Առողջ ապրելակերպ Օգտակար խորհուրդներ

Ճիշտ սննդակարգ. 3 պարզ փուլեր

Շատ կարևոր է հետևելը, թե ինչով ենք սնվում օրվա ընթացքում: Մենք սկսում ենք առավոտը մեկ բաժակ սուրճով, չենք նախաճաշում, իսկ եթե նույնիսկ նախաճաշում ենք, ապա նախաճաշը բաղկացած է հացից, երշիկեղենից և քաղցրավենիքներից: Իսկ հետո զարմանում ենք, թե ինչու ենք օրվա ընթացքում հոգնածություն զգում, հեշտ կորցնում կոնցենտրացիան կամ չենք կարողանում կենտրոնանալ: Իսկ որպես բոլոր խնդիրների լուծում, խմում ենք ևս մեկ բաժակ սուրճ կամ տորթի մեկ կտոր ենք ուտում, և, իսկապես, բոլոր խնդիրները հրաշքով լուծվում են: Լուծվում են, բայց ընդամենը 30-60 րոպեով, և ահա կրկին բախվում ենք նույն խնդրին: Եվ այսպես ամեն օր: Մենք նմանվում ենք բենզինի փոխարեն ջրով լիցքավորված մեքենայի:

Փոխելով սննդակարգը՝ կարելի է ոչ միայն ազատվել վերոնշյալ խնդրից, այլև մի շարք այլ առողջական, ֆիզիկական և մտավոր խնդիրներից, ինչպիսիք են ճարպակալումը, ոչ կայուն հիշողությունը և թույլ ֆիզիկական վիճակը: Ես ինքս այս ամենը զգացել եմ իմ սեփական օրգանիզմի վրա:

Կարող է թվալ, թե ճիշտ սննդակարգի անցնելու համար շատ գումար է հարկավոր, և որ ամեն մարդ չէ, որ կարող է իրեն թույլ տալ ճիշտ սնվել: Սակայն ամենաօգտակար սնունդը հիմնականում նաև ամենաէժանն է: Այնպես որ ճիշտ սննդակարգի անցնելու համար պետք է ցանկություն և ժամանակ, ոչինչ միանգամից չի լինում:

Ճիշտ սննդակարգի անցնելու համար կնշեմ 3 պարզ փուլեր, որոնցից յուրաքանչյուը կպահանջի երկու շաբաթից մինչև մեկ ամիս ժամանակ: Անգամ առաջին փուլը հաղթահարելուց հետո դուք կզգաք ահռելի փոփոխություններ ձեր կյանքում, և կզարմանաք, թե որտեղից ձեզ այսքան էներգիա: Պետք չէ բաց թողնել փուլերից որևէ մեկը կամ աշխատել 3-ի վրա միաժամանակ: Պետք է հետևել հերթականությանը և զինվել համբերությամբ:

Փուլ 1. Սննդային աղբ

Սկզբում պետք է սննդակարգից վերացնենք ողջ աղբը: Մոռանում ենք բոլոր տեսակ քաղցրավենիքների մասին: Այո, առանց քաղցրավենիքների նույնպես կարելի է ապրել: Քաղցրավենիքները փոխարինում ենք մրգերով, բանջարեղեններով և հատապտուղներով: Հրաժարվում ենք այդքան հարմար և սիրելի արագ սնուցման կետերում պատրաստված բոլոր տեսակի ուտելիքներից: Վերացնում ենք սպիտակ ալյուրից պատրաստված մթերքները, այդ թվում նաև հացը: Դե իսկ երշիկեղենը և տարատեսակ գազավորված, չգազավորված և բնական ըմպելիքների մասին անգամ խոսել պետք չէ, դրանք որևէ կապ չունեն ճիշտ սննդակարգի հետ: Խմում ենք միայն ջուր՝ չգազավորված և մաքուր ջուր:

Փուլ 2. Ջուր

Ոչինչ չխախտելով, երբ արդեն վերացրել ենք ողջ սննդային աղբը մեր սննդակարգից, անցնում ենք 2-րդ փուլին: Հարկավոր է օրվա ընթացքում խմել նվազագույնը 2 լիտր ջուր, ցանկալի է 2-3 լիտր: Արդեն 2-րդ փուլում կնկատվի զգալի ճարպային կորուստ, ձեր քաշը կնվազի ճարպ կորցնելու հաշվին: Դե իսկ ջրի օգտագործումը կարագացնի այդ գործընթացը:

Փուլ 3. Սնվելու ռեժիմ

2-րդ փուլը հաղթահարելուց հետո պետք է հետևել հստակ սնվելու ռեժիմի: Պետք է առանձնացնել նախաճաշ, ճաշ և ընթրիք: Բավական է օրվա ընթացքում ուտել 3-4 անգամ, և շատ կարևոր է սնունդ ընդունելուց հետո 4 ժամվա ընթացքում ոչինչ չուտել (միայն ջուր խմել): Դուք կզգաք սովածություն, և դա լավ է: Պարզապես ջուր խմեք, երբ սովածություն կզգաք:

Ամփոփում

Այսպիսով այս 3 փուլերը հաղթահարելուց հետո դուք ամբողջովին նոր մարդ կդառնաք: Կլավանա ձեր ինքնազգացողությունը, ուղեղի աշխատանքը, կենտրոնանալու կարողությունը, էներգիան, կազատվեք մի շարք առողջական խնդիրներից և իհարկե ավելորդ քաշից: Դե ինչ, այդքան էլ բարդ չէ ճիշտ սննդակարգին անցնելը, պարզապես հարկավոր է ցանկություն և համբերություն:

Հեղինակի մասին

Կիմ Դուրգարյան

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»