնային աճ, ինովացիա կամ բիզնես: Օրվա ընթացքում նշանակեք երկու ժամ, որոնց ընթացքում Դուք այլ բանով չեք զբաղվում, միայն նոր բան եք սովորում: Մեկ ամիս շարունակ այդ գրաֆիկով շարժվեք: Հավատացեք՝ Ձեր տրամադրության, զգացողությունների, վստահության մեջ փոփոխություններ կլինեն: Շարունակեք այդ գրաֆիկով մեկ տարի շարժվել՝ փոփոխություններ կլինեն Ձեր կյանքում: Ես երբեք չեմ գրում այն, ինչն անձամբ չեմ փորձում: Դարձրեք Ձեր կյանքը հետաքրքիր՝ անկախ տարիքից, փոխեք Ձեր կյանքը՝ ամեն օր երկու ժամ նոր բան սովորելով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»